Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը վստահեցնում է՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին չեն պատժում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շիշ նետելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, որ Ղազինյանը հեռու է ռազմական գործից, ու եթե ընդդիմությունը 5 տարի անընդմեջ նրան առաջադրի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, մեծամասնությունն անընդհատ մերժելու է նրա թեկնածությունը։
«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել Արմեն Խաչատրյանին:
-Պարո՛ն Խաչատրյան, հերթական անգամ Արթուր Ղազինյանին չընտրեցիք հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: Բացատրությունը եւ հիմնական մեխը ո՞րն է:
-Չեմ կարող ասել՝ ընդդիմության կողմից դա քաղաքական ակցիա է, թե ուղղակի նպատակահարմարություն, բայց, այո, մենք մերժեցինք Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Իշխանության կողմից որեւէ քաղաքական ակցիա չկա, ուղղակի մենք Արթուր Ղազինյանին չենք տեսնում այդ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: Մենք հորդորում ենք ընդդիմությանը, որ ներկայացնեն այլ թեկնածուներ: Եթե քաղաքական ակցիա լինի, ապա բոլոր թեկնածուների մասով էլ կարող էինք նման քայլեր անել, բայց վստահաբար ասում եմ, որ եթե լինեն այլ թեկնածուներ, քննարկումներ կլինեն, եւ, ինչու չէ, կարող ենք հաստատել այդ թեկնածուին որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ:
-Անձի՞ հետ է կապված, թե՞ գաղափարի, գործունեության:
-Իհարկե, կենսագրություն ասվածը թղթի վրա դեռեւս շատ քիչ է: Մենք Արթուր Ղազինյանի գործունեությանը մանրամասն ծանոթ ենք եւ հակադրությանը մանրամասն անդրադարձել ենք եւ ասել, թե ինչու չենք ցանկանում Արթուր Ղազինյանին ընտրել որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ: Եվ մենք ուրախ կլինենք, որ ընդդիմությունը հնարավորինս սեղմ ժամկետում առաջադրի այլ թեկնածու, եւ մենք կրկին քննարկումների հնարավորություն ունենանք:
-Իսկ եթե ընդդիմությունը կրկին նույն մարդուն առաջադրի՞ որպես հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու…
-Եթե անընդհատ նույն մարդուն առաջադրեն, իսկապես քաղաքական ակցիա կդառնա: Եվ խնդիր չկա, եթե մենք դեմ ենք, այլ ասելիք չունենք եւ կրկին դեմ կլինենք: Հանձնաժողովի աշխատանքներին սա ամենեւին չի խանգարելու, եւ Ղազինյանը եւս կարող է ներկայանալ այդ աշխատանքներին, եւ դրանք չեն տուժի: Պարզապես Դոնթի բանաձեւի համաձայն՝ այդ պաշտոնը վերապահված է ընդդիմությանը, եւ ես առաջարկում եմ, որպեսզի քաղաքական ակցիայի ընդդիմությունը չվերածի այս ամենը:
-Տեսակետներ են հնչում, որ իշխանությունը չի ընտրում նրան, քանի որ հայտնի միջադեպի օրը նա շիշ է նետել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, եւ նրան պատժում են:
-Շիշ նետելու դրվագն ամենափոքրերից է, վեճ ու քաշքշուկ է եղել, իսկ դրա ժամանակ փլավ չեն բաժանում: Եվ սա ամենափոքր պատճառն էր, որ կարող էր հիմք հանդիսանալ նրան չընտրելու համար: Երբեք զինված ուժերը իրավունք չունեն քաղաքականության մեջ խառնվել, քան որպես քաղաքացի ընտրելու իրավունք ունենան: Մի անգամ Ղազինյանը նշեց, թե ճիշտ են արել, բայց սա սխալ է, երբ նաեւ դասախոսն է այդ մասին ասում: Այսօր էլ ստիպված արձագանքել եմ, քանի որ նա մի հայտարարություն էր արել, թե սերիական մարդասպանը այցելել էր Եռաբլուր: Եվ ես հարց տվեցի, որ որակի սերիական մարդասպանի գործողությունները՝ որպես Քրեական օրենսգրքի հոդվածի մաս: Նա չպատասխանեց այդ հարցին եւ չէր էլ կարող պատասխանել: Դրանով եւս նա հորդորեց պահեստազորայիններին, որ անգամ չխառնվեն: Այս պատճառներն են հիմք հանդիսացել, որ մերժենք նրա թեկնածությունը: Եթե անգամ հինգ տարի շարունակ նրան առաջադրեն, մենք հինգ օրը մեկ հավաքվելու ենք ու մերժենք նրան:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՔՊ ԾՐԱԳՐԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորված նոր կառավարության՝ 2021-2026 թվականների հնգամյա ծրագիրը, որն արդեն հաստատվել է խորհրդարանի կողմից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ, հիմնված է խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների վրա։
ArmLur.am-ն առանձնացրել է կուսակցության նախընտրական ծրագրում առկա դրույթները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Օրինակ՝ նախընտրական ծրագրում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Արցախի հիմնախնդրին առանձին՝ 7 կետից բաղկացած բաժին էր հատկացրել: Կուսակցությունը նշում էր, որ իրենց գլխավոր խնդիրը լինելու է պատերազմի հետեւանքների վերացումը, ինչպես նաեւ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորումը: Հստակորեն նշվում էր, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատեւել Ադրբեջանի ենթակայության ներքո։ ՔՊ-ն Արցախի անվտանգության ապահովման կարեւորագույն գործոն էր համարում հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ ուժերի երկարաժամկետ ներկայությունը, իսկ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման միակ ընդունված միջազգային ձեւաչափը համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը:
Իսկ այս կառավարության ծրագրում Արցախին վերաբերող հատվածը բաղկացած է ընդամենը 4 կետից: Եթե նախընտրական ծրագրում շեշտվում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով, ապա կառավարության ծրագրում արդեն նշվում է, որ մի քանի տարրերի հիման վրա պետք է հարցը լուծվի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի: Այլ մանրամասներ այս մասին չեն նշվում, եւ չի հստակեցվում, թե ինչ տարրերի մասին է խոսքը: Ի տարբերություն ՔՊ ծրագրի՝ կառավարությունը չի խոստանում նաեւ Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում օժանդակություն ցուցաբերել: Հատկանշական է նաեւ, որ կառավարությունը խուսափել է օգտագործել Արցախի Հանրապետություն եզրույթը ծրագրի ողջ տեքստում, թեեւ ՔՊ-ի ծրագրում այն մի քանի անգամ հանդիպում էր:
Տնտեսության վերաբերյալ մոտեցումները հիմնականում չեն տարբերվում երկու փաստաթղթերում: Կան միայն աննշան փոփոխություններ: Եթե կառավարության ծրագրում նշվում է, որ նվազագույն կենսաթոշակի եւ կենսաթոշակի միջին չափերը հավասարեցվելու են համապատասխանաբար պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքներին, ապա ՔՊ ծրագիրն ավելի կոնկրետ է: Նշվում էր, որ կենսաթոշակի միջին չափը 43,500 դրամից դարձնելու են առնվազն 61,000 դրամ, իսկ նվազագույն կենսաթոշակը 26,500 դրամից դարձնելեւ են 37,000 դրամ: Միջին աշխատավարձը 190,000 դրամից 300 հազար դրամ դարձնելու նպատակը նույնպես նշված չէ կառավարության ծրագրում:
Այս հանգամանքին զուգահեռ նկատենք, որ ՌԴ կառավարության միասնական տեղեկատվական համակարգի «Գնումներ» բաժնում տեղադրված է Ռուսաստանի ՊՆ գնման պատվերը, որում Լեռնային Ղարաբաղը նշվում է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
Ն.Հ.
ՀԱՎԱՔՎԵԼ ԵՆ
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ անցած շաբաթ հայրենի իշխանության ներկայացուցիչները մերձեցման երեկո են կազմակերպել: Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների` երեկոն տեղի է ունեցել Աշտարակի ձորի ռեստորաններից մեկում, որին ներկա է եղել անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մեր տեղեկություններով` հավաքի նպատակը եղել է «մոտիկից» թիմի ծանոթությունը: Հայրենի կառավարության ամբողջ կազմը, նորընտիր Ազգային Ժողովի պատգամավորները եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները հավաքվել են մեկ վայրում՝ իրենց վերընտրվելը տոնելու, միմյանց հետ շփվելու ու ժամանակ անցկացնելու համար: Հավաքույթի ժամանակ իշխանության ներկայացուցիչները խմել են հունիսի 20-ին ընտրություններում իրենց հաղթանակի, նոր կառավարության ձեւավորման, ինչպես նաեւ խորհրդարանում նորից մեծամասնություն կազմելու համար: Իշխանության ներկայացուցիչները բարձր տրամադրություն են ունեցել, ողջ երեկոյի ընթացքում վարչապետն իր թիմի հետ խոսել է առաջիկա անելիքներից, ու, կարելի է ասել, այդ ջերմ հավաքից հետո իշխանության մեծամասնությունը մեկնել է տարբեր երկրներ՝ վայելելու իր արձակուրդը:
ԹԵԿՆԱԾՈՒ ՉԿԱ
Հոկտեմբերի 17-ին Հայաստանի մի քանի մարզերի մի շարք համայնքներում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընտրություններ են սպասվում նաեւ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում։ Սեպտեմբերի 2-ին թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում սկսվեցին կուսակցությունների կամ դաշինքների ավագանու անդամների թեկնածուների առաջադրումները։ Չնայած հանգամանքին, որ փաստաթղթերի ներկայացման համար քաղաքական ուժերն ունեն ընդամենը 10 օր ժամանակ, որից 4-ն արդեն անցել է, այնուամենայնիվ հիմնական դերակատարներից գրեթե ոչ մեկը դեռ նույնիսկ վերջնական որոշում չունի՝ մասնակցելու են ընտրություններին, թե ոչ։ ԿԸՀ-ից Civic.am-ին հայտնեցին, որ այսօրվա դրությամբ տարածքային հանձնաժողովներում առաջադրումներ չկան։ Իրենց մասնակցության մասին առայժմ հայտարարել է Գյումրու «Ազգային արժեք» ակումբի եւ Երեւանի գործընկերների՝ «Հայք», «Նժդեհյան Ցեղակրոն», «Քրիսոտնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունների համատեղ՝ «Գյումրին կռնա» դաշինքը։ Դաշինքի քաղաքապետի թեկնածուն «Ազգային արժեք» ակումբի հիմնադիր Վարդան Սրտաշյանն է։