
Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է ստացել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովից:
Ուղերձում ասված է.
«Հարավային Օսիայի ժողովրդի և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ և բոլոր արցախցիներին ամենաջերմ ողջույններ ու անկեղծ շնորհավորանքներ՝ Արցախի Հանրապետության 30-ամյակի կապակցությամբ:
30 տարի առաջ հնագույն Արցախի հերոսական ժողովուրդը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ իրագործելով ինքնորոշման իր անքակտելի իրավունքը: Ժողովրդի կամարտահայտությունը հանգեցրել է դժվարագույն փորձությունների և առ այսօր շարունակվող արյունալի պայքարի հետագա թեժացմանը:
Հարավային Օսիայի ժողովուրդը, որը քաջ գիտի ազատության և անկախության գինը, համերաշխ է իր հողում ապրելու իրավունքի համար պայքար մղող Արցախի մեր եղբայրների հետ:
Վստահ եմ, որ մեր երկրների միջև բարեկամության և համագործակցության հարաբերությունները, որոնք հիմնված են վաղեմի և պատմական փոխադարձ հարգանքի ու փոխօգնության ավանդույթների վրա, հետագայում ևս ամրապնդվելու ու զարգանալու են՝ հանուն Հարավային Օսիայի և Արցախի ժողովուրդների բարօրության:
Այս նշանակալի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետությանը մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն, իսկ Ձեզ, մեծարգո Արայիկ Վլադիմիրի, քաջառողջություն և նորանոր հաջողություններ Հայրենիքին ծառայելու գործում»: