Հայաստանում քաղաքացիների մոտ բողոքի նոր ալիք է հասունացել. պատճառը կորոնավիրուսի դեմ «պարտադիր» պատվաստումն է: Քաղաքացիները նոր խնդրի առաջ են կանգնած՝ պատվաստվել, թե ոչ: Հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստի պահանջը չկատարելու դեպքում հանրային ծառայողը կազատվի աշխատանքից: Այսպես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ է առաջարկում կատարել: Նախագիծը մի քանի օր է, ինչ շրջանառության մեջ է դրվել եւ արդեն հասցրել քաղաքացիների, այդ թվում՝ մասնագետների մոտ զայրույթ առաջացնել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախագծով առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարել փոփոխություն եւ լրացումներ, որոնցով սահմանվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու եւ լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը: Ի դեպ, օրենքի նշված հոդվածի գործողությունը կտարածվի հանրային ծառայությունը ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության եւ հանրային պաշտոնների վրա։ Ընդ որում, աշխատողն ինքը կարող է ընտրել կանխարգելման այն միջոցը, որը անհրաժեշտ կլինի իր աշխատանքի ներկայանալու համար՝ դա կլինի հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը կամ, իր ցանկության դեպքում, պատվաստման սերտիֆիկատը, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արդարադատության նախարարությունն առաջարկում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված պարտականությունները չկատարելու դեպքում նրան չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունները եւ չտրամադրել վարձատրություն: Իսկ պարտականությունների խախտման արդյունքում իր աշխատանքային պարտականությունների կատարումը չթույլատրվելու հետեւանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատանքային պարտականությունները չկատարելը հանրային պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելու կամ հանրային ծառայողի լիազորությունները դադարեցնելու հիմք է: Ավելին, այս մասով նախատեսված հիմքի ի հայտ գալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում է համապատասխանաբար հանրային պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելու կամ հանրային ծառայողի լիազորությունները դադարեցնելու մասին համապատասխան իրավական ակտ: Ի դեպ, պարտականությունը տարածվում է նաեւ քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաեւ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վրա՝ բացառությամբ ՀՀ նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների։ Սակայն քաղաքացիներն առայժմ լուռ են բողոքում շրջանառվող այս նախագծի դեմ. թե ինչ կլինի հոկտեմբերի 1-ից հետո, երբ գործատուն աշխատողից պահանջի ներկայացնել ՊՇՌ տեստի բացասական արդյունքը կամ պատվաստման փաստաթուղթը, ցույց կտա ժամանակը, քանի որ քաղաքացիների լայն շրջանակ դեմ է պատվաստումներին, իսկ ՊՇՌ տեստի հետազոտությունը լրացուցիչ ֆինանսական բեռ է: Բացի այս, Արդարադատության նախարարությունը որպես օրինակ բերել է «ՄԻԵԴ-ը Վավրիկան եւ այլոք ընդդեմ Չեխիայի Հանրապետության» գործը՝ երեխաների պարտադիր պատվաստումների վերաբերյալ` եզրահանգելով, որ քննարկվող դեպքում պատվաստման պահանջը բխում է անհատների եւ հասարակության առողջության պահպանման եւ երեխաների շրջանում պատվաստման մակարդակի նվազման կանխարգելման հրատապ սոցիալական անհրաժեշտությունից: ՄԻԵԴ-ն իրավաչափ է համարել նաեւ չպատվաստվելու դեպքում չեխական օրենսդրությամբ նախատեսված սանկցիան, այն է՝ տուգանք՝ մինչեւ10.000 չեխական կրոնա (մոտ 400 եվրո)։ Ի դեպ, այս նախագիծն արդեն հասցրել է դիտել ավելի քան 2000 քաղաքացի, կողմ քվեարկել է 107 հոգի, իսկ դեմ արտահայտվել է 118 քաղաքացի: Բայց, սրան զուգահեռ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է աշնանը աշխարհում կորոնավիրուսային հիվանդության նոր ալիքի սպառնալիքի մասին, ապա խորհուրդ է տալիս պետություններին ձեռնարկել միջոցներ նոր ալիքի դեմ պայքարելու եւ վարակի տարածման տեմպերը կանխելու համար: Միաժամանակ, ԱՀԿ-ն զգուշացնում է կորոնավիրուսային հիվանդության նոր տեսակների՝ Ալֆա (բրիտանական), Բետա (հարավ-աֆրիկյան), Գամմա (բրազիլիական) եւ Դելտա (հնդկական) առաջանալու եւ դրանց առավել վտանգավորության մասին:
Ս.Հ.
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կարեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, գործով պատասանող հանդիսացող իր մայր Մարիա Հարությունյանի հետ մասնակցելով դատավոր Ռուբեն Բունիաթյանի նախագահությամբ ընթացող քաղաքացիական գործի քննությանը, նշված գործով 2021թ. հունիսի 3-ին՝ ժամը 12:30֊ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի թիվ 7-րդ դահլիճում վճռի եզրափակիչ մասի հրապարակման ժամանակ տեղեկանալով իրենց պատկանող Երեւան քաղաքի էմին 112/4 տունը աճուրդով վաճառելու մասին, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու եւ դատավորին սպանության սպառնալիք տալու դիտավորությամբ, պաշտոնական լիազորությունների իրականացման առնչությամբ վիրավորելով դատավոր Ռուբեն Բունիաթյանին, վերջինիս հասցեին տեւական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես նաեւ տալով իրականացնելու իրական վտանգ պարունակող սպանության սպառնալիքներ, հայտնել է, որ Երեւան քաղաքի Մալականի այգի կոչվող հատվածում մորթելու է վերջինիս, քանի որ տեղյակ է Մերգելյան փողոցի հարակից տարածքում գտնվող նրա բնակության վայրի մասին:
ՔՆՆԻՉՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ
Օրերս բարձրագույն դատական խորհուրդը ընտրեց 17 դատավորի, որոնք դարձան քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու դատավորներ կամ, ինչպես դատական համակարգում են ասում, կալանք տվող դատավորներ: Ուշագրավն այն է, որ ընտրված դատավորներից շատերը դատավոր են ցանկացել դառնալ՝ լքելով դատախազի, Հատուկ քննչական ծառայությունում ավագ քննիչի կամ Քննչական կոմիտեում վարչության պետի պաշտոնը: Ասել է թե՝ Հատուկ քննչական ծառայությունից, Քննչական կոմիտեից եւ Դատախազությունից արտահոսք է սկսվել. դատախազներն ու քննիչները լքում են իրենց պաշտոնը՝ ցանկանալով դառնալ կալանք տվող դատավոր: Իսկ ովքե՞ր են նրանք. կալանք տվող դատավորներ են ընտրվել Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Արուսյակ Ալեքսանյանը, Շիրակի մարզի դատախազության դատախազի տեղակալ Արտյոմ Ավետիսյանը, Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Կարեն Հովհաննիսյանը, Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վարսենիկ Մելքոնյանը, Լոռու մարզի դատախազի տեղակալ Արմեն Շիրոյանը, Լոռու մարզի դատախազ Արմեն Պողոսյանը, Հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի իրավաբան Գայանե Վարոսյանը:
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ դեռեւս շարունակվում են քննարկումները` Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների մանդատի հետ կապված լրացուցիչ իրավական մեխանիզմների վերաբերյալ: BBC-ին տված հարցազրույցում Հաջիեւը նշել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունն ու գործողությունները իրականացվում են 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն, որը ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները: Հաջիեւի խոսքով՝ նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագիրը սահմանել է «քաղաքական եւ որոշ չափով՝ իրավական դաշտ» խաղաղապահ ուժերի համար: «Ինչ վերաբերում է խաղաղապահների մանդատի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերին եւ լրացուցիչ իրավական մեխանիզմներին, ապա կողմերի միջեւ եղել են առաջնային շփումներ այդ հարցի շուրջ, եւ որոշակի բանավեճեր դեռեւս շարունակվում են»,- ասել է Հաջիեւը:
ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն եւ Աշան համայնքներ։ Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ այցի ընթացքում երկրի ղեկավարը հանդիպել է 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում զոհվածների հարազատների հետ՝ նրանց հանձնելով նահատակների պետական բարձր պարգեւները։ «Մեր հերոս տղաների սխրանքի շնորհիվ է, որ կարողացանք փրկել Հայրենիքի մի մասը եւ այսօր հնարավորություն ունենք ապրելու եւ արարելու հայրենի հողում։ Ոստի մենք պարտավոր ենք շենացնել այն եւ արժանապատիվ ապագա կառուցել գալիք սերունդների համար՝ նրանց դաստիարակելով հայրենասիրական ոգով», – իր խոսքում նշել է ԱՀ նախագահը։ Արայիկ Հարությունյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել ներկաներին եւ հավաստիացրել, որ պետությունը մշտապես գտնվելու է հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած մարտիկների ընտանիքների կողքին։
ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Խովաեւը ժամանել է Հայաստան: Իգոր Խովաեւը Երեւանում հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ ՀՀ ԱԳՆ-ն դեռեւս չի հայտնել: Իգոր Խովաեւն օգոստոսի 31-ին այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպում էր ունեցել այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: