Նախորդ տարի Հայաստանում պատվաստանյութերի համար չկային սառնարանային պայմաններ, սակայն վերջին ամիսներին դրանք համալրվել են:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»–ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այս պահին երկիրն արդեն պատրաստ է սառցային շղթա պահանջող պատվաստանյութերի ընդունմանն ու բաշխմանը: Նման պատվաստանյութերի թվին է պատկանում, օրինակ, Pfizer-ի պրեպարատը: Կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութեր Հայաստանում լինելու են, բայց կոնկրետ ժամանակահատվածները դեռ հայտնի չեն»,- ասաց Ավանեսյանը՝ ավելացնելով, որ մարդիկ մեր երկրում այժմ ավելի շատ են տեղեկացված պատվաստանյութերի մասին:
«Նրանք տեսնում են, որ իրենց աշխատակիցը, հարևանը, բարեկամը պատվաստվում են, և նրանց ոչինչ չի պատահում»,- նշեց նախարարը՝ նկատելով, որ մարդկանց մոտ վստահությունը բարձրանում է: