Սեպտեմբերի 6-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում ավարտվեց Գյումրիում 22-ամյա մոր կողմից մանկահասակ երեխայի՝ Գայանե Ալեքսանյանի սպանության գործով դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը դատարանը, նիստը նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ վճռեց մանկահասակ երեխայի մորը՝ Անի Աշոտի Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 104 հոդվածի առաջին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել 10 տարի ժամանակով, որը նա պետք է կրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում և պատժի սկիզբը հաշվել 2019 թվականի օգոստոսի 31-ը:
«Անի Մինասյանի նկատմամբ ընդունված խափանման միջոցը՝ կալանավորումը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը»,- նշեց դատավոր Ջոն Հայրապետյանը՝ հավելելով, որ դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ դատարանում 1 ամսյա ժամկետում: Դատարանի դահլիճում մայրը հրաժարվեց իրեն հատկացված վերջին խոսքի իրավունքից:
2019–ի օգոստոսի 31–ին Գյումրու Բուլվարային թաղամասի աղբանոցում մոտ 1 տարեկան երեխայի դի էր հայտնաբերվել։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Գյումրիում բնակվող մի կին կպչուն ժապավենով կապել է իր՝ 2018-ի սեպտեմբերին ծնված դստեր ձեռքերն ու ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ։ Հետո երեխային տեղափոխել և դրել է փողոցում տեղակայված աղբարկղերից մեկի մեջ։
Նախաքննության ընթացքում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մանկահասակ երեխան մահացել է մեխանիկական շնչահեղձությունից՝ սննդային զանգվածով շնչառական ուղիների փակման հետևանքով: