Ինչպես հայտնի է հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց օգոստոսի 25-ին Ազգային ժողովում ԱԺ նախկին պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու մասով: Երեկ հրապարակել էինք տեսանյութ, որտեղ ակնհայտ երեւում է, որ Գեղամ Մանուկյանին ծեծի է ենթարկում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
ՀՔԾ-ն նաեւ ծանուցում է ուղարկել Գեղամ Մանուկյանին, որ նա եւս գնա ՀՔԾ եւ բացատրություն տա տեղի ունեցած միջադեպով: Արդյունքում Գեղամ Մանուկյանը ներկայացել է ՀՔԾ եւ բացատրություն է տվել դեպքի մասին: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս իր բացատրությունում կոնկրետ անուններ չի տվել եւ ընդամենը նախաքննական մարմնին հայտնել է, թե ինչից է սկսվել վեճը եւ կոնկրետ եղել է խմբակային հարձակում: Ասել է, թե Գեղամ Մանուկյանը ՀՔԾ-ում Հայկ Սարգսյանի անունը չի տվել:
Ի դեպ, վերլուծելով իրավիճակը, իրավապահ համակարգում սեւեռվել են Հայկ Սարգսյանի վրա: Ստացվում է, որ նոր գործողությունների մասով ՀՔԾ-ում երկու քրեական գործ է քննվում:
Այս տարվա մայիսի 21-ին գրել էինք, որ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի գործով ուշագրավ իրավիճակ է ստեծվել իրավապահ համակարգում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Գլխավոր դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի որոշումը՝ պատգամավորի մասով, քրեական գործ չհարուցելու դեպքով եւ ուղարկել է ՀՔԾ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է քննություն: Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով.
«Գլխավոր դատախազությունը վերացրել է քրեական գործ չհարոցելու որոշումը: ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունավում է»:
Իսկ ինչ էր կատարվել
Հիշեցնենք՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն» արձանագրել էր, որ պատգամավորի 2018-ին ներկայացրած հայտարարագրում եկամուտների էական փոփոխությունը չի հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով, այսինքն՝ մինչ պաշտոն զբաղեցնելը նա այլ եկամուտ է ունեցել, իսկ դրանից հետո աճը եղել է չհիմնավորված, ինչն էլ կասկած է առաջացրել ու հաղորդում ներկայացրել դատախազություն։ Դատախազությունն էլ այս գործը ուղարկել էր ՀՔԾ, որտեղ մայիսի 10-ին որոշել էին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամտի աղբյուրները թաքցնելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառվելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել հանցակազմի բացակայության հիմքով, սակայն ինչպես նկատում ենք, Գլխավոր դատախազությունը պատերազմ է հայտարարել պատգամավորին եւ որոշել է կուլ չգնալ իշխանություններին եւ գործին ընթացք տալ: Եվ հիմա էլ Գեղամ Մանուկյանի ծեծի գործն է ավելացել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Քնար Մանուկյան