Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր առաջին այցն է կատարել Մոսկվա, որտեղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ իր առաջին հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանի ռազմավարությունը խաղաղությունն է տարածաշրջանում, որին, սակայն, խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը։
«Բաքուն չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմն համաձայնագրով ստանձնած պարտականությունները», – ընդգծել է Միրզոյանը՝ շեշտելով, որ այդ համաձայնությունը ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով: «Բաքուն սադրիչ քայլերի է դիմում, խախտում է միջազգային իրավունքն ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչին մենք առնչվեցինք այս տարվա մայիսի 12-ին», – հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:
Այցին ընդառաջ Ռուսաստանի արտգործնախարարությունը ծավալուն տեղեկանք է հրապարակել, որում այսօրվա հանդիպման օրակարգն էր, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների վերջին երկու տարիների հանդիպումների եւ շփումների ամբողջական ցանկը, Հայաստանում ռուսաստանյան ընկերությունների ցանկն ու ներդրումների ծավալը։
Ռուսաստանի արտգործնախարարության տարածած փաստաթղթում մասնավորապես ասված է, որ այսօրվա բանակցությունների առանցքային թեման Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքն է՝ ներառյալ հումանիտար հարցերը եւ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած տեղեկանքում նշված է նաեւ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած տարի 66 անգամ խոսել են հեռախոսով, իսկ այս տարի 3 անգամ հանդիպել են եւ 14 հեռախոսազրույց են ունեցել։
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի հետ:
-Պարո՛ն Սկակով, ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարարն իր առաջին այցն է կատարել Մոսկվա եւ մի շարք հանդիպումներ ունեցել: Ինչպե՞ս կբնորոշեք իրավիճակը:
-Երկու նախարարներ հանդիպումն ավելի շատ կրում էր ճանաչողական եւ ծանոթության բնույթ, որը կրկին շատ կարեւոր է: Իհարկե, երկու երկրների նախարարների հանդիպման հիմնական եւ գլխավոր թեման հայ-ադրբեջանական սահմանային հատվածում տիրող իրավիճակն է: Ես կարծում եմ՝ այդ հարցը պետք է լուծվի միայն ռուս սահմանապահների մասնակցությամբ, եւ այժմ այդպես էլ տեղի է ունենում՝ հետագա պրովակացիաները կանխելու եւ իրավիճակը կայունացնելու համար:
-Այսինքն՝ Ձեզ համար լիովին հասկանալի եւ ընդունելի՞ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը:
-Իհարկե, դա ժամանակավոր լուծում է, որպեսզի հնարավոր լինի խուսափել իրավիճակի սրումից եւ նոր լարվածությունից: Պետք է հետագայում զբաղվել սահմանների դելիմիտացիայի աշխատանքներով: Այսքան ժամանակ այդպիսի աշխատանքներ չէին կատարվել: Ես հիշում եմ, որ այդպիսի խնդիրներ եղել են նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ, ընդ որում՝ շատ լուրջ խնդիրներ կային այդ առումով: Այնպես որ, իրավիճակն այստեղ բարդ է եւ պահանջում է, որ կողմերը նստեն բանակցությունների սեղանին եւ հանգիստ բանակցեն այդ հարցերի շուրջ, որը բարդ է:
-Հանդիպմանը խոսք գնաց նաեւ Արցախի հարցի մասին, սակայն հայ-ադրբեջանական հարաբերությունների ֆոնին այդ ամենը, կարծես թե, մղվում է երկրորդ պլան: Դուք կարծում եք՝ Արցախի հարցը փակվա՞ծ է:
-Ո՛չ, այդ հարցը պարզապես սառեցված է, բայց փակված չէ: Քանի դեռ կա Լեռնային ղարաբաղ, այնտեղ ապրում են մարդիկ, եւ վերահսկում են ռուս խաղաղապահները, այդ հարցը փակված համարել չի կարելի:
-ՌԴ-ն կողմնակի՞ց է, որ այդ հարցը կարգավորվի Մինսկի խմբի ձեւաչափով:
-Դա չեմ կարող ասել, թե ինչպես կկարգավորվի, քանի որ Մինսկի խումբը իրեն որեւէ ձեւով չի դրսեւորել վերջին պատերազմի ժամանակ, եւ, կարելի է ասել, այդ խումբն ավելի շատը մահացած է, քան թե կենդանի: Ես չեմ սպասում որեւէ առաջընթացի այդ խմբի ձեւաչափի շրջանակներում: Ավելի շուտ կարող է ՌԴ-ի, Ֆրանսիայի միջոցով հարցի կարգավորում, բայց առանձին-առանձին, այլ ոչ թե հենց այդ խմբի շրջանակներում:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳԱՂՏՆԻ ԳՈՒՄԱՐ ՏՎԵՑԻՆ
Թափանցիկ աշխատելաոճի մասին մշտապես բարձրաձայնող իշխանությունները շարունակում են որոշ քայլեր գաղտնի իրականացնել: Մասնավորապես, կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր չզեկուցվող մի հարց, որով վարչապետի աշխատակազմին գումար է հատկացվելու, եւ այն էլ՝ գաղտնի:
Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի «1136. ՀՀ Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի շրջանակներում «11016. Նախորդ տարիների պարտավորությունների մարման նպատակով աջակցության տրամադրում» միջոցառման իրականացման նպատակով նախագծով նախատեսվում է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում: Սակայն թե կոնկրետ ինչ լիազորությունների մասին է խոսքը, մանրամասն տեղեկատվություն առկա չէ, եւ համարված է գաղտնի:
Իսկ, առհասարակ, կառավարության այսօրվա նիստում ընդգրկված 26 հարցերից միայն երկուսն էր զեկուցվող, այսինքն՝ նախագծեր, այն էլ՝ հաճախ կարեւորություն ներկայացնող, այս կառավարությունն անցկացնում է գաղտնի կերպով:
Կառավարության նախորդ նիստերից մեկում էլ չզեկուցվող նախագծով պահուստային ֆոնդից Ազգային անվտանգության ծառայությանը 570 մլն 978 հազար դրամ է փոխանցվել` կառույցի առջեւ դրված խնդիրների լուծման աշխատանքները կազմակերպելու հիմնավորմամբ։ ԱԱԾ-ն կես միլիարդ դրամով, ըստ որոշման նախագծի, ձեռք է բերելու հետախուզության համար անհրաժեշտ սարքավորումներ, հագուստ, սնունդ, կենցաղային տեխնիկա եւ այլն։ Նշյալ 570 մլն դրամից 210 մլն դրամն Ազգային անվանգության ծառայության տնտեսումներն են, որը վերադարձվել է պետբյուջե եւ կրկին վերադարձվում է հատուկ ծառայությանը։ Նկատենք, որ գործադիրը պարբերաբար խոշոր գումարներ է հատկացնում այս կամ այն գերատեսչությանը՝ չզեկուցվող նախագծերով։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԿԱՆՉԵԼ ԵՆ ՀՔԾ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանին կանչել են Հատուկ քննչական ծառայություն՝ բացատրություն տալու: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս ՀՔԾ են հրավիրել «Պատիվ ունեմ» Խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի շուրջ տեղի ունեցած միջադեպի գործով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արամ Վարդեւանյանը բացատրություն է տվել դեպքի մասին, պատմել է` ինչ են արել ՊՊԾ աշխատակիցներն Աննա Մկրտչյանի հետ վերոնշյալ օրը, եւ թե ինչ գործողությունների է գնացել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության պետ Սարգիս Հովհաննիսյանը:
ՊԱՆԹԵՈՆԻ ՊԵՏԻՆ ԱԶԱՏԵԼ ԵՆ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրի պետին ազատել են պաշտոնից, վերջինս դիմել է դատարան: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Սմբաթ Գալստանը դիմել է դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը զերծ մնալ ««Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիր» պետական հիմնարկի պետի պաշտոնից ազատելուն ուղղված գործողությունների կատարումից եւ այլ անձի վերոնշյալ պաշտոնին նշանակելու գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնել:
ՀԻՄՔԵՐ ԿԱՆ
«Հիմքերը միշտ են եղել»,- ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հիմա կան հիմքեր Ադրբեջանի հետ հաշտվելու համար. «Այն օրվանից, երբ Հայաստանը՝ որպես անկախ պետություն, ձեւավորվել է, 30 տարի առաջ այդ հիմքը եղել է: Այսօր էլ կա այդ հիմքը, եւ մենք պետք է կարողանանք դա օգտագործել: Պետք է ձգտել հասնել արժանապատիվ խաղաղության: Պետք թշնամու հետ բարեկամանալ նույնիսկ այն ժամանակ, երբ պատերազմ է լինում: Երբ Խորհրդային Միությունը կռվում էր Գերմանիայի դեմ, այդ խահին ԽՍՀՄ-ն արդեն սկսում էր բնակցություններ վարել Գերմանիայի հետ»: