Մարդու իրավունքների պաշտպանին 2020 թվականի ընթացքում շարունակվել են հասցեագրվել բողոքներ ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման հասցեականության վերաբերյալ:
2021 թվականին կառավարությունը փոփոխություն է կատարել նախկին որոշման մեջ, որով ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք տվող տարիքային շեմը բարձրացվել է, եւ սահմանվել է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչեւ 1938 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված մարդկանց՝ 1936 թվականի փոխարեն: «Իհարկե ողջունելի է, որ ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք տվող տարիքային շեմի փոփոխությամբ ավանդի դիմաց փոխհատուցում ստացող անձանց շրջանակն ընդլայնվել է նաեւ 2020 թվականին, սակայն այդ փոփոխությամբ շահառուների հասցեականության խնդիրը չի լուծվել»,- նշված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ նույն հաղորդագրության՝ Արման Թաթոյանին հասցեագրված բողոքները վկայում են, որ ավանդների փոխհատուցման գործընթացն արդարացիորեն չի գոհացնում քաղաքացիներին: Մարդկանց դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ փոխհատուցման սահմանված հասցեատերերի շրջանակը նեղ է, իսկ ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք տվող տարիքային շեմը՝ ցածր, արդյունքում հնարավոր է լինի շահառուների մի շրջանակ, որոնք մահացած կլինեն առանց իրենց իրավունքն իրացնելու, առավել եւս՝ Նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում. ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդի դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող անձինք գտնվում են կորոնավիրուսային հիվանդության զարգացման բարձ ռիսկային խմբում:
ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, այն չի կարող անցնել այլ անձի (բացառությամբ՝ զոհվածների ժառանգների), լինել գրավի առարկա, մտնել ժառանգության զանգվածի մեջ: Մարդու իրավունքների պաշտպանի վերլուծությամբ՝ ավանդների փոխհատուցման գործընթացում պետությունն ի սկզբանե նախատեսել է սոցիալապես խոցելի ավանդատուների սահմանափակ շրջանակ, ինչը չի բխում ծրագրի սոցիալական աջակցության սկզբունքներից:
«Խնդիրներից մեկն էլ վերաբերում է ավանդների փոխհատուցման բարդ ընթացակարգին. որոշմամբ նախատեսված չեն ավանդների փոխհատուցման հստակ միջանկյալ եւ վերջնական ժամկետներ, ինչը լրացուցիչ դժվարություն է ստեղծում ավանդների փոխհատուցման հարցում: Խոսքն այն իրավիճակների մասին է, երբ, օրինակ, մարդը դիմել է սոցիալական աջակցության մարմին, սակայն մինչեւ ավանդի վճարումը (եթե ավանդը չի ներկայացվել վճարման) մահանում է. հաշվի առնելով ավանդների փոխհատուցման իրավունք ունեցող անձանց տարիքը՝ նշվածի հավանականությունը մեծ է: Տվյալ դեպքում ավանդատուի ավանդ ստանալու գույքային իրավունքը դադարում է:
Խնդիրը 2020 թվականի ընթացքում առավել ակնառու է եղել՝ պայմանավորված Նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակով: Համավարակի պատճառով փոխհատուցման գործընթացն ավել է ձգձգվել, այդ մասին են վկայում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները»,- ասված է հաղորդագրությունում՞
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ հաշվի առնելով նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը (նրանք հիմնականում տարեց անձինք են)՝ անհրաժեշտ է ավանդների փոխհատուցման գործընթացը պարզեցնել, սահմանել հնարավորինս կարճ ժամկետներ սոցիալական աջակցության այդ իրավունքը լիարժեք երաշխավորելու համար։
Ն. Պ.
ԴԻ՝ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՒՄ
Երեւան քաղաքի Արտաշատի խճուղու տներից մեկի դիմաց կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է գլխի քունքային շրջանում հրազենային վնասվածքով տղամարդու դի։ Հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ «2021թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 22:35-ին, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Արտաշատի խճուղու տներից մեկի դիմաց կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի սրահում հրազենային վնասվածքով դի կա: Դեպքի վայրի զննությամբ նշված ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 1984թ. ծնված տղամարդու դիակը՝ գլխի քունքային շրջանում հրազենային վնասվածքով, իսկ աջ ձեռքում՝ «Վալտեր P 22» տեսակի ատրճանակ, որի փամփշտանոցում եղել է մեկ չկրակված փամփուշտ: Պարզվել է, որ տղամարդն իր մոտ պահվող ատրճանակով ինքնասպան է եղել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել համալիր դատաքիմիական եւ դատաձգաբանական եւ դատաբժշկական փորձաքննություններ»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՆԱԽԿԻՆ ԳԵՐՈՒ ՀԱՐՑԸ՝ ԱՆԱՐՁԱԳԱՆՔ
«Խորհրդարանում ընդունեցի Ադրբեջանի կողմից գերեվարված եւ վերադարձած Արմեն Բուդոյանին»,- հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Մեր հայրենակիցը պատմեց, թե ինչպես են ինքն ու իր ընկերները գերեվարվել առաջադրանք կատարելիս եւ 17 օր անցկացրել Բաքվի բանտում: Այդ օրերի ընթացքում ՀՀ ՊՆ-ից որեւէ մեկը նրա ընտանիքի անդամների հետ կապ չի հաստատել: Արմենը գերությունից վերադարձել է Հայաստան եւ պարզել, որ հայտնվել է կադրերի ռեզերվում: Նա նշում է, որ չի արժանացել այն ուշադրությանը, որին սովորաբար կադրերի ռեզերվում գտնվողներն են արժանանում, եւ այդ ամիսների ընթացքում իրեն չեն ֆինանսավորել: Բացի այդ, զինծառայողները ՊՆ-ի հետ բնակարանի վարձի պայմանագիր էլ ունեն, որով նախատեսվող գումարը նույնպես չեն վճարել, եւ վարձակալած բնակարանի սեփականատերը Արմենին, նրան կնոջն ու երեք անչափահաս երեխաներին տնից դուրս է հանել: Արմենը հավելեց, որ պահանջել է իրեն ծառայության նշանակել մեկ այլ զորամասում, եթե ոչ, ապա զորացրել, սակայն արդեն մի քանի ամիս է, ինչ իրեն չեն զորացրում, նույնիսկ զինվորական գրքույկը չեն տալիս: Նա պահանջում է իր զինվորական գրքույկը, որն իրեն խիստ անհրաժեշտ է այլ ոլորտում աշխատանքի անցնելու համար: Հայրենիք վերադառնալուց հետո Արմենը նամակ է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարին, սակայն այդպես էլ արձագանք չի ստացել: Հետեւողական եմ լինելու եւ իմ հնարավորությունների սահմաններում զբաղվելու եմ նրա խնդիրներով՝ փորձելով հասնել դրանց լուծմանը»,- նշել է պատգամավորը:
ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԽՆԴԻՐ
Վերջին շրջանում քաղաքացիների կողմից ահազանգեր են հնչում, որ Հայաստանի անձնագրային եւ վիզաների վարչության տարբեր բաժանմունքների աշխատակիցներ նոր անձնագիր ստանալու համար դիմողներին տեղեկացնում են, որ նոր անձնագրեր չկան, եւ պետք է սպասել 1 ամիս այն ստանալու համար: Ոստիկանության պարզաբանման համաձայն՝ նոր անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիր է առաջացել, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով: Նշենք, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի համաձայն` անձնագիրը ՀՀ-ում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց:
ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՀՐԴԵՀՆԵՐ ԵՆ ԳՑՈՒՄ
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր հայտարարությունը, որ ադրբեջանական զինծառայողները Գեղարքունիքի Սոթք եւ Կութ գյուղերի հարեւանությամբ՝ իրենց վրանների մոտից, դիտավորյալ հրդեհներ են գցում: «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հերքելով հրապարակված անհերքելի փաստերը: Այս բոլոր փաստերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են փոխանցել գյուղերի բնակիչները: Մենք դա հիմնավոր ստուգել ենք մի քանի աղբյուրից, այդ թվում՝ օբյեկտիվ ապացույցներով: Հայտարարությամբ որոշվել էր հրապարակել ոչ բոլորը, բայց ադրբեջանական Պաշտպանության նախարարության հերքումից հետո լրացուցիչ տեսանյութ-ապացույց ենք հրապարակում, որ հենց Կութ գյուղից է արված երկու օր առաջ՝ ժամը 22:30-ի սահմաններում»,- նշված է մարդու իրավունքների պաշտպանի տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ Արման Թաթոյանի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նպատակ ունի կոծկելու իրենց հանցավոր արարքները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ, այն էլ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, իսկ նրանց զինված ուժերը պետք է բացառեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների խախտումները: «Բոլորը պետք է միշտ նկատի ունենան, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակում է միայն հիմնավոր փաստեր, ու կա ավելին, քան հրապարակված է: Դրանք բոլորը արձանագրվում եւ ուղարկվում են միջազգային կազմակերպություններին»,- ընդգծում է մարդու իրավունքների պաշտպանը: