ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ՝ ԲԴԽ-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանն Արագածոտնի եւ Շիրակի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների Աշտարակի, Ապարանի, Գյումրու եւ Մարալիկի նստավայրերի ժամանակավոր պահման խցերի սանիտարահիգիենիկ վիճակի ու պահման պայմանների մշտադիտարկումից հետո վեր հանված խնդիրները եւ դրանց լուծման առաջարկներն ամփոփվել է վերլուծական տեղեկանքում եւ ուղարկել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ:

 

Նշված դատարանների ազատությունից զրկվածներին ժամանակավոր պահելու վայրեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի (NPM)՝ 2021թ. հուլիսի 23-ի չհայտարարված այցով վեր էին հանվել հետեւյալ հիմնական խնդիրները՝ կապված միայն պահման պայմանների հետ.

խիստ անբավարար պայմաններ են առկա Շիրակի դատարանի Գյումրու նստավայրում:

Խցերը, որոնք նախատեսված են ազատությունից զրկված անձանց պահելու համար, գտնվում են դատարանի շենքի նկուղային հարկում, որտեղ բնական լուսաթափանցելիությունն անբավարար է, իսկ խցերի ներսում արհեստական (էլեկտրական) լուսավորություն առկա չէ առհասարակ:

Խցերում որպես պատուհան են ծառայում բետոնե ծածկույթով փոսանման բացվածքներ, որոնք կահավորված են ճաղավանդակներով եւ չունեն ապակե ծածկեր: Սա անթույլատրելի է՝ հատկապես ցուրտ եղանակային պայմաններում խցերում պատշաճ ջերմային ռեժիմի ապահովման տեսանկյունից:

Այցի ընթացքում Գյումրու նստավայրի խցերում բարձր է եղել նաեւ խոնավության աստիճանը, հատակին եղել են ջրի կուտակումներ: Առկա է վերանորոգման հրատապ անհրաժեշտություն՝ հաշվի առնելով նաեւ, որ առկա չէ օդափոխման համակարգ, ժամանակավոր պայման վայրի հատակը բետոնածածկ է, իսկ խցերի պատերի ծափամածիկները թափված են, տեսանելի են ճաքեր:

Բոլոր նստավայրերում խցերի սանհանգույցները խցի բնակելի հատվածից առանձնացված չեն ամբողջական պատով եւ չունեն դռներ:

Ըստ պաշտոնական պարզաբանումների՝ խցերում կարող է պահվել մեկից ավելի անձ, ինչը նշանակում է, որ այս վիճակը հատկապես անընդունելի է նախեւառաջ մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից:

Անընդունելի է նաեւ, որ բոլոր սանհանգույցներն ասիական տիպի են:

Աշտարակի նստավայրում առկա է երկու խուց, որոնց դռերն ամբողջությամբ բաց ճաղերով են, իսկ այդ խցերի ներսում սանհանգույցներն ունեն այնպիսի տեղակայում, որ ակնհայտ դիտարկվում են խցի դրսից՝ միջանցքից:

Սա խախտում է մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը:

Դատարանների խցերի սանհանգույցների հետ կապված այս անընդունելի վիճակն ունի համակարգային բնույթ, այն արձանագրվել է այլ դատարանների (օրինակ՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի եւ Աբովյանի նստավայրեր) հետ կապված նույնպես եւ արտացոլվել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում:

Աշտարակի նստավայրի խցերից մեկը չունի պատուհան, որի պատճառով խուցը չունի բնական լուսավորություն, ինչպես նաեւ չի ապահովվում պատշաճ օդափոխություն՝ նստավայրում օդափոխման համակարգի բացակայության պատճառով:

Աշտարակի նստավայրի երկու խցերից մեկում բացակայում է լվացարանը, իսկ Գյումրու եւ Ապարանի նստավայրերի մեկական խցերում առկա են լվացարաններ, բայց չկան ջրի ծորակներ:

Գյումրու նստավայրի խցերից մեկում լվացարանի խողովակի փոխարեն տեղադրված է պլաստմասե շիշ:

Խցերում բացակայում են հիգիենիկ պարագաները, մասնավորապես՝ ուսումնասիրված խցերում առկա չի եղել օճառ, իսկ սանիտարական թուղթ առկա է եղել միայն Ապարանի նստավայրում:

Մարալիկի նստավայրի բոլոր երեք խցերը, ինչպես նաեւ Գյումրու նստավայրի չորս խցերից երկուսը կահավորված չեն նստարաններով, եւ դրանցում, առհասարակ, որեւէ տեսակի կահավորում առկա չէ:

Նստավայրերի որեւէ խցում առկա չի եղել ազատությունից զրկվածների համար սննդի ընդունման համար անհրաժեշտ պայմաններ:

Դատարանների խցերը եւ խցերի սանհանգույցները հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին: Սրան գումարվում է նաեւ այն, որ քանի որ դատարանի շենքերը նույնպես հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցողների համար, ապա խցերից դատական նիստերի դահլիճ տեղափոխումը մարդու իրավունքների, արժանապատվության տեսանկյունից անընդունելի է:

Մարալիկի եւ Ապարանի նստավայրերի խցերի պայմաններն առավել բարեկարգ են, իսկ դրանց սանիտարահիգիենիկ վիճակն ու լուսաթափանցելիությունը բավարար են:

Այցերի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաեւ դատարանների աշխատակազմերի եւ դատական կարգադրիչների հետ: Դատարանների խցերի հետ կապակցված խնդիրներից է նաեւ դատապարտյալներին դատարան տեղափոխումը, ուղեկցումը եւ պահպանությունն իրականացնող պատասխանատու պետական մարմնի հարցը, որն ունի համակարգային բնույթ եւ մշտապես պարբերական քննարկման առարկա է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում՝ համապատասխան առաջարկներով

 

 

ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ

Քարվաճառի   շրջանի նախկին ղեկավարը իրավապահներին բացատրություն է տվել՝ ինչու էին պատերազմի ժամանակ շտապօգնության մեքենաները տեղափոխվել Հայաստան:

ArmLur.am-ի հետ զրույցում  Քարվաճառի շրջանի նախկին  ղեկավար Հայկ Պետրոսյանը հայտնեց, որ այն, թե «ՈՒԱԶ» մակնիշի թվով 2 ավտոմեքենաները հափշտակված են, կամ դրանց միջոցով Արցախին տարամադրված օգնությունը յուրացվել է, չի համապատասխպանում իրականությանը: Ըստ Քարվաճառի շրջանի  վարչակազմի նախկին ղեկավար Հայկ Պետրոսյանի՝  ոստիկանությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ տրանսպորտային միջոցների գտնվելու վայրի մասին ի սկզբանե տեղեկացված է եղել Արցախի Հանրապետության կառավարությունը, տրանսպորտային միջոցների տեղափոխումը Արցախից կատարվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Անհատական օգտագործման որեւէ նպատակ չի եղել, եւ դրանց համար պատասխանատվությունը կրել  է վերջինս։ Նույն տեղեկատվությունն ամբողջությամբ հաստատել է նաեւ Արցախի Հանրապետության Շահումյան շրջանի վարչակազմը։ Այսպիսով, նյութերով ձեռք բերված ողջ տվյալների համադրմամբ՝ հանցագործության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, եւ 2021թ.-ի օգոստոսի 24-ին, Ոստիկանության Հրազդանի բաժնի ավագ հետաքննիչ, ոստիկանության մայոր Հ. Մարտիրոսյանի որոշմամբ, քրեական գործ չի հարուցվել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահներն օրերս տեղեկություն են ստացել, որ Կոտայքի մարզի Գորգոչ թաղամասի 2-րդ փողոցի 4-րդ տան եւ դրա հարեւանությամբ գտնվող տան բակում կայանված են «ՈւԱԶ» առանց համարանիշի «Շտապօգնության» տարբերանշանով երկու մեքենաներ, որոնք ո՛չ տեր ունեն, ո՛չ տիրական ու, հնարավոր է, հափշտակված են:

Իրավապահների ստուգումների արդյունքում պարզվել է, որ Կոտայքի մարզի Գորգոչ թաղամասի 2-րդ փողոցի 4-րդ տունը պատկանում է Մակիչ Հովհաննիսյանին, որը 2020թ. նոյեմբերի 21-ին իր ընկեր, Քարվաճառի վարչական շրջանի նախկին  ղեկավար Հայկ Պետրոսյանին տրամադրել է ամառանոցի բակը վերը նշված մեքենաները կայանելու համար, որոնք տեղափոխվել են Քարվաճառից:

Ըստ տեղեկությունների՝ նշված «ՈւԱԶ»-ը 2020թ.-ի 44-օրյա պատերազմի ընթացքում որպես օգնություն է տրամադրվել ԼՂՀ-ին: Ինչպես ցույց տվեցին հանգամանքները, Հայաստան տեղափոխվել են այլ նպատակով, ուստի քրեական գործ չհարուցվեց:

 ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

25 ՀՈԳԻ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԵԼ ԵՆ

Արարատի Մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ 62-ամյա Սերժիկ Գրիգորյանը իր վարած FAV մակնիշի ավտոբուսով Բյուրավան-Մխչյան գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին։ Վթարի հետեւանքով 25 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի եւ Երեւանի տարբեր հիվանդանոցեր։ Վիրավորներից մի քանիսին ավտոբուսից դուրս են բերել փրկարարները քաղաքացիների օգնությամբ։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է Գետազատ-Երեւան երթուղին։

 

 

ԱՄՈՒՍՆՈՒ ՎՐԱ ԲԵՆԶԻՆ Է ԼՑՐԵԼ

2021թ. օգոստոսի 25-ին` ժամը 14:10-ին, Գորիսի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածների 1-ին, 2-րդ եւ 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գորիս քաղաքի 35-ամյա բնակիչը, որը նշել է, որ կինը բենզինը լցրել է իր վրա եւ այրել: Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումներ արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ Գորիս քաղաքի 29-ամյա բնակչուհին, տեղյակ լինելով ամուսնու կողմից արտամուսնական կապ ունենալու մասին, 2021թ. օգոստոսի 25-ին` ժամը 14:00-ի սահմաններում, տանից վերցնելով բենզինով կիսով չափ լցված 1 լիտրանոց շիշ եւ լուցկի, գնացել է Գորիս քաղաքի Արցախյան խճուղում գործող սննդի կետ: Այնտեղ հանդիպելով ամուսնուն՝ սրճարանի դիմային հատվածում դյուրավառ հեղուկը շփել է նրա ուղղությամբ եւ հրկիզել: Վերջինս վազել է հարակից ավտոլվացման կետ, որտեղ ջրի շիթը պահել են նրա վրա, ապա տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել է լուցկու վառած 3 հատիկ, տուժողի հագին եղած ու այրված հագուստի մասերը, շշի խցանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում: Կատարվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:




Լրահոս