ԿԸՀ-ն լիազորություն կունենա պատգամավորի թեկնածուին զրկել անձեռնմխելիությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները շարունակում են նոր քայլեր մտածել ընդդիմադիրների ճանապարհը փակելու համար: Բանն այն է, որ Գլխավոր դատախազությունն այժմ էլ նոր նախագիծ է մշակել, որը նպատակ ունի այսպես ասած կանխել այն պատգամավորների մուտքը խորհրդարան, որոնց մեղադրանք է առաջադրված կամ անցնում են այս կամ այն քրեական գործով:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին եւ դրանք վերաբերում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընտրացուցակում ընդգրկված թեկնածուի կամ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի հարաբերություններին: Այս փոփոխություններով, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուի վերաբերյալ տալիս է որոշում ազատությունից զրկելու, ապա վերջինիս մանդատ ստանալու դեպքում նրա անձեռնմխելիությունն այլեւս չի գործի։

Ինչպես հայտնի է, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ  Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը և Արմեն Չարչյանը կալանավորվել են, որովհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է դատախազության միջնորդությունները նրանց կալանավորելու վերաբերյալ: Գլխավոր դատախազությունը փոփոխությունների նախագծով հստակեցնում է, որ Դատախազությունը միակ մարմինն է, որը կարող է դիմել ԿԸՀ՝ թեկնածուի կամ ընտրված, բայց դեռ լիազորությունները չստանձնած պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալու համար: ԿԸՀ-ը միջնորդության վերաբերյալ որոշումն ընդունում է ոչ ուշ, քան դրա մուտքագրման հաջորդ օրը՝ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ստացվում է՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու լիազորությունը Ազգային ժողովից դուրս է բերվելու եւ տեղափոխվի ԿԸՀ-ի լիազորությունների դաշտ:

Սեպտեմբերի 5-ն այս նախագծի  քննարկման վերջին օրն էր, սակայն հանրային քննարկման ներկայացված 2 շաբաթների ընթացքում նախագիծը կարդացել է ընդամենը 309 մարդ, ստացվել է 0 բացասական, 3 դրական արձագանք:

Ն.Հ.




Լրահոս