ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կետ առ կետ բոլորի պատասխանը տալու ենք». Գառնիում տեղի ունեցած աղմկահարույց հարսանիքի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արդեն մի քանի օր է համացանցում, ինչպես նաեւ մասնագետների կողմից մեծ քննարկումների եւ դժգոհությունների ալիք է բարձրացել սեպտեմբերի 4-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում հարսանիք կազմակերպելու եւ տեւական ժամանակով տաճարի մուտքը մարդկանց եւ զբոսաշրջիկների համար փակելու շուրջ:

Հատկապես մարդկաց զայրացրել էր այն հանգամանքը, որ հարսանիքի խնջույքին հնչել էր «ռաբիս» երաժշտություն:

ArmLur.am-ը պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցած  մեծ աղմուկ բարձրացրած հարսանիքի շուրջ զրուցել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հետ:

«Ես չեմ ուզում հիմա մեկնաբանել, քանի որ խնդիրներ կան նաեւ պետական այլ կառույցների արված հայտարարարությունների հետ, որոնց պետք է կետ առ կետ պատասխանել եւ անդրադառնալ»,-հակիրճ մեզ հետ զրույցում նշեց Արա Թարվերդյանը հավելելով, որ կլինի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կլինի նաեւ պաշտոնական հայտարարություն:

Իսկ ահա Պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության նախկին պետ Արմեն Աբրոյանն անընդունելի համարեց նման երկար ժամանակով տաճարի մուտքի փակումը:
«Որպես ոլորտի մասնագետ կարող եմ ասել, որ անթույլատրելի չէ ինչ-որ բան կազմակերպելը, պարզապես պետք է երկարաժամկետ չփակվեր: Պետք է լինեն թույլատրելի սահմաններում, շատ չափված եւ պատշաճ իրազեկեին քաղաքացիներին, եւ տուրիստական գործակալություններին: Բացառիկ ուշադրություն պետք է հրավիրեին տաճարի նկատմամբ»,-ասաց նա:

Նշենք, որ «Գառնի» արգելոց թանագարանի տնօրենությունը սեպտեմբերի 3-ին այդ մասին տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում. «Սեպտեմբերի 4-ին, ժամը 13։00-ից մինչև 22։00-ն, նախանշված միջոցառման պատճառով, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի։

Իսկ, ահա երեկ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում սեպտեմբերի 4-ին աղմուկ բարձրացրած հարսանեկան միջոցառման վերաբերյալ արձագանքել եւ պարզաբանմամբ էր հանդես եկել նաեւ ՀՀ ԿԳՄՍՆ պահպանության ՊՈԱԿ-ը։
Պարզաբանման մեջ մասնավորապես նշվում է․
«Տարածվել է նաեւ շատ վատ որակի մի տեսագրություն` ռաբիս երաժշտությամբ, որն իբրեւ հնչել է միջոցառման ժամանակ։
Տեղեկացնում ենք, որ ՊՈԱԿ-ը արգելոց-թանգարանի տարածքում միջոցառում անցկացնելու պայմանագիր կնքել է համապատասխան կազմակերպության հետ։ Այդ մասին ՊՈԱԿ-ը նախապես տեղյակ է պահել լիազոր մարմնին եւ ստացել թույլտվություն։ Ինչ վերաբերում է ռաբիս երաժշտությանն, ապա միջոցառման ընթացքում հնչել են «Գաթա» եւ «Ծիրանի» բենդ խմբերի կատարումները։ Վերոնշյալ ռաբիս երաժշտությունը, հարակից տարածքի որեւէ օբյեկտից հնչող կատարում է եղել։ Առավել մանրամասն պարզաբանմամբ ՊՈԱԿ-ը հանդես կգա առաջիկայում»։
Հարգանքով` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինություն»:

Հավելենք, որ ի հակադրություն նախարարության, Գառնիի համայնքապետարանը տեղյակ է եղել Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում սեպտեմբերի 4-ին կայանալիք միջոցառման մասին եւ դեմ է արտահայտվել։
Համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է օգոստոսի 19-ով թվագրվող նամակ՝ ուղղված «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»
ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանին։
«Գառնիի համայնքապետարանը, տեղյակ լինելով Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում սեպտեմբերի 4-ին կայանալիք միջոցառման մասին, դեմ է արտահայտվել և գրությամբ տեղեկացրել է այդ մասին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանին, որին Գառնիի համայնքապետարանը ի պատասխան գիրություն չի ստացել;
Գառնիի համայնքապետարանը, համայնքի ավագանին եւ բնակիչները դեմ են նմանատիպ միջոցառումների անցկացմանը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում եւ մուտքի փակմանը»,- ասված է հայտարարությունում։

Այսպիսով՝ եթե այս տեմպերով շարունակվի եւ ԿԳՄՍ-ն համապատասխան քայլեր չձեռնարկի, ապա շատ շուտով մեր բոլոր պատմամշակութային վայրերը կվերածվեն հարսանիքների խնջույքների կազմակերպման վայր, ինչը պարզապես անթույլատրելի պետք է լինի եւ բոլոր մեխանիզմները պետք է կիրառվեն նման միջոցառումների արգելումը պատմամշակութային վայրերում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս