Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եթե Հայաստանը դրական քայլեր անի՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա։
«Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո այդ ուղղությամբ առաջընթացի համար նոր հնարավորություններ են ստեղծվել»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից։ «Մենք այդ ազդակները կգնահատենք եւ այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանենք», – ասաց գործադիրի ղեկավարը։
Թուրքիայի նախագահը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ տարածաշրջանում խաղաղության առումով Թուրքիայի կողմից դրական ազդակներ կան, ասել է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը։
Էրդողանն ասել է, որ տարածաշրջանին կառուցողական մոտեցում է պետք՝ նշելով, որ ոչ վաղ անցյալի պատմությունը չպետք է թշնամանքի աղբյուր լինի, եւ կառուցողական քայլեր պետք է ձեռնարկվեն կայուն խաղաղության եւ համակեցության համար: «Միակողմանի մեղադրանքների փոխարեն պետք է գերակշռեն հեռանկարային, իրատեսական մոտեցումները: Մենք կարող ենք աշխատել աստիճանաբար կարգավորել մեր հարաբերությունները Հայաստանի կառավարության հետ, որը հայտարարել է, որ պատրաստ է շարժվել այս ուղղությամբ: Այժմ մենք պետք է խաղաղությունն ու կայունությունը դարձնենք մշտական, եւ պայմաններ ապահովենք տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային համագործակցության համար: Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարեւանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականությունը եւ սուվերենությունը հարգելու հիման վրա»,- ասել է Էրդողանը։
«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանին՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանի հետ: Կառավարության վերջին նիստում վարչապետը նշել էր, թե դրական ազդակներ է ստանում Թուրքիայի կողմից:
-Պարո՛ն Խուդավերդյան, մի քանի օր է՝ Հայաստանում քննարկվում են Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունները եւ ՀՀ վարչապետի պատասխանն այդ ամենին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Էրդողանը հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնք, ըստ ինձ, նույն նախապայմաններն են: Թուրքիան դրանք դնում է շուրջ 30 տարի: Նախ՝ Թուրքիան նշում է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար պետք է Հայաստանը ճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, այնուհետեւ համաձայնություն տեղի ունենա Ցեղասպանության հարցի շուրջ, եւ միայն այդքանից հետո Թուրքկան կհամաձայնի Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Իր հերթին վարչապետն ասում է, թե դրական ազդակներ է ստացել Թուրքիայի կողմից, ինչն անհասկանալի է:
-Այսինքն՝ որպես այդպիսին, նոր իրավիճակ չունե՞նք:
-Այո, այս անգամ էլ բացառություն չէ, եւ Թուրքիան իր նախապայմանները շարունակում է: Իհարկե, նորություն չկա, հայ-ադրբեջանական սահմանին դեռեւս լարված իրավիճակ է, կրակոցներ, դեռեւս սահմանները ճշգրտված չեն, եւ այս իրավիճակում խոսել բարիդրացիական հարաբերությունների հաստատումից մոտալուտ ապագայում, տեղին չէ, քանզի հիմնական հարցերն ու հիմնական վեճերը, որոնք գոյություն ունեն Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, դեռեւս իրենց լուծումը չեն ստացել:
-Կարծես թե հայ-ադրբեջանական սահմանին ընթացող դեպքերի մասով Թուրքիան պասիվ է, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ հենց նա էր, այսպես ասած, գլխավոր հերոսը: Ինչո՞վ կբացատրեք այդ փոփոխությունը:
-Թուրքիայի ակտիվությունը միշտ եղել է, եւ նրանք միշտ աջակցում են ադրբեջանական կողմին, եւ կարող ենք ասել, որ հայ-ադրբեջանական լարված հարաբերություններում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, եւ դա կարող է լինել տարբեր ձեւերով՝ լինի դա զենքի աջակցութուն, վաճառք կամ մասնագետների աջակցություն: Այս առումով Թուրքիան միշտ ներգրավված է եղել, եւ կարող ենք ասել, որ հայ-ադրբեջանական սահմանին եթե կա լարվածություն, ապա Թուրքիան այդ հարցում աջակցում է Ադրբեջանին:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին այս տարի հաճախ կարելի է տեսնել միջադեպերի կիզակետում: Ամենավերջին օրինակը խորհրդարանում թեժ ծեծկռտուքին մասնակցելն էր: Ընդհանուր իրարանցման մեջ նա հետ չէր մնում իր մյուս գործընկերներից եւ ակտիվ մասնակցում էր ընդդիմադիր պատգամավորների հանդեպ իրականացվող հաշվեհարդարին: Սիսակ Գաբրիելյանը մեկ անգամ եւս աչքի էր ընկել արդեն ցուցարարների հետ ծեծկռտուքի դեպքով, որը տեղի էր ունեցել խորհրդարանի Դեմիրճյան մուտքի դիմաց: Նրա ուղղությամբ ձվեր էին նետել, որն էլ դարձել էր թեժ վիճաբանության պատճառ՝ ուղեկցվելով բազմաթիվ հայհոյանքներով: Այսպիսով, ՔՊ-ի պատգամավորը սիրում է գտնվել վեճերի կիզակետում:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոռացավ Գեղամասար խոշորոցված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանին տարիներ առաջ Գեղարքունիքի մարզում որպես օրինակելի գյուղապետ ներկայացնելու հայտարարությունը եւ այսօր այդ օրինակելի համայնքի ղեկավարին վախեցնելու համար Ազգային անվտանգության ծառայությանն է ուղարկում նրա հետեւից: Դեռես 2018 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գնացել էր Գեղարքունիքի մարզ եւ մարզպետարանի նիստերի դահլիճում մարզի համայնքների ղեկավարների ու մարզի այլ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, որպես սեփական քրտինքով, զրոյից մինչեւ բարեկեցության հասնելու օրինակ, ներկայացրել էր Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանին: 2 տարի անց՝ սեպտեմբերի 27-ին, սկսվեց 44-օրյա պատերազմը, ինչի արդյունքում թշնամին ներխուժեց մեր երկիր, եւ արդեն 3,5 ամիս է, ինչ մեր սեփական հողում զինվոր է սպանում, գերեվարում: Այս գործընթացը չհանդուրժեցին սահմանամերձ համայնքների մի շարք ղեկավարներ, որոնց մեջ էր Հակոբ Ավետյանը: Երկրի անվտանգությամբ անհանգստացած Հակոբ Ավետյանը հայտարարեց, որ սատարում է «Հայաստան» դաշինքին, ինչից հետո վերջինիս նկատմամբ իրավապահ համակարգը գրոհ սկսեց ըստ էության իշխանությունների հրահանգով, ինչը մինչ օրս շարունակվում է: Ստացվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որդեգրել է մեկ կարգախոս՝ ով մեզ հետ չէ, մեր թշնամին է՝ մոռանալով, որ իրական թշնամին հասել է ՀՀ սահման, եւ 3,5 ամիս է՝ որեւէ քայլ չի իրականացվում նրան իր իրական տեղը ցույց տալու համար:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ
ArmLur.am-ն շարունակում է ներկայացնել կառավարության նոր եւ նախորդ ծրագրի նմանություններն ու տարբերությունները:
Այս անգամ կանդրադառնանք կրթության եւ զբոսաշրջության ոլորտին: Կառավարության նախորդ ծրագրում նրանք խոստացել էին բոլոր համայնքներում 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնել 70 տոկոսի, ապահովել բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին կայուն դպրոցական սննդով, ինչպես նաեւ անցնել համընդհանուր ներառական հանրակրթության մինչեւ 2023 թվականը։ Եվ, ահա, նոր ծրագրով արդեն համընդհանուր ներառական հանրակրթությանն անցնելու ժամկետները երկարացվել են ոչ թե մինչեւ 2023, այլ 2024 թվականը։ Միեւնույն ժամանակ կառավարությունը խոստանում է ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնել 30-50 տոկոսով։
Եթե նախորդ ծրագրում կառավարությունը հստակ ոչինչ չէր խոստացել դպրոցաշինության մասով, ապա նոր ծրագրով խոստանում է մինչեւ 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 500 մանկապարտեզ եւ նախակրթարան:
Զբոսաշրջության մասով կառավարության նոր ծրագրում ավելացել են մի քանի խոստումներ։ Նոր ծրագրով կառավարությունը խոստանում է բարեկարգել առնվազն 20 զբոսաշրջային վայրեր, մինչեւ 2025 թվականը ապահովել առնվազն 25 նոր ուղղություններով չվերթներ եւ մինչեւ 2026 թվականը միջազգային այցելությունների թիվը հասցնել 2.5 միլիոնի։
Ն. Հ.