Դիմադրության ներկայացուցիչները դուրս են շպրտել «Թալիբան» արմատական շարժման զինյալներին նրանց վերահսկողությունից դուրս գտնվող Փանջշեր նահանգից: Շատ թալիբներ, այդ թվում՝ պակիստանցիներ, գերի են ընկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է հակաթալիբանյան դիմադրության ներկայացուցիչ Ֆահիմ Դաշտին:
Նա նշել է, որ Փանջշերը ամբողջությամբ ազատագրված է: «Ոչ պակաս, քան հազար ահաբեկիչ հայտնվել են ծուղակում, բոլոր հարձակվողները սպանվել են, հանձնվել կամ գերեվարվել փախուստի ու նահանջի ժամանակ: Գերեվարվածների թվում շատ են օտարերկրացիները, մեծամասնությունը՝ պակիստանցիներ», – գրել է նա թվիթերի իր էջում:
Դրա հետ մեկտեղ, Bakhtar News Agency աֆղանական լրատվական գործակալությունը կիրակի հայտնել է, որ «Թալիբանը», հակառակը, արդեն վերահսկում է Փանջշեր նահանգի գրեթե ամբողջ տարածքը՝ բացառությամբ Ռուխա շրջանի ու նահանգի մայրաքաղաք Բազարակի: Գործակալության տվյալներով, ներկայում թալիբները սկսում են գրոհն այդ երկու բնակավայրերի ուղղությամբ: