Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ COVID-ից սեպտեմբերի 1-ին 19 մահ է գրանցվել Հայաստանի Հանրապետությունում։
Նախարարի խոսքով՝ «Դելտա» շտամը աչքի է ընկնում ավելի մեծ վարակելիության աստիճանով, բացի դրանից, հիվանդության ընթացքը ավելի ծանր է։
«Հիվանդության երիտասարդացում ենք նկատում։ Նախորդ շաբաթ ասել էի, որ ունենք 20 եւ 28 տարեկան երիտասարդներ, ցավով պետք է նշեմ, որ նրանցից մեկը մահացել է։ Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ուստի սա մեզ իսկապես ահազանգ է, որ բոլորս պատկերացնենք առաջիկայում մեր վարքագիծը, ամեն մեկը, իր հանրային պատասխանատվության մասը կրելով, նպաստի, որ բնակչության առողջությունն ու կյանքը պաշտպանենք»,- ասել է նախարարը: Ըստ նրա՝ այս պահին կա ծավալված մոտ 1600 մահճակալ, որոնցից 1400-ը զբաղված է: «Ծանր վիճակում է գտնվում 650 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացի: Արհեստական շնչառության ապարատին միացված է 51 քաղաքացի»,- ասել է նա: Այս պահին Հայաստանում պատվաստվել է 293 հազար 955 քաղաքացի: «Նկատում ենք շատ մեծ հոսք, ինչը ողջունելի է»,- ասել է նա:
Նշենք, որ սեպտեմբերի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 243 386 դեպք, որոնցից 227 726-ը` առողջացած, 4876-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9625 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 554 292 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 6394 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 636 նոր դեպք: Ունենք 433 առողջացած, 19 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1159 է:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 1-ին կատարվել է 42 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթեւ ձեւերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 661 քաղաքացու հետազոտություն, որից 1063-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետեւել ցուցումներին նոր բռնկումներից խուսափելու եւ օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Նախորդ տարի Հայաստանում պատվաստանյութերի համար չկային սառնարանային պայմաններ, սակայն վերջին ամիսներին դրանք համալրվել են: «Այս պահին երկիրն արդեն պատրաստ է սառցային շղթա պահանջող պատվաստանյութերի ընդունմանն ու բաշխմանը: Նման պատվաստանյութերի թվին է պատկանում, օրինակ, Pfizer-ի պրեպարատը: Կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութեր Հայաստանում լինելու են, բայց կոնկրետ ժամանակահատվածները դեռ հայտնի չեն»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ մարդիկ մեր երկրում այժմ ավելի շատ են տեղեկացված պատվաստանյութերի մասին:
ՍԻԳԻ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՎԵՑ
Կառավարությունը փոփոխություններ է կատարել իր երկու որոշումներում, որոնք վերաբերում են Սեւանա լճից ձկան արդյունահանմանը: Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի փոխանցմամբ՝ այս փոփոխությունների անհրաժեշտությունը բխում է 2021 թվականի մարտի 25-ից մեկնարկած՝ Սեւանա լճում Սիգի արդյունագործական որսի գործընթացի իրականացման կարգավորման անհրաժեշտությունից։
«2021 թվականին Սեւանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 250 տոննա չափաքանակ, արդյունագործական որսն իրականացվել է 2021-ի մայիսի 14-ից, կնքվել է 303 պայմանագիր 221164 կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար, որսն իրականացնելու համար սահմանվել եւ կահավորվել են 25 կետեր, փաստացի որսն իրականացվել է 19 կետերից։ Որսի իրականացման վերջնաժամկետ է սահմանվել 2021 թվականի սեպտեմբերի 1-ը:
Սահմանված չափաքանակից շուրջ 29 տոննա Սիգի համար հայտ չի ներկայացվել: Ներկայացված հայտերի շրջանակներում 2021 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ եւս առկա է որոշ չափաքանակ (շուրջ 20 տոննա), ինչը պայմանագիր կնքած ձկնորսները, եղանակային պայմաններով պայմանավորված, չեն հասցրել որսալ մինչեւ սեպտեմբերի 1-ը:
Արդյունագործական որսի կազմակերպման եւ իրականացման ընթացքում աշխատանքային կարգով շարունակական քննարկումներ են կայացել շրջակա միջավայրի նախարարի, Գեղարքունիքի մարզը ներկայացնող ԱԺ պատգամավորների, Գիտությունների ազգային ակադեմիայի, «Սեւան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների, ձկնորսների եւ այլ շահագրգիռ անձանց հետ՝ ընթացքում ծագած խնդիրները հասկանալու եւ դրանց լուծման համար անհրաժեշտ փոխհամաձայնեցված տարբերակի որոշման ուղղությամբ։
Քննարկումների արդյունքում առաջարկվել է որսի ժամկետները սեպտեմբերի 1-ը սահմանելու վերաբերյալ ձկնորսների կողմից հնչեցված դժգոհությունների, ինչպես նաեւ առկա սոցիալական խնդրի կարգավորման նպատակով վերանայել օգտագործման համար սահմանված չափաքանակը եւ պայմանագրերի գործունեության ժամկետները։
Առաջարկը առանձին քննարկվել է նաեւ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտնականների հետ, եւ ձեռք է բերվել համաձայնություն 2021 թվականի համար Սիգի արդյունագործական նպատակներով չափաքանակը ավելացնել եւս 50 տոննայով եւ որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչեւ ս.թ. հոկտեմբերի 15-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել Սիգի արդյունագործական որս: