Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետներն այս օրերին Հայաստանում են։ Նրանց նախորդ օրը ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նրանք Հայաստանում են հայ-ռուսական երկկողմ համագործակցության շրջանակներում հերթական բանակցություններին եւ քննարկումներին մասնակցելու նպատակով։
Թե ինչ հարցերի շրջանակ է քննարկվում, պաշտոնական հաղորդագրությունում մանրամասներ չեն ներկայացվել։ Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու Հայաստանը հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծ են քննարկում։
Նկատենք՝ Հայաստանն ու Ռուսաստանն արդեն իսկ ունեն հակաօդային պաշտպանության միավորված համակարգ: Դեռ 2016-ին Ազգային ժողովը վավերացրել էր «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը։ Այժմ ռուսական կողմի մասնագետների՝ Հայաստան այցելությունը հենց այս համաձայնագրի հետ է կապված։
ՀՕՊ համակարգի արդյունավետության մասին քննարկումները սկսվեցին 44-օրյա պատերազմին զուգահեռ , երբ վտանգ էր սպառնում նաեւ Հայաստանի սահմաններին, շատերն էին հիշեցնում ռուսական կողմի պարտավորությունների մասին: Բանն այն է, որ համաձայնագիրը հնարավորություն է տալիս օգտագործել ՌԴ ԶՈՒ օդատիեզերական զորքերի հնարավորությունները` ընդհուպ մինչեւ միջուկային զենքի կիրառում: ՌԴ ԶՈՒ օդատիեզերական ուժերն ունեն արբանյակային համակարգ, ինչպես նաեւ հսկման համակարգեր, որոնք ՀՀ տարածքում կարող է օգտագործվել ի շահ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի:
Մանրամասները՝ տեսանյութում