Քրոջը հայհոյելու համար փողոցում հանդիպել են, վիճել, հարվածներ հասցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է եղբայրների կողմից համաքաղաքացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ 2021թ. մարտի 19-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, 22-ամյա երիտասարդը 17-ամյա համաքաղաքացու հետ հեռախոսային խոսակցության ընթացքում հայհոյանք է հնչեցրել վերջինիս քրոջ հասցեին, ինչին նա պատասխանել է փոխադարձաբար: Պարզաբանումներ ստանալու պատրվակով երիտասարդը, իր անչափահաս եղբոր հետ Էջմիածին քաղաքի Նավասարդյան փողոցում հանդիպել է համաքաղաքացուն և նշված հարցի շուրջ վիճաբանել, որի ընթացքում եղբայրները հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին:

Այդ ընթացքում 22-ամյա երիտասարդն իր մոտ եղած կացնանման առարկայի ոչ սուր հատվածով մի քանի անգամ հարվածներ է հասցրել համաքաղաքացուն, այդ կերպ եղբայրները 17-ամյա երիտասարդին պատճառել են կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածք:

Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ՝ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: 22-ամյա երիտասարդի նկատմամաբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ եղբոր նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:




Լրահոս