ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրքերի «սև շուկա». ովքեր են պատասխանատու «Վաճառքի ենթակա չէ» նշումով դասագրքերի վաճառքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վաճառքի ենթակա չէ». նման գրություն հանդիպում են դպրոցական մի շարք դասագրքերի վրա, ինչը ենթադրում է, որ դասագրքերը չպետք է վաճառվեն: Սակայն պարզվում է՝ այդ գրության առկայությունը որեւէ նշանակություն չունի եւ միշարք դասագրքեր ազատ վաճառվում են անգամ թաղային գրախանութներում:

Արմլուրի թղթակիցը նկատեց, որ դասագրքերի վաճառքի կենտրոններում եռուզեռ է. աշակերտների ծնողները ստիպված են գնել վաճառքի համար անթույլատրելի դասագրքեր եւ սա այն դեպքում, երբ դպրոցների կողմից պետք է նախապես տրամադրվեին դրանք աշակերտներին :

Այսպիսով, ովքեր են գրքերի անթույլատրելի վաճառքի իրավիճակի պատասխանատուն:

Պետբյուջեով տպագրված դասագրքերի ողջ խմբաքանակը հրատարակիչները հանձնում են ՀՀ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին, որից հետո, ըստ նախնական հայտերի, դասագրքերը տրվում են դպրոցներին: Մինչդեռ վաճառքի կենտրոններում գնորդ ծնողների մի մասը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ գրքեր գնում են, քանի որ երեխաներին չի հասել մի քանի ձեռնարկներ կամ էլ հաճախակի գրքերն այնքան հին ու մաշված են լինում, որ օգտագործման ենթակա չեն, եւ դրա համար էլ ստիպված են այլ տարբերակներով ձեռք բերել դրանք:

Միեւնույն ժամանակ հրատարակիչներն իրավունք ունեն տվյալ դասագրքերը տպագրել նաև ձեռնարկատիրական նպատակով՝ վաճառքի համար, որոնց վրա պետք է նշագրված չլինի «Վաճառքի ենթակա չէ» գրությունն, ու կազմի գույնը պետք է տարբերվի պետբյուջեով տպագրված դասագրքերի գույներից: Սակայն գրախանութներում վաճառվում ենհենց «Վաճառքի ենթակա չէ» գրությամբ դասագրքեր, ինչը պետք է իրավական հետեւանքներ ունենա:

Պարզվում է՝ այս խնդիրը դեռ վաղուց է առկա եւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն դեռ 2017 թվականին ուսումնասիրություն էր կատարել շուկայում եւ մի քանի բացահայտումներ կատարել: Պարզվում է՝ հրատարակչությունները բողոքում են, որ երբեմն դասագրքերը «սև շուկայում» վաճառվում են ինքնարժեքից ցածր գնով, ինչը նշանակում է, որ դասագրքերը վաճառքում հայտնվել են դպրոցների կամ աշակերտների միջոցով: Հրատարակիչները կասկածներ ունեն նաև, որ որոշ դպրոցների գրադարանավարներ ստվերային պայմանավորվածությունների մեջ են գրավաճառների հետ, որի արդյունքում նոր դասագրքերը հայտնվում են նրանց վաճառասեղանին:

Եվ չնայած տարիներով այս խնդիրն առկա է, սակայն լուծում այդպես էլ առկա չէ եւ գրքերի վաճառքի սև շուկան կարծես թե ոլորտի պատասխանատուների սրտով է: Սա նույնն է, ինչ օրինակ զինվորների համար հատկացված հայտնի տուշոնկաները՝ նույն «Վաճառքի ենթակա չէ» գրությամբ, հայտնվեն խանութներում ազատ վաճառքի:

Առաջին հերթին այս իրավիճակն անկազմակերպվածության արդյունք է, քանի որ դեռ ուսումնական պրոցեսի մեկնարկից առաջ դպրոցները տեղյակ են լինում, թե այս կամ այն առարկայի քանի դասագիրք է պետք՝ ուսումնական պրոցեսը կազմակերպելու համար: Եվ այս հարցը պետք է կարգավորվի մինչ այդ, այլ ոչ թե ծնողների կողմից դասագրքերը գնելուց հետո: Փաստ է մեկ բան, ստեղծված իրավիճակն ունի կոնկրետ պատասխանատուներ՝ Երեւան համայնքում քաղաքապետ Հայկ Մարությանն է, մարզերում մարզպետները, իսկ ընդհանուր առմամբ պատասխանատուն Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն է:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս