ԻՆՉՊԵՍ ՀԱՅ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցը ողողված է ուսումնական տարվա առաջին օրվա դպրոցական լուսանկարներով եւ բարեմաղթանքներով։ Հայ հայտնիներից շատերը «Ինստագրամ»-ի իրենց էջերում հրապարակել են իրենց երեխաների լուսանկարները եւ շնորհավորել դպրոցականներին ու ուսուցիչներին։

 

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը դստերն ուղեկցել է առաջին դասարան։ Նա լուսանկարներ է հրապարակել աղջկա առաջին քայլերից եւ գրել.

«Սկսվեց առաջին քայլերն ու առաջին դասն ու Գիտելիքի օրը ….

Շնորհավորում եմ, բալե՛ս, եւ խոստանում, որ երբեւէ քեզ մենակ չես զգա այս կյանքում, կքայլես առաջ եւ կուղղորդվես քո ուղեղով, ոչ հասարակության թելադրանքով։ Չեմ ուզում՝ լինես գերազանցիկ, ուզում եմ՝ խելացի լինես։

Հ.Գ. Սարսափելի դժվար է էսպիսի օրերին բալիկիդ հետ մեն-մենակ քայլ անել, սարսափելի է պատասխանել հարցերին երեխայի, որոնք չունես։

Կարեւորը նա գիտի, որ այս կյանքում որպես ծնող ունի միմիայն ինձ, իսկ մնացածը վաղուց մահացել են եւ երկնքում են։ Նա ունի միմիայն մայրական կողմ` սիրող, պաշտող տատիկ եւ մայր ….

-Մամա՛, բոլորը ունեն ստեղ մամա ու պապա, մենք ինչի՞ ենք եկել….

Մնացած լարվածությունս արդեն էլ էական չէր…

Բալե՛ս, դու պապա չունես. մեռել է…..

Ու սա սեպտեմբերի պայծառ մեկն է»։

Նշենք, որ Նաիրա Մովսիսյանն ու երեխայի հայրը՝  Վան Հակոբյանը, բաժանվել են ամուսնությունից կարճ ժամանակ անց։ Նաիրան միշտ նշում է, որ երեխան կապ չունի իր հոր հետ։

Իսկ, ահա, երգչուհի Լայաննան դստերը առաջին անգամ ճանապարհել է դպրոց եւ հրապարակել լուսանկարներ, ինչպես նաեւ զգացմունքային տողեր գրել. «Իմ ու պապայի աշխարհ, մաղթում ենք քեզ բարի երթ դեպի գիտելիքների աշխարհ։ Շնորհավորում եմ բոլորիս երեխաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Պողոսյան Էլինա Ռոլանդի. 1-ի «գ» դասարան»։

Սեպտեմբերի 1-ին դստերն առաջին դասարան է ուղեկցել նաեւ ռուսաստանաբնակ երգիչ Արա Ավետիսյանը:

«Իմ մե՛ծ աղջիկ, բարի երթ քեզ: Այսպես է, կարծես երեկ լիներ, որ ես գնացի 1-ին դասարան, այսօր արդեն քեզ եմ ճանապարհում դեպի նոր կյանք։ Շնորհավորում եմ քեզ: Կյանքում չեմ մոռանա իմ սեպտեմբերի 1-ը, հուզմունքս ու ծնողիս ուրախությունը..

Այսօր ես հասկանում եմ, թե ինչ է կատարվել ծնողիս ներաշխարհում. արքայադուստրս այսօր մտնում է կյանքի նոր եւ կարեւոր փուլ.. Շնորհավոր, իմ սիրո՛ւն բալա, քեզ կանաչ երթ, մեծանաս մեզ ու հայրենիքիդ համար պիտանի զավակ»,- գրել է նա:

Հավելենք, որ հայ հայտնիներից  իրենց երեխաներին առաջին դասարան են ճանապարհել նաեւ երգչուհի Սիրուշոն, դերասանուհի, հաղորդավարուհի Յաննա Դանիելյանը եւ հայտնի վարսահարդար Անի Ավդալյանը:

ArmLur.am-ը նույնպես, միանալով բոլոր մաղթանքներին, բարի եւ գիտելիքաշատ տարի է մաղթում մեր փոքրիկներին:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԿԱՐԻԵՐԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ

Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի կիսապաշտպան Սաուլ Նյիգեսը կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում». hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Չեմպիոնների լիգայի հաղթողը մեկ տարով վարձակալել է 26-ամյա ֆուտբոլիստին եւ ունի նրա տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորություն: Ոչ պաշտոնական տվյալներով՝ տրանսֆերի դեպքում «Չելսին» կվճարի 35 միլիոն եվրո: Սաուլը 2008 թվականից է «Աթլետիկոյի» համակարգում: Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 41 հանդիպման, դարձել 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

 

 

ՀԱՂԹԱՆԱԿՈՎ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում: Առաջին շրջանում սերբ թենիսիստը մրցել է նորվեգացի Հոլգեր Ռունեի հետ եւ հաղթել 4 սեթում՝ 6:1, 6:7, 6:2, 6:1: Մրցախաղը տեւել է 2 ժամ 16 րոպե: Երկրորդ շրջանում Ջոկովիչի մրցակիցը կլինի Նիդերլանդների ներկայացուցիչ Թալոր Գրիկսպորը: US Open-ի մրցանակային 27,2 միլիոն դոլար է։ Տղամարդկանց մենախաղի գործող հաղթող, ավստրիացի Դոմինիկ Տիմն այս տարի բաց է թողնում մրցաշարը:

 

 

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է «ԱԹԼԵՏԻԿՈ»

Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանն ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը վերադարձել է Մադրիդի «Աթլետիկո»: Իսպանիայի չեմպիոնը մեկ տարով վարձակալել է 30-ամյա ֆուտբոլիստին: «Աթլետիկոն» ցանկացած պահի կարող է եւս մեկ տարով երկարաձգել վարձակալական պայմանագիրը, սակայն պարտավորված է 40 միլիոն եվրոյով գնել նրա տրանսֆերային իրավունքը: Անտուան Գրիզմանն «Աթլետիկոյում» խաղացել է 2014-2019-ին: Մադրիդցիների կազմում նա անցկացրել է 257 հանդիպում ու դարձել 133 գոլի հեղինակ: 2019-ի ամռանը ֆրանսիացին «Բարսելոնա» էր տեղափոխվել 120 միլիոն եվրոյի դիմաց:

 

 

ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է

Շոտլանդական «Սելթիկի» ֆրանսիացի հարձակվող Օդսոն Էդուարը տեղափոխվել է անգլիական «Քրիսթալ Փելաս». hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025-ի ամառ: Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրա տրանսֆերը կազմել է 16.3 միլիոն եվրո: Շոտլանդիայի նախորդ առաջնությունում Էդուարը 31 խաղում խփել է 18 գոլ եւ արժանացել լավագույն ռմբարկուի մրցանակին: Նա 2017-ին ֆրանսիական Թուլուզից էր տեղափոխվել «Սելթիկ»:

 

 

ՍՊԱՌՆԱՑԵԼ Է

Ռեփեր Soulja Boy-ը Քանյե Ուեսթին  մենամարտի է հրավիրել

Ամերիկացի ռեփեր Soulja Boy-ը (ԴեԱդնրե Ուեյը) Քանյե Ուեսթին բռնցքամարտի մենամարտի է հրավիրել. հայտնում է TMZ-ն։

Ավելի վաղ Ուեյը սոցիալական ցանցերում Ուեսթին սպառնացել էր՝ հայտարարելով, որ պատրաստ է նրան ծեծի ենթարկել այն պատճառով, որ նա «Remote Control» երգից, որը ներառված է Ուեսթի «Donda» սկավառակում, ջնջել է Soulja Boy-ի քառյակը։ Կարճ ժամանակ անց Ուեյը գործընկերոջն առաջարկել է հարցը լուծել ռինգում։

«Ես պարզապես զվարճանում եմ, հասկանում ես՝ ինչի մասին եմ խոսում։ Մենք թշնամություն չունենք»,- TMZ-ի թղթակիցներին ասել է 31-ամյա Ուեյը։ Նա ընդգծել է, որ երկու հիփ-հոփ արտիստների մենամարտը կարող էր դարի բռնցքամարտի մենամարտը դառնալ։ Նրա խոսքով՝ ռեփերները կարող էին դրա միջոցով 100-200 միլիոն դոլար վաստակել։

 

 

ԲՐԻԹՆԻ ՍՓԻՐՍԻ ՀԱՅՐԸ ԳՈՒՄԱՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի հայրը, որը համաձայնել է հրաժարվել դստեր նկատմամբ խնամակալությունից, պահանջում է 2 միլիոն դոլար վճարել իրեն։ Երգչուհու փաստաբանի՝ Մեթյու Ռոզենհարթի խոսքով՝ 68-ամյա Ջեյմի Սփիրսը դստերից այդքան գումար է պահանջում իր խնամակալությունից ազատության փոխարեն։ Page Six-ի հաղորդմամբ՝ նա պատրաստվում է այդ գումարի միջոցով վճարել դատական ծախսերը (դրա համար անհրաժեշտ կլինի մոտ 1,36 միլիոն դոլար) եւ փակել հաշիվները «Tri Star Sports & Entertainment Group» ընկերության հետ, որը համագործակցում էր երգչուհու հետ՝ զբաղվելով բիզնես ղեկավարմամբ։

«Բրիթնի Սփիրսը հոր կողմից ծաղրի կամ շորթման չի ենթարկվի»,- հայտարարել է Ռոզենհարթը։ Նա նշել է, որ Ջեյմի Սփիրսը «իրավունք չունի պատանդ պահել դստերը, ընդ որում՝ պայմաններ առաջադրելով խնամակալությունից հրաժարվելու համար»։

Ջեյմին 39-ամյա երգչուհու կարիերան ու անձնական կյանքը վերահսկում է 2008թ.-ից, երբ դատարանը մի շարք սկանդալային միջադեպերից հետո, որոնք կապված էին նյարդային պոռթկում ունեցած երգչուհու հոգեկան առողջության հետ, որոշում է կայացրել նրան նշանակել աստղի խնամակալ։




Լրահոս