ՆՈՐ` ԵՌԱՄՍՅԱ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

Կառավարությունն ընդունած որոշմամբ հայտարարեց պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում  հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը:

 

Ըստ նախագծի հիմնավորման` վարժական հավաքներին կներգրավվի ընդհանուր մինչեւ 869 քաղաքացի, որոնցից 576-ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Սահմանվում է, որ վարժական հավաքներին ներգրավվում են.

1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչեւ 98 պահեստազորային, որոնցից 26 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 20-29-ը ներառյալ, 27 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 18-27-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 1-10-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի դեկտեմբերի 1-10-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի դեկտեմբերի 6-15-ը ներառյալ,

2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչեւ 400 պահեստազորային, որոնցից 24 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 14 – 23-ը ներառյալ, 201 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 5-ը ներառյալ, 175 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 3-12-ը ներառյալ,

3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչեւ 13 պահեստազորային, որոնցից 5 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 1-10-ը ներառյալ, 8 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8 – 14-ը ներառյալ,

4) կապի մասնագիտություններով մինչեւ 75 պահեստազորային, որոնցից 71 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8-17-ը ներառյալ, 4 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ,

5) հետախուզական մասնագիտություններով մինչեւ 149 պահեստազորային, որոնցից 129 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 15-24-ը ներառյալ, 20 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 20-29-ը ներառյալ,

6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչեւ 14 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 25-31-ը ներառյալ,

7) ինժեներական մասնագիտություններով մինչեւ 24 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 15-21-ը ներառյալ,

8) տեխնիկական մասնագիտություններով մինչեւ 67 պահեստազորային, որոնցից 27 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 25-31-ը ներառյալ, 40 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8 – 14 ներառյալ,

9) թիկունքային մասնագիտություններով մինչեւ 22 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8-14-ը ներառյալ ներառյալ,

10) տեղագրական մասնագիտություններով մինչեւ 7 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 15-24-ը ներառյալ:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման եւ պատրաստման   վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին  ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, ինչպես նաեւ ՀՀ զինված ուժերում իրականացվում են բարեփոխումներ (կառուցվածքային փոփոխություններ)`  անհրաժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ: Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի Զինված ուժերում լինեն մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ եւ ռազմաուսուցված պահեստազորայիններով: Այս նպատակով ՀՀ զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների  ռազմական  հմտությունների  կատարելագործման, վերապատրաստման եւ պատրաստման վարժական հավաքներ, ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված եւ անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով: Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ, եւ հետագա տարիներին կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ եւ նոր պահեստազորայիններ:

Պահեստազորայինների եռամսյա վարժական եւս մեկ հավաքն արդեն իսկ մեկնարկել է օգոստոսի 25-ից: Այն կավարտվի նոյեմբերի 25-ին:

 

 

ՆՈՐ ՕՋԱԽՆԵՐ՝ ՍԱՀՄԱՆԻՆ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են. «Ըստ մեր փաստահավաք աշխատանքների՝ ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհների հետեւանքով օգոստոսի 29-ից մինչ օրս ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Ազատ, Կութ, Նորաբակ եւ Սոթք գյուղերում այրվել է՝

l Կութում՝ 150 հա արոտավայր եւ 60 հա խոտհարք,

l Ազատում՝ 20 հա արոտավայր եւ 10 հա խոտհարք,

l Սոթքում՝ 80 հա արոտավայր եւ 70 հա խոտհարք,

l Նորաբակում՝ 20 հա արոտավայր եւ 10 հա խոտհարք:

Բոլոր 4 գյուղերում սեպտեմբերի 1-ին՝ մոտ ժամը 16:00-ի դրությամբ ընդհանուր այրվել է շուրջ 270 հա արոտավայր եւ շուրջ 150 հա խոտհարք:

Ոչնչացվում է նաեւ խոտը, որ մարդիկ չարչարանքով են պաշարել ձմռան համար: Օրինակ՝ ոչնչացվել է Կութ գյուղի միայն մեկ բնակչի պաշարած մոտ 500 հակ խոտ:

Նշվածից բացի, օրինակ, Կութ գյուղի մի խումբ բնակիչներ ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանին, որ իրենք ծանր նյութական վնաս են կրել, այրվել են խոտհարքերը, հնձած խոտը, ինչպես նաեւ բնակիչներից մեկի խոտհնձիչը։

Ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհները Գեղարքունիքի մարզում մինչ օրս մարել չի հաջողվում, իսկ եղանակային պայմաններն էլ ավելի են նպաստում հրդեհների տարածմանը:

Դրանք այնպիսի բարձրադիր վայրերում են, որ մարդիկ հրշեջ-փրկարար ծառայողների հետ միասին ստիպված նաեւ ձեռքով են մարել կրակը, իսկ ադրբեջանական զինվորականներն առաջացնում են հրդեհների նոր օջախներ:

Այս բոլոր ահազանգերը ստուգվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, հաստատվել են օբյեկտիվ ապացույցներով: Մշտական կապի մեջ ենք համայնքային մարմինների, բնակիչների, ԱԻՆ համապատասխան ծառայությունների հետ:

Ադրբեջանական զինծառայողների հանցավոր արարքների պատճառով մարդիկ զրկվել են ապրուստի աղբյուրից, ինչն էլ նպաստելու է սոցիալական խնդիրների ավելացմանը:

Տեղի են ունենում բնակիչների իրավունքների զանգվածային խախտումներ, դրանով իսկ դիվերսիոն եւ ահաբեկչական արարքներ ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ:

Հրդեհներն իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի, նրանց ողջ սեփականության համար (հրդեհներին ամենամոտը Կութ գյուղն է):

ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական զինված ուժերի արարքների փաստերը վկայում են, որ դրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար, հանցավոր են եւ ունեն մարդկանց վնաս պատճառելու ուղղակի դիտավորություն, իսկ իրավունքների խախտումներն կրում են զանգվածային բնույթ»:

 

 

ՔԱՆԴՎՈՂ ՎԱՆՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՏԱՀՈԳ ՉԵՆ

Համացանցում քննարկվում էր Հաղարծին վանական համալիրի մոտ ընկած Երազանքների ծառ կոչվածի  միջով անցնելիս դրա կոտրվելը, շատերը վիրավորել էին փչակն  ակամա կոտրած կապիտանին։ Երազանքների ծառն իրենից մշակութային արժեք չի ներկայացնում, իսկ Տավուշի մարզի հնամենի գանձերը՝ Կիրանցի, Առաքելոց, Ջուխտակ վանքերը, Մշկավանքը, Դեղձուտի, Սամսոնի վանքերը, Տվարաեղցին, Բարեկամավանի հնագույն մատուռը եւ տասնյակ այլ հնամենի կոթողներ տարիներ շարունակ քանդվում, քայքայվում են, բայց տեր չկա։ Դրանց ո՛չ Հայ առաքելական եկեղեցին է տեր, ո՛չ պետությունը, ո՛չ էլ հասարակությունը։ Պետությունը մշակութային արժեքների պահպանման հիմնարկով ամեն տարածաշրջանում մի պահակի աշխատավարձ է վճարում, որն ամիսը մի անգամ այցելում է այդ պատմական հուշարձաններ, համոզվում, որ դրանք վերջնականապես չեն քանդվել: Շատ վատ վիճակում  են հատկապես Կիրանց եւ Աճարկուտ գյուղերի հարակից անտառում գտնվող Դեղձուտի ու Սամսոնի վանքերը։ Կողբ գյուղի անտառում հառնող Մշկավանքի պատերի քարերը թափվում են, վանքի մուտքի կամարը վնասված է,  այն ամեն պահ կարող է փլվել։

 

 

ՋՐԹՈՂ ԵԼՔԸ ԲԱՑԵԼ ԵՆ

Սեպտեմբերի 1-ին Իջեւանի դենդրոպարկի նախկին տնօրեն Մեխակ Սայադյանը համացանցում տեսանյութեր եւ լուսանկարներ է զետեղել, որ Աղստեւ գետը  տիղմի հետ ձկներ է բերել, որոնք  հավաքել են Իջեւան քաղաքի բնակիչները։ Այդ նյութերում  երեւում է , որ  իջեւանցիների հավաքած ձկների մեծ մասը Կարաս տեսակի ոչ արժեքավոր ձկներ են։ Իջեւան համայնքի  ղեկավարի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը հայտնեց, որ  գետի բերած   մեծ գերանը փակել էր Իջեւան քաղաքի հարավային ծայրին գտնվող, Իջեւանի համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող  արհեստական, չորացած լճի ջրթող ելքը, ջրամբար լցվող Աղստեւ գետի  ջրերը սպառնում էին քանդել ջրամբարի ջրթող համակարգը։ Այդ համակարգը հանվել է, որպեսզի նորոգելուց հետո նորից տեղադրվի ջրամբարի ջրերի ելքի վրա։ Ա. Ճաղարյանը հայտնեց, որ տեւական շոգի պատճառով ներկայումս Աղստեւի  մակարդակը  ցածր է։

 

 

ԱՌԱՆՑ ԴԻՄԱԿՆԵՐԻ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Իջեւանի թիվ 1, թիվ 5, Խաշթառակի եւ Ակնաղբյուրի դպրոցներ, շնորհավորել գիտելիքի օրվա առթիվ, զրուցել ուսուցիչների եւ աշակերտների հետ։ Համացանցում տեղադրված լուսանկարներում երեւում է, որ դպրոցներ այցելած մարզպետն ու  նրա վարորդն առանց պաշտպանիչ դիմակների են, իսկ դպրոցների ցածր դասարանցիների մեծ մասը՝ պաշտպանիչ դիմակներով։ Որպես մարզի հանրակրթական ոլորտի ղեկավար՝ մարզպետը պետք է իմանար, թե դպրոցում աշակերտների, նաեւ դպրոց այցելող  չափահասների կողմից պաշտպանիչ դիմակներ կրելը պարտադիր է, թե ոչ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս