ՀՀ ոստիկանությունը մշակել և Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել «ՀՀ կառավարության 2013թ. դեկտեմբերի 12-ի 1446-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Դրանով նախատեսվում է Ոստիկանության զորքերում ներդնել ամառային համազգեստի ինչպես նոր տեսակներ, այնպես էլ համազգեստի այնպիսի տեսակներ, որոնք նախատեսված չեն Ոստիկանության զորքերի զինծառայողների համար։ Այս նախագծով նաև սահմանվում է Ոստիկանության պարեկային ծառայության նոր ստորաբաժանման ծառայողների համազգեստի նկարագիրն ու կրման ժամկետները։
Նախագծի համաձայն՝ ոստիկանության զորքերի զինծառայողների և պարեկային ծառայության ծառայողների՝ որոշմամբ սահմանված նոր համազգեստների անցումն իրականացվելու է փուլերով՝ ըստ ՀՀ ոստիկանության պետի կողմից հաստատված ժամանակացույցի:
Նախագծով սահմանված են պարեկային ծառայության ստորաբաժանման ծառայողների համազգեստի նկարագիրը, ոստիկանության զորքերի ավագ և կրտսեր սպայական, ավագ և կրտսեր ենթասպայական և շարքային զինծառայողների ամառային և ձմեռային համազգեստի բաղադրիչները, կրելու ժամկետները, պարեկային ծառայության գլխավոր, ավագ և կրտսեր սպայական, ավագ և կրտսեր ենթասպայական և շարքային կազմի ծառայողների համազգեստ կրելու ժամկետները:
Ըստ հեղինակների՝ առաջարկվող փոփոխություններով որոշ տեսակի համազգեստների և հանդերձանքի ժամկետների ավելացումն էլ հնարավորություն կտա տնտեսված գումարների հաշվին ձեռք բերել ամառային համազգեստ:
Ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների համազգեստի համար ՀՀ պետական բյուջեից կանխատեսվող լրացուցիչ ծախսը 2021-2024թթ․ համար կկազմի՝ ընդհանուր 599 միլիոն 419 հազար 800 դրամ, որից՝ 2021թ․ համար նախատեսված է 99 միլիոն 685 հազար 200 դրամ, 2022թ․՝ 95 միլիոն 370 հազար 700 դրամ, 2023թ․՝ 268 միլիոն 812 հազար 900 դրամ, 2024թ․՝ 135 միլիոն 551 հազար դրամ:
Ոստիկանությունն ակնկալում է, որ նախագիծն ընդունվելու դեպքում ոստիկանության բարեփոխումների շրջանակում կունենան «նոր արտաքին տեսքով արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանության զորքերի զինծառայողներ, պարեկային ծառայության ստորաբաժանման ծառայողներ՝ բարձրացնելով ծառայության որակը, ծառայողների մարտունակությունն ու աշխատունակությունը՝ իրենց ծառայողական պարտականությունները հարմարավետ և արդյունավետ իրականացնելու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում