Թափանցիկ աշխատելաոճի մասին մշտապես բարձրաձայնող իշխանությունները շարունակում են որոշ քայլեր գաղտնի իրականացնել: Մասնավորապես, կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր չզեկուցվող մի հարց, որով վարչապետի աշխատակազմին գումար է հատկացվելու եւ այն էլ գաղտնի:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի «1136. ՀՀ Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի շրջանակներում «11016. Նախորդ տարիների պարտավորությունների մարման նպատակով աջակցության տրամադրում» միջոցառման իրականացման նպատակով նախագծով նախատեսվում է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում: Սակայն թե կոնկրետ ինչ լիազորությունների մասին է խոսքը, մանրամասն տեղեկատվություն առկա չէ եւ համարված է գաղտնի:
Իսկ առհասարակ կառավարության այսօրվա նիստում ընդգրկված 26 հարցերից միայն երկուսն էր զեկուցվող, այսինքն շատ նածագծեր, այն էլ հաճախ կարեւորություն ներկայացնող, այս կառավարությունն անցկացնում է գաղտնի կերպով:
Կառավարության նախորդ նիստերից մեկում էլ չզեկուցվող նախագծով՝ պահուստային ֆոնդից Ազգային անվտանգության ծառայությանը 570 մլն 978 հազար դրամ է փոխանցվել` կառույցի առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները կազմակերպելու հիմնավորմամբ։ ԱԱԾ-ն կես միլիարդ դրամով, ըստ որոշման նախագծի, ձեռք է բերելու հետախուզության համար անհրաժեշտ սարքավորումներ, հագուստ, սնունդ, կենցաղային տեխնիկա և այլն։ Նշյալ 570 մլն դրամից 210 մլն դրամն ԱԱԾ֊ի տնտեսումներն են, որը վերադարձվել է պետբյուջե և կրկին վերադարձվում է հատուկ ծառայությանը։ Նկատենք, որ գործադիրը պարբերաբար խոշոր գումարներ է հատկացնում այս կամ այն գերատեսչությանը՝ չզեկուցվող նախագծերով։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.