Դեսպան Կարլ Հարցելը կոչ է անում բացել Հարավային Օսիայի վարչական սահմանի բոլոր անցակետերը։ 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը։
«Այսօր երկու տարի է անցել Հարավային Օսիայի վարչական սահմանի Օձիսի անցակետի փակումից: Մինչ այս անցակետի փակվելը, նրանից օգտվում էր օրական միջինը 400 քաղաքացի։
Վերջին երկու տարիների ընթացքում Ախալգորիի շրջանում բնակվող էթնիկ վրացիները չեն կարողանում հատել վարչական սահմանը և հանդիպել հարազատների հետ, կենսաթոշակ ստանալ կամ օգտվել մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքից: Բացի այդ, բժշկական օգնության հասանելիությունը սահմանափակ էր, և ստանում էինք սննդի և դեղորայքի պակասի մասին տեղեկությունները: Այս առումով, Ախալգորիի շրջանից բժշկական օգնություն ստանալու անցումային կարգավորիչ ընթացակարգերի պարզեցումը ողջունելի զարգացում էր:
Եվրամիությունը համոզված է, որ տեղաշարժի ավելի մեծ ազատություն ապահովելու համար կարող է իրականացվել խելամիտ և համարժեք Քովիդ-19-ի թեստավորման ռազմավարություն, և կոչ է անում Ցխինվալիի փաստացի և Ռուսաստանի Դաշնության իշխանություններին բացել Հարավային Օսիայի վարչական սահմանի բոլոր անցակետերը:
Եվրամիությունը պատրաստ է նպաստել Էրգնեթիի միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմի հետագա քննարկումներին»,- ասվում է Եվրամիության ներկայացուցչության հայտարարության մեջ: