ArmLur.am-ի խմբագրությունն այսօր ահազանգեր էր ստացել, որ խանութներում հնարավոր չէ պարկով շաքարավազ գնել եւ գնորդներին առաջարկվում է բավարարվել մի քանի կիլոգրամ շաքարավազ գնելով:
Նկատենք, որ այս խնդիրն ավելի շատ առկա է փոքր խանութների պարագայում եւ այստեղ լիազորություն չունի եւ չի կարող ուսումնասիրություն իրականացնել Տնտեսական մրցակության պաշտպանության հանձնաժողովը: ArmLur.am-ն այսօր շրջեց Երեւանի կենտրոնի մի քանի սուպերմարկետներում, որտեղ նման խնդիր այս պահին առկա չէր, սակայն փոքր խանութների գնորդները բախվում են նման խնդրի:
Պարզվում է՝ պատճառը ներկրումներն են, որոնք չեն կարողանում ըստ պատշաճի իրականացվել, եւ խանութները բախվում են մի իրավիճակի, երբ շաքարավազի դեֆիցիտ է առաջանում: ՊԵԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ը Հայաստան շաքարավազ ներկրող ընկերությունները 83 են, այսինքն՝ 83 ընկերություն Հայաստան շաքարավազ է ներկրում, բայց, չնայած սրան, շաքարավազի մեկ կիլոգրամի արժեքը խանութներում, սուպերմարկետներում հասնում է, անգամ անցնում է 400 դրամը: Նկատենք՝ հուլիս ամսին հանձնաժողովը պարզաբանում էր ներկայացրել, թե հուլիսին կգ-ով վաճառվող շաքարավազի 1 կգ-ի գինը շուրջ 20 դրամով նվազել է և կազմում է շուրջ 370 դրամ, սակայն ամիսներ անց կրկին նույն իրավիճակին ու դեֆիցիտին ենք բախվում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան