
Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև նախատեսվում է ստորագրել 2020թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր:
Համաձայնագիրն ապահովում է համապատասխան իրավական շրջանակ, որը հիմք է հանդիսանում առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի կնքման և կողմերի միջև համագործակցության համար։
Համաձայնագրով նախատեսվում է մինչև 3.000.000 եվրոյի ֆինանսական օժանդակություն տրամադրել «Կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացում-Հայաստան» ծրագրի իրականացման համար:
Բացի այդ՝ Գերմանիայի Կառավարությունը Հայաստանի կառավարությանը կամ 2 կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուի հնարավորություն է ընձեռնում ստանալ վարկ՝ Վերականգնման վարկերի բանկի կողմից զարգացման հանրային քաղաքականության շրջանակներում 40.000.000 եվրո «Վերականգնվող էներգիայի զարգացում (II փուլ) DKTI (Կլիմայի և տեխնոլոգիաների գերմանական նախաձեռնություն)» և 70.000.000 եվրո «Փոքր և միջին ձեռնարկությունների խթանում III» ծրագրերի իրականացման համար:
Համաձայնագիրը հանդիսանում է շրջանակային, որի ներքո հետագայում նախատեսվում է առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի ստորագրում՝ ըստ վերոնշյալ ծրագրերի:
Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում «Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը: