ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ իր առաջին հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանի ռազմավարությունը խաղաղությունն է տարածաշրջանում, որին, սակայն, խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը։

 

«Բաքուն չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմն համաձայնագրով ստանձնած պարտականությունները», – ընդգծել է Միրզոյանը՝ շեշտելով, որ այդ համաձայնությունը ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով:

«Բաքուն սադրիչ քայլերի է դիմում, խախտում է միջազգային իրավունքն ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչին մենք առնչվեցինք այս տարվա մայիսի 12-ին»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

Միրզոյանը նաեւ շեշտել է, որ հրաժարվելով վերադարձնել հայ ռազմագերիներին՝ Բաքուն խախտում է եռակողմ համաձայնագիրը:

Հայաստանի ԱԳ նախարարին ողջունելիս Լավրովն ընդգծել է, որ Միրզոյանը նոր մարդ չէ, եւ նրա նախկին կապերը կօգնեն նրան է՛լ ավելի արդյունավետ զարգացնել հայ-ռուսական կապերը: Ռուսաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել, որ Արարատ Միրզոյանն իր առաջին արտասահմանյան այցը կատարում է Մոսկվա:

Այցին ընդառաջ Ռուսաստանի արտգործնախարարությունը ծավալուն տեղեկանք է հրապարակել, որում այսօրվա հանդիպման օրակարգն էր, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների վերջին երկու տարիների հանդիպումների եւ շփումների ամբողջական ցանկը, Հայաստանում ռուսաստանյան ընկերությունների ցանկն ու ներդրումների ծավալը։

Ռուսաստանի արտգործնախարարության տարածած փաստաթղթում մասնավորապես ասված է, որ այսօրվա բանակցությունների առանցքային թեման Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքն է՝ ներառյալ հումանիտար հարցերը եւ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած տեղեկանքում նշված է նաեւ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած տարի 66 անգամ խոսել են հեռախոսով, իսկ այս տարի 3 անգամ հանդիպել են եւ 14 հեռախոսազրույց են ունեցել։ Նշվում է նաեւ, որ Հայաստանում ռուսական ներդրումների ծավալը կազմում է մոտ 2,1 մլրդ դոլար՝ ընդհանուր ներդրումների 40 տոկոսը։ Լավրով-Միրզոյան հանդիպմանն ընդառաջ Մոսկվան հայտնում է նաեւ, որ անցած տարի համավարակի պայմաններում ֆիզիկական անձինք Ռուսաստանից Հայաստան են փոխանցել շուրջ 829 մլն դոլար։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը շեշտում է, որ հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմանները վերահսկում են ռուս սահմանապահները։

Երեկ երեկոյան Մոսկվայում Արարատ Միրզոյանը ընթրիք է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

Լավրով-Միրզոյան հանդիպման նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարը երեկ Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաեւին։

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության՝ կողմերը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հեռանկարը: Իգոր Խովաեւը նախկին փոխնախագահին` Իգոր Պոպովին փոխարինել է անցած հուլիսին: Նա նշել է, թե իր այցը Բաքու ճանաչողական բնույթ է կրում: Երեւան կատարելիք այցի մասին չի հաղորդվում:

Հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ղարաբաղյան խնդիր այլեւս գոյություն չունի, եւ Մինսկի խումբն այլեւս անելիք չունի:

Ն.Հ.

 

 

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՉՓՈԽՎԵՑ

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի պաշտպանների բողոքը վերջինիս խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասով: Հիշեցնենք՝ հուլիսի 13-ին Կարեն Պողոսյանի եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ վիճաբանություն էր եղել, որը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, որից հետո հիվանդանոց էր տեղափոխվել նախկին մարզպետի հարազատներից մեկը: Դեպքից հետո իրավապահները հետախուզում հայտարարեցին Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի նկատմամբ,  ու նրա նկատմամբ խափանման  միջոց ընտրվեց կալանավորումը: Նշենք, որ 1,5 ամիս է, ինչ իրավապահները փնտրում են Սյունիքի մարզպետի եղբորը, բայց դեռեւս չեն գտել: Կրակոցների մասով հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով, սակայն նկատենք, որ իրավապահները ակտիվ կերպով կալանքի են տանում Սյունիքի տարբեր համայնքի ղեկավարներին կամ հաշվեհարդար տեսնում նախկին մարզպետի հարազատների հետ:

 

 

ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՐՑՈՎ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զբաղվում է 2010-2018թթ. ընթացքում Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հարցով: ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝  ԱԱԾ-ում մասնավորապես քննվում է  այն հանգամանքը, որ Անդրանիկ Մանուկյանը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող հայեցողական պաշտոն զբաղեցնող անձ, 2017թ. փետրվարի 17-ին երկու գործարքով միավորի գինը 10.000 դրամով անձամբ ձեռք բերելով «Ամիրապլազա» ՓԲԸ ընդհանուր 925.600.000 դրամ արժողությամբ 92.560 հատ արժեթղթեր, թաքցրել է հայտարարագրման ենթակա վերը նշված տվյալները, նշված գործարքների վերաբերյալ տվյալները չի ներկայացրել հայտարարատու պաշտոնատար անձի՝ 2017թ. գույքի պարտականությունները դադարեցնելու օրվա 2018թ. սեպտեմբերի 3-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց վերաբերյալ 2018թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած տարեկան հայտարարագրերում, ինչպես նաեւ վերջին հայտարարագրում հիշյալ գույքի վերաբերյալ ներկայացրել է կեղծ տվյալներ՝ որպես այդ արժեթղթերի ձեռք բերման արժեք հայտարարագրելով 32 միլիոն ՀՀ դրամ, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով՝ 893 միլիոն 600 հազար ՀՀ դրամ արժողության գույքի չհայտարարագրմանը: Արդյունքում ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում, ՀՀ քր. օր. 314.3 հոդ. 2-րդ մասի հատկանիշներով՝ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, հարուցվել է քրեական գործ,  կատարվում է քննություն:

 

 

ԿՓՈԽԱՐԻՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը կգտնվի կարճատեւ արձակուրդում, որը կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում: Արձակուրդում գտնվելու ընթացքում վարչապետ Փաշինյանին կփոխարինի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

 

 

ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբերի սկզբին՝ «Ծովի գավաթ» մրցույթից հետո, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի եւ Ղազախստանի նավերը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում: Այս մասին հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար դերծովակալ Սերգեյ Եկիմովը: «Անմիջապես «Ծովի գավաթի» ավարտից հետո տեղի կունենան համատեղ զորավարժություններ, որոնց կմասնակցեն Ռուսաստանի ռազմածովային նավատորմի, Իրանի, Ղազախստանի, Ադրբեջանի ռազմածովային ուժերի նավերը: Մի քանի օր մենք կմշակենք համատեղ գործողություններ այստեղ՝ Կասպից ծովում»,- ասել է Եկիմովը:

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նշանակում է կատարել.  Փառանձեմ Դարբինյանը նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ռեֆերենտ, Նժդեհ Հովսեփյանը՝ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի մամուլի քարտուղար: Հիշեցնենք, որ Ն. Հովսեփյանը ավելի վաղ զբաղեցրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի պաշտոնը։

 

 

ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ

Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, Գյումրու ԲՀԿ կառույցի պատասխանատու Վարդեւան Գրիգորյանը չի մասնակցելու Գյումրու ՏԻՄ ընտրություններին։ «Չեմ մասնակցելու Գյումրու ՏԻՄ ընտրություններին ոչ մի կարգավիճակով՝ ո՛չ որպես քաղաքապետի, ո՛չ էլ որպես ավագանու անդամի թեկնածու, համամասնական ցուցակում չեմ ընդգրկվելու»,- ասել է Վարդեւան Գրիգորյանը։ Թե ով կլինի ԲՀԿ-ի Գյումրու քաղաքապետի թեկնածուն, առայժմ շոշափվում է Գյումրու ավագանու նախկին անդամ Անդրանիկ Խաչատրյանի անունը։

 

 

ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ ԴԵՍՊԱՆԻՆ

ՄԻԵԴ վճռով Հայաստանը 9000 եվրո կվճարի դեսպան Ալեքսանդր Արզումանյանին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Արզումանյանը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության» վճիռը, որով արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում (Հավաքների ու միավորման ազատություն): ՄԻԵԴ որոշմամբ՝ պատասխանող պետությունը պարտավոր է երեք ամսվա ընթացքում վճարել 9000 եվրո` գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել ոչ նյութական վնասի համար։ 2600 եվրո վճարվելու է դիմումատուի ներկայացուցիչների բանկային հաշվին Միացյալ Թագավորությունում։ Նշենք, որ դիմումատուն՝ Ալեքսանդր Արզումանյանը, ներկայումս Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանն է։

 




Լրահոս