ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահները շարունակում են բացահայտումները, թե ինչպես են պատերազմի մասնակից զինվորների անվամբ գումարներ շորթում: Այսպիսով, մեզ հայտնի դարձավ, որ Արաքսյա Հովհաննեսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ռազմական ագրեսիայի հետեւանքով վիրավորված զինվորներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նախաձեռնությամբ այցելել է ՀՀ-ում գործող տարբեր բժշկական կենտրոններ, լուսանկարահանել վիրավորված եւ ստացիոնար բուժօգնություն ստացող զինվորներին, որից հետո հիշյալ լուսանկարները տեղագրել է «Ֆեյսբուք» եւ «Ինստագրամ» սոցիալական կայքերի իր անձնական էջերում եւ վերջիններիս բուժման եւ այլ կարիքների համար գումարային աջակցության խնդրանքով դրամահավաք կազմակերպել, միաժամանակ մոր՝ Սոնյա Հովհաննեսյանի անունով հաշվեհամար է բացել, այն տեղագրել նշված կայքերում ու համապատասխան գրառումներով եւ ուղիղ հեռարձակմամբ կազմակերպված տեսաուղերձներով հորդորել բարերարներին դրամահավաքին ուղղված գումարներն ուղարկել հիշյալ հաշվեհամարին:

 

Այդ ընթացքում Արաքսյա Հովհաննեսյանը, տեղեկանալով, որ Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի Կուսա քաղաքում բնակվող Նինա Աճեմյանը նույնպես պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորումներ ստացած զինվորներին ֆինանսական աջակացության նպատակով դրամահավաք է իրականացնում, կապ է հաստատել վերջինիս հետ եւ առաջարկել վերջինիս նրա կողմից հավաքված գումարները փոխանցել իրեն, որպեսզի ինքն անձամբ փոխանցի բժշկական հաստատություններում բուժօգնություն ստացող եւ ֆինանսական կարիք ունեցող կոնկրետ զինվորների, որպիսի առաջարկին Նինա Աճեմյանը համաձայնել է: Այնուհետեւ երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արաքսյա Հովհաննեսյանը պետք է անձամբ այցելի բժշկական հաստատություններ, լուսանկարի վիրավորում ստացած տղաներին, նկարներն, ինչպես նաեւ զինվորների կենսագրական տվյալներն ուղարկի Նինա Աճեմյանին, որպեսզի վերջինս իր ինստագրամյան էջով տղաների համար կազմակերպի դրամահավաք եւ հավաքված գումարը փոխանցի Արաքսյա Հովհաննեսյանին, ով էլ իր հերթին յուրաքանչյուր զինվորի համար պայմանավորված գումարի չափաբաժնով պետք է տրամադրի կոնկրետ զինվորին, միաժամանակ գումարի տրամադրման պահը պետք է տեսանկարահանվի Արաքսյա Հովհաննեսյանի կողմից եւ տեսանյութն ուղարկվի Նինա Աճեմյանին: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերից մինչեւ դեկտեմբեր ներառյալ Արաքսյա Հտվհաննեսյանի կողմից Նինա Աճեմյանին է ուղարկվել փաստացի բուժօգնություն ստացող մի շարք զինվորների լուսանկարներ, որոնք համացանցում տեղագրելու միջոցով Նինա Աճեմյանի կողմից կազմակերպվել է դրամահավաք եւ ստացված գումարներն ուղարկվել Արաքսյա Հովհաննեսյանին՝ պայմանավորվածությամբ, որ Թեմուր Խուդոյանին պետք է փոխանցվի 87.500 ՌԴ ռուբլի, Արմեն Հասանյանին, Գուրգեն Մուրադյանին, էրիկ Գրիգորյանին, Արարատ Թորոսյանին, Արամ Ավետիսյանին, Միշա Ավետիսյանին՝ 200.000-ական ՌԴ ռուբլի, Գեւորգ Համբարձումյանին՝ 500.000 ՌԴ ռուբլի, Աշոտ Կարապետյանին եւ Դավիթ Մանուկյանին՝ 150.000-ական ՌԴ ռուբլի, Ալեքս Աղաջանյանին եւ Արմեն Նեոնյանին՝ 50.000-ական ՌԴ ռուբլի, սակայն ստանալով հիշյալ գումարները եւ փաստացի Նինա Աճեմյանի կողմից իրեն վերապահվելով վստահված գույքը առաքելու եւ տիրապետելու լիազորություն՝ Արաքսյա Հովհաննեսյանը, օգտվելով դրանից, շահադիտական նպատակներով ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորությամբ վիրավորում ստացած զինվորներին փոխանցված գումարների մի մասը հափշտակելով, դարձրել է իրենը՝ ներառելով իր գույքային ֆոնդի մեջ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԱՐԳԵԼՔՆ ՈՒՆԻ ՊԱՏԺԵԼՈՒ ՆՊԱՏԱԿ

Կալանավորվածի համար ընտանիքի անդամներին տեսակցելու կամ նրանց հետ խոսելու արգելքը հաճախ ունի պատժելու նպատակ եւ կիրառվում է մեխանիկորեն:

 

Ինչպես 2020 թվականի, այնպես էլ 2021 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը դարձյալ բողոքներ է ստացել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականների, այդ թվում՝ ընտանիքի անդամների եւ օրինական ներկայացուցչի հետ տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն անհիմն արգելելու մասին: Այդ բողոքների, ինչպես նաեւ վարույթն իրականացնող մարմինների կայացրած որոշումների ուսումնասիրությունները վկայում են, որ խնդիրներն այս առումով համակարգային են, անթույլատրելի պրակտիկան՝ շարունակական:

Քրեական հետապնդման մարմնի եւ դատարանի՝ կալանավորված անձի տեսակցություններն արգելող որոշումները ոչ միշտ են բավարար պատճառաբանված:

Մեծամասամբ վարույթն իրականացնողը բավարարվում է օրենսդրական նորմերի վկայակոչմամբ, եւ առհասարակ չի կատարվում համադրում գործի փաստական հանգամանքների, գործով ձեռք բերված փաստական տվյալների հետ:

Ինչ վերաբերում է կայացված որոշման վերանայմանը, ապա որոշ դեպքերում կա՛մ դա անհարկի ձգձգվում է, կա՛մ ընդհանրապես չի քննարկվում սահմանափակման շարունակական կիրառման անհրաժեշտության հարցը: Նման պայմաններում սահմանափակումը հաճախ կիրառվում է ինքնանպատակ, առանց իրավաչափ շահի հետապնդման, ավելին՝ ունենում է կալանավորված անձին հոգեճնշելու, նրանից քննության համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու միտում: Ստացվում է, որ, անձին ազատությունից զրկելուց զատ, նրան պատճառվում են լրացուցիչ զրկանքներ՝ ընտանիքի հետ կապը սահմանափակելու ձեւով:

Օրինակ՝ բողոքներից մեկով կալանավորած կինը զրկվել է անչափահաս երկու երեխաներին տեսնելու կամ նրա հետ խոսելու հնարավորությունից, եւ չեն ներկայացվել պատշաճ հիմնավորումներ։

Գործերից մեկով սահմանվել եւ շուրջ վեց ամիս արգելանք է կիրառվել կալանավորված անձի տեսակցությունների եւ հեռախոսազանգերի նկատմամբ (ներառյալ՝ զավակների): Ընդ որում, չի վերացվել նաեւ պաշտոնական հաղորդակցության արդյունքում:

Քրեական գործը քննող քննիչները, դատախազները, դատավորները արգելանքի անհրաժեշտությունը հաճախ են արդարացնում իրավաչափ շահով՝ ցուցաբերելով ձեւական մոտեցում, եւ այդպես էլ չեն պարզաբանում, թե ինչ փաստական տվյալների արդյունքում է հետեւություն արվել, որ անձը, օգտվելով տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների իրավունքից, կխոչընդոտի գործով օբյեկտիվ քննություն կատարելուն: Այս համատեքստում հատկապես պարզ չէ, թե, օրինակ, մանկահասակ երեխաները ինչ առնչություն ունեն անձին մեղսագրվող արարքի հետ, նրանց տեսակցությունները կամ հեռախոսային խոսակցություններն ինչպես կարող են խոչընդոտ հանդիսանալ գործի քննությանը:

Հարկ է նկատել, որ գործնականում տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելվում են միաժամանակ: Սովորաբար, նախ, վերացվում է տեսակցությունների արգելքը, իսկ հեռախոսային խոսակցությունների արգելքը եւս որոշ ժամանակահատված շարունակվում է պահպանվել: Նման մոտեցումը վարույթն իրականացնող մարմինը պատճառաբանում է հեռախոսային խոսակցությունների վերահսկողության մեխանիզմի բացակայությամբ:

 

 

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ

Տավուշի մարզի  Նոյեմբերյան քաղաքը եւ այդ տարածաշրջանի Բարեկամավան, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Բաղանիս, Ջուջեւան, Դովեղ, Բերդավան գյուղերը միավորող Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրությունները կայացել են 2016թ. սեպտեմբերի 18-ին։ Նույն օրը տեղի են ունեցել նաեւ Այրում քաղաքը եւ Հաղթանակ, Արճիս, Լճկաձոր, Դեղձավան, Պտղավան, Բագրատաշեն, Դեբեդավան գյուղերը միավորող Այրում խոշոր համայնքի ղեկավարի ու ավագանու, Կողբ եւ Զորական գյուղերն ընդգրկող Կողբ խոշոր համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ։ Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի պաշտոնական լիազորությունների ժամկետն ավարտվում է 2021թ. սեպտեմբերի 18-ին, Այրում խոշոր համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի եւ Կողբ խոշոր համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի պաշտոնական լիազորությունների ժամկետը՝ 2021թ. սեպտեմբերի 24-ին։  2021թ. հոկտեմբերի 17-ին եւ նոյեմբերի 14-ին Նոյեմբերյան, Կողբ եւ Այրում խոշոր համայնքներում ավագանու համամասնական ընտրություններ չեն նշանակվել, ինչը  ՏԻՄ օրենքի խախտում է, քանզի ՏԻՄ օրենքի հոդվածներով սահմանված է, որ  համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամների ընտրությունների դեպքում քվեարկության օրը պետք է լինի մինչեւ  լիազորությունների ժամկետի լրանալը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել  մոտ օրը։  Տավուշի մարզում խոսակցություններ կան, որ  նախկին Նոյեմբերյանի շրջանի 3 խոշոր համայնքները՝ Նոյեմբերյանը, Կողբը եւ Այրումը, առաջիկա  ավագանու համամասնական ընտրություններով պետք է միավորվեն, եւ ձեւավորվի 19 բնակավայրեր միավորող Նոյեմբերյան խոշոր համայնքը։ Տավուշի մարզի մյուս տարածաշրջաններում՝ Բերդում եւ Դիլիջանում, մեկական խոշոր համայնք է, 2021թ. նոյեմբերի 14-ին կայանալիք ավանագու համամասնական ընտրություններով կձեւավորվի Իջեւան քաղաքը եւ նախկին  Իջեւանի շրջանի  18 գյուղերը ներառող Իջեւան խոշոր համայնքը։  Տավուշի մարզում խոսակցություններ կան նաեւ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը սպասում է, որպեսզի Նոյեմբերյան, Այրում եւ Կողբ  խոշոր համայնքների ղեկավարների պաշտոնական լիազորությունների ժամկետն ավարտվի, ինքը յուրայիններին համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ նշանակի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ՉԸՆՏՐՎԵՑ

Երեկ կայացավ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում մեկ հարց է՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն: Բանն այն է, որ օգոստոսի 31-ին իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությանը։ Այսօր եւս, սակայն, «Հայաստան» խմբակցությունից Արթուր Ղազինյանը չընտրվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ սեպտեմբերի 3-ին գրել էր, որ  ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար նորից կառաջադրեն Արթուր Ղազինյանին:

 




Լրահոս