Սեպտեմբերի 1-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ հրավիրվել է հատուկ նիստ՝ նվիրված ԼՂՀ անկախության հռչակման հոբելյանական 30-ամյակին: Նիստին ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ 4-րդ, 5-րդ, 6-րդ գումարումների Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ խորհրդարանի պատվիրակությունը՝ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ղեկավարությամբ:
«Արցախահայության՝ դարերի խորքից եկած ազգային-ազատագրական պայքարի ու մաքառումների հանգրվանը 1988թ. նոր թափ ստացած արցախյան շարժումն էր եւ հետագայում՝ ուղիղ 30 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ պետականության հռչակումը: Մեր ժողովրդի պատմության շրջադարձային այդ օրը հավաստիացում էր եւ? խորհրդային իշխանություններին, եւ? համայն քաղաքակիրթ աշխարհին, որ արցախցու՝ իր հայրենիքում ապրելու, հարատեւելու կամքն անբեկանելի է, լուսավոր ապագայի կերտումը՝ անկասելի: Արցախյան վերջին 44-օրյա պատերազմը իր ծանր հետեւանքներով լրջագույն մարտահրավեր հանդիսացավ մեր ինքնության ու լինելիության, պետականակերտման շարունակականության գործում,- ելույթում ընդգծել է Արթուր Թովմասյանը, ապա հավելել:-Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած 2016 թվականի ապրիլյան եւ Թուրքիայի ու միջազգային ահաբեկչական ուժերի ներգրավմամբ 2020 թվականի 44-օրյա պատերազմները վերահաստատեցին Արցախն առանց հայերի նրանց անթաքույց ու հեռագնա նենգ մտադրությունները:
Ու այս ամենից հետո բանակցային գործընթացներում ներառել Ադրբեջանի կազմում ինչ-որ տեսակի կարգավիճակ տրամադրելու խնդրահարույց հարց, չի տեղավորվում ոչ մի առողջ բանականության մեջ: Չնայած հակամարտող կողմերի միջեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տրամագծորեն հակառակ դիրքորոշումներին՝ մենք միանշանակ հակված ենք բանակցային գործընթացը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն միտված պատշաճ միջավայրի հաստատմանը»:
«Արցախի հարցը դեռ լուծված չէ, բազմաթիվ հայորդիներ գտնվում են անհայտության մեջ, մեր տնտեսական, արդյունաբերական զորությունը տկարացել է, եւ ոչինչ այնպես չէ, ինչպես որ մենք կուզեինք: Բայց մենք է, որ ամեն բան պետք է անենք այս վիճակը փոխելու համար»,- ասել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Տոնական օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսք է ուղղել արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Նա անդրադարձել է առկա մարտահրավերներին՝ ընդգծելով, որ Արցախը պահելու բոլոր հնարավորություններն ունենք: «Միայն պետք է ինքներս մեզ հաղթենք, չի կարող լինել էֆեկտիվ արտաքին քաղաքականություն, եթե խարխլված են արժեհամակարգերը»,-ասել է Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ շեշտելով, որ ա րցախակենտրոնացումը պիտի դառնա հայության առաջնահերթությունը:
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը փոխանցել է Հայաստանի խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի բարեմաղթանքները: Անդրադառնալով անկախության հռչակագրին՝ Ռուբեն Ռուբինյանը այն բնութագրել է որպես Արցախի հայերի գոյության պահպանման միակ ձեւ: Ադրբեջանի հայակործան քաղաքականությունը շարունակվում է մինչ այսօր:
«Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը արցախցիների՝ 30 տարի կայացրած որոշումն իմաստուն որակեց՝ այն համարելով Արցախը հայկական պահելու միակ ճանապարհը: «Կարեւոր է, որ նշենք այս օրը: Սա ուղերձ է մեր հարեւաններին. հայի կամքը անկոտրում է, անկախ վարիվերումներից՝ մենք կարողանում ենք վերգտնել մեզ ու հաղթահարել փորձությունները: Մենք միասնական համակարգի մեջ ենք. Հայաստանի անվտանգությունը շաղկապված է Արցախին: Շատ քիչ ժամանակ ունենք ճիշտ գնահատելու ստեղծված իրավիճակը ու վերականգնելու կորցրածը»,- ասել է Ռուստամյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքը նույն գաղափարն էր արտահայտում: «Արցախում է վճռվել, վճռվում ու վճռվելու մեր ժողովրդի ապագան: Բզկտված, բայց կենսունակ Արցախը վերակառուցելու է իրեն ու հզորանալու է: Ուժ ու ջանք չենք խնայելու միջազգային ատյաններում Արցախի ինքնորոշման իրավունքի, բռնազավթած տարածքների դեօկուպացիայի մասին բարձրաձայնելու»,-ասել է նա:
Ն. Պ.
ՍԱՀՄԱՆԻՆ ԱՆԻՎՆԵՐ ԵՆ ԱՅՐՈՒՄ
ArmLur.am-ի հետ զրույցում Գեղեմասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հայտնեց, որ ադրբեջանցիները շարունակում են դիտավորյալ հրդեհել Գեղամասար համայնքի չորս բնակավայրերի սահմանային հատվածները, արոտավայրերն ու խոտհարքները։ «Սոթք, Կութ, Ազատ եւ Նորաբակ համայնքների խոտհարքերն ու արոտավայրերն ադրբեջանցիները հրդեհում են։ Մեծ տարածքներ են ու տարբեր հատվածներում են։ Հրդեհը ԱԻՆ-ը մեր բնակիչների հետ հանգցնում է, բայց նոր օջախներ են ստեղծվում, միտումնավոր կրկին այրում են։ Հենց մարվում է, մեկ էլ տեսնում ես մի ուրիշ տեղ հրդեհ առաջացավ։ Նույնիսկ անիվ են այրում ու գլորում, գալիս է մեր տարածք ու այրում հենց սահմանի մոտ։ Քայլեր են ձեռնարկվում՝ զգուշացնելու, բայց, համենայնդեպս, շարունակվում է այդ իրավիճակը, իրենց պահվածքը»,- ասաց Ավետյանը՝ ընդգծելով, որ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնում են ԱԻՆ աշխատակիցները բնակիչների հետ միասին։
Ավետյանի փոխանցմամբ՝ հնարավոր չէ տեխնիկա օգտագործել բոլոր տեղերում. կան շատ վայրեր, որոնց մոտենալ հնարավոր չէ, քանի որ ադրբեջանական նշանառության ներքո են, իսկ մոտենալու դեպքում նրանք արձակում են կրակոցներ:
ԶՈՀ՝ ԵՐԱՍԽՈՒՄ
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ հրաձգային զինատեսակներից եւ դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982թ. ծնված կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։ Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։
13 ՏԱՐԻ՝ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ
Ղարաբաղն ականներից մաքրելու համար կպահանջվի 13 տարի. հայտարարել է Ադրբեջանի ականազերծման պետական գործակալությունը։ Ադրբեջանցի մասնագետների հաշվարկով՝ վերջին պատերազմից հետո Ադրբեջանին անցած տարածքներում եւ շրջակա շրջաններում ականապատված է մոտ 14 հազար քառակուսի կիլոմետր։ Դրանք ականազերծելու համար նախագահ Իլհամ Ալիեւը հանձնարարել է այս տարի բյուջեից 60 միլիոն դոլար տրամադրել։ Ադրբեջանցի սակրավորներին օգնում են թուրք մասնագետները, ինչպես նաեւ ռուս խաղաղապահները։
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Արման Աբրահամյանը նշել է, որ պաշտոնավարման ընթացքում փորձել է բոլոր նախաձեռնությունների հիմքում դնել օրենքը եւ գործել բացառապես այդ տիրույթում՝ ստեղծելով նորը, զարգացնելով հինը։
ԼՂ-Ի ՀԱՐՑՈՎ
Ռուսաստանի փոխարդգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկեր Խալաֆ Խալաֆովի հետ, որի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ ԼՂ հարցով եռակողմ հայտարարության իրականացումը: «Կարծիքների փոխանակման ժամանակ քննարկվել է երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգին առնչվող արդիական հարցերի համալիրը, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործումը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ընդունել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Կողմերն անդրադարձել էին մի շարք հարցերի, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձի, տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի խնդիրներին:
ՆԱԽԱԳԻԾ ԵՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծը: Այս մասին հայտարարել է ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ-ի հարցերով համակարգող կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը: «Նման նախագծեր քննարկվում են Ղրղզստանի, Ղազախստանի եւ Հայաստանի հետ»,- ասել է Գրեխովը՝ նշելով, որ այժմ Ռուսաստանի եւ Տաջիկստանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրն անցնում է վավերացման ընթացակարգը: Այդ համաձայնագիրը ստորագրվել է 2021-ի ապրիլի 27-ին: Գեներալ-գնդապետ Գրեխովն ասել է, որ «շարունակվում է Ռուսաստանի եւ Հայաստանի, Ղազախստանի միջեւ համաձայնագրերի գործնական իրականացման աշխատանքը»:
ՀԻՄՔ ՉԿԱ
«ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումները եւ պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ սահմանափակումները որեւէ կապ չունեն անվտանգության հետ եւ նպատակ ունեն սահմանափակել լրագրողների աշխատանքը, խոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեությունը»,- ասել է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Նունե Հովսեփյանը: ՄԻՊ ներկայացուցչի խոսքով՝ որեւէ հիմք չկա լրագրողների աշխատանքը ԱԺ օթյակներում սահմանափակելու համար: