Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված նոր կառավարության 2021-2026 թվականների հնգամյա ծրագիրը, որն արդեն հաստատվել է խորհրդարանի կողմից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ, հիմնված է խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների վրա։
ArmLur.am-ն առանձնացրել է կուսակցության նախընտրական ծրագրում առկա դրույթները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Օրինակ, նախընտրական ծրագրում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Արցախի հիմնախնդրին առանձին՝ 7 կետից բաղկացած բաժին էր հատկացրել: Կուսակցությունը նշում էր, որ իրենց գլխավոր խնդիրը լինելու է պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը: Հստակորեն նշվում էր, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։ ՔՊ-ն Արցախի անվտանգության ապահովման կարևորագույն գործոն էր համարում հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ ուժերի երկարաժամկետ ներկայությունը, իսկ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման միակ ընդունված միջազգային ձևաչափը համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը:
Իսկ այս կառավարության ծրագրում Արցախին վերաբերող հատվածը բաղկացած է ընդամենը 4 կետից: Եթե նախընտրական ծրագրում շեշտվում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով, ապա կառավարության ծրագրում արդեն նշվում է, որ մի քանի տարրերի հիման վրա պետք է հարցը լուծվի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի: Այլ մանրամասներ այս մասին չեն նշվում, և չի հստակեցվում, թե ինչ տարրերի մասին է խոսքը: Ի տարբերություն ՔՊ ծրագրի՝ կառավարությունը չի խոստանում նաև Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում օժանդակություն ցուցաբերել: Հատկանշական է նաև, որ կառավարությունը խուսափել է օգտագործել Արցախի Հանրապետություն եզրույթը ծրագրի ողջ տեքստում, թեև ՔՊ-ի ծրագրում այն մի քանի անգամ հանդիպում էր:
Այս հանգամանքին զուգահեռ նկատենք, որ ՌԴ կառավարության միասնական տեղեկատվական համակարգի «Գնումներ» բաժնում տեղադրված է Ռուսաստանի ՊՆ գնման պատվերը, որում Լեռնային Ղարաբաղը նշվում է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան