ԴԱՍԱԳՐՔԵՐԻ «ՍԵՎ ՇՈՒԿԱ»՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վաճառքի ենթակա չէ». նման գրություն հանդիպում են դպրոցական մի շարք դասագրքերի վրա, ինչը ենթադրում է, որ դասագրքերը չպետք է վաճառվեն: Սակայն պարզվում է՝ այդ գրության առկայությունը որեւէ նշանակություն չունի, եւ մի շարք դասագրքեր ազատ վաճառվում են անգամ թաղային գրախանութներում:

 

«Արմլուր»-ի թղթակիցը նկատեց, որ դասագրքերի վաճառքի կենտրոններում եռուզեռ է. աշակերտների ծնողները ստիպված են գնել վաճառքի համար անթույլատրելի դասագրքեր այն դեպքում, երբ դպրոցների կողմից պետք է նախապես տրամադրվեին դրանք աշակերտներին: Այսպիսով, ովքե՞ր են գրքերի անթույլատրելի վաճառքի իրավիճակի պատասխանատուն:

Պետբյուջեով տպագրված դասագրքերի ողջ խմբաքանակը հրատարակիչները հանձնում են ՀՀ մարզպետարաններին եւ Երեւանի քաղաքապետարանին, որից հետո, ըստ նախնական հայտերի, դասագրքերը տրվում են դպրոցներին, մինչդեռ վաճառքի կենտրոններում գնորդ ծնողների մի մասը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ գրքեր գնում են, քանի որ երեխաներին չի հասել մի քանի ձեռնարկներ, կամ էլ հաճախակի գրքերն այնքան հին ու մաշված են լինում, որ օգտագործման ենթակա չեն, եւ դրա համար էլ ստիպված են այլ տարբերակներով ձեռք բերել դրանք:

Միեւնույն ժամանակ հրատարակիչներն իրավունք ունեն տվյալ դասագրքերը տպագրել նաեւ ձեռնարկատիրական նպատակով՝ վաճառքի համար, որոնց վրա պետք է նշագրված չլինի «Վաճառքի ենթակա չէ» գրությունը, ու կազմի գույնը պետք է տարբերվի պետբյուջեով տպագրված դասագրքերի գույներից: Սակայն գրախանութներում վաճառվում են հենց «Վաճառքի ենթակա չէ» գրությամբ դասագրքեր, ինչը պետք է իրավական հետեւանքներ ունենա:

Պարզվում է՝ այս խնդիրը դեռ վաղուց է առկա, եւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն դեռ 2017 թվականին ուսումնասիրություն էր կատարել շուկայում եւ մի քանի բացահայտումներ կատարել: Պարզվում է՝ հրատարակչությունները բողոքում են, որ երբեմն դասագրքերը «սեւ շուկայում» վաճառվում են ինքնարժեքից ցածր գնով, ինչը նշանակում է, որ դասագրքերը վաճառքում հայտնվել են դպրոցների կամ աշակերտների միջոցով: Հրատարակիչները կասկածներ ունեն նաեւ, որ որոշ դպրոցների գրադարանավարներ ստվերային պայմանավորվածությունների մեջ են գրավաճառների հետ, որի արդյունքում նոր դասագրքերը հայտնվում են նրանց վաճառասեղանին: Եվ չնայած տարիներով այս խնդիրն առկա է, սակայն լուծում այդպես էլ առկա չէ, եւ գրքերի վաճառքի սեւ շուկան, կարծես թե, ոլորտի պատասխանատուների սրտով է: Սա նույնն է, ինչ, օրինակ, զինվորների համար հատկացված հայտնի «տուշոնկաները»՝ նույն «Վաճառքի ենթակա չէ» գրությամբ, հայտնվեն խանութներում ազատ վաճառքի: Առաջին հերթին այս իրավիճակն անկազմակերպվածության արդյունք է, քանի որ դեռ ուսումնական պրոցեսի մեկնարկից առաջ դպրոցները տեղյակ են լինում, թե այս կամ այն առարկայի քանի դասագիրք է պետք ուսումնական պրոցեսը կազմակերպելու համար: Եվ այս հարցը պետք է կարգավորվի մինչ այդ, այլ ոչ թե ծնողների կողմից դասագրքերը գնելուց հետո: Փաստ է մեկ բան՝ ստեղծված իրավիճակն ունի կոնկրետ պատասխանատուներ՝ Երեւան համայնքում՝ քաղաքապետ Հայկ Մարությանն է, մարզերում՝ մարզպետները, իսկ ընդհանուր առմամբ պատասխանատուն Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն է:

Հավելենք, որ դպրոցական դասագրքերն ավելի շատ այս պահին վաճառվում են փոքր խանութներում կամ փողոցում մասնավոր անձանց կողմից: Նկատենք, որ դպրոցներում ստեղծված իրավիճակը տհաճ գլխացավանք է դարձել ծնողների համար, ովքեր, բացի ընդհանուր դասագրքերի գումարից, վճարում են նաեւ գրախանութներից ձեռք բերված պակաս դասագրքերի գումարները, որոնք բավականին թանկ արժեն:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱՌԱՆՑ ԿԱՐԾԻՔ ՀԱՐՑՆԵԼՈՒ

Կառավարությունը սեպտեմբերի 2-ի նիստում որոշեց, ի թիվս Հայաստանի այլ համայնքների, Տավուշի մարզի Իջեւան համայնքում անցկացնել համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ: Այդ ընտրություններով 20 հազար բնակիչ ունեցող Իջեւան քաղաքը եւ Իջեւանի նախկին  շրջանի 18 գյուղերը կմիավորվեն խոշոր Իջեւան համայնքի մեջ։ Խոշորացվող բնակավայրերի բնակիչներն այդ մասին իրազեկ չեն, այդ հարցի վերաբերյալ նրանց կարծիքը չեն հարցրել: 2018թ. հոկտեմբերի 8-ին խոսելով համայնքների խոշորացման մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում հայտարարել է. «Ընդհանրապես լավ պրակտիկա չէ, երբ կառավարությունն առանց մարդկանց կարծիքը հաշվի առնելու, ապացուցելու է ինչ-որ բան անում»։ 2020թ. փետրվարի 6-ին Ն. Փաշինյանն ասել է` երբ որ կառավարությունը հայտարարում է խոշորացվող համայնքի բնակավայրերի փունջը, եթե բնակիչները խոշորացմանը դեմ են, այդ հարցով կարող են հանրաքվե նախաձեռնել, եթե հանրաքվեի արդյունքներով բնակիչների մեծամասնությունը դեմ լինի խոշորացմանը, այդ դեպքում իրենք ձեռնպահ կմնան համայնքի խոշորացումից։ Իջեւանի ավագանու ընտրությունների օր նշանակելու համար դեռեւս պետք է լինի  Տավուշի մարզպետի որոշումը։ Համամասնական ընտրակարգով ընտրված ավագանին  պետք է ընտրի  խոշոր համայնքի ղեկավար։ 2019թ. ամռանը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով քրեական գործ հարուցվեց Իջեւան քաղաքը 2011թվականից  ղեկավարած Վարդան Ղալումյանի դեմ, նա 2019թ. սեպտեմբերի 5-ին հրաժարական տվեց,  2019թ. սեպտեմբերի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Ն. Փաշինյանի հարսանիքի  քավոր Հայկ Ղալումյանը: Վերջինս, Փաշինյանի  որոշմամբ, 2021թ.  ապրիլի 8-ին նշանակվեց Տավուշի մարզպետ, Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Արթուր Ճաղարյանը, ով 2015թ.-ից Իջեւանի համայնքի ղեկավարի տեղակալն էր։

 

 

ՂԵԿԱՎԱՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ

Լավատեղյակ, ստուգված աղբյուրները հայտնում են, որ հոկտեմբերի 17-ին կայանալիք Դիլիջան խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու է նաեւ Աննա Մանթաշյանը, ով նախկինում պաշտոնավարել է որպես Տավուշի մարզի դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի քննչական վարչության, այնուհետեւ՝ Լոռու քննչական վարչության պետ, ներկայումս զբաղվում է փաստաբանական գործունեությամբ։ Նա առաջադրվելու է «Հայաստան» դաշինքի կողմից։ Աննա Մանթաշյանը իր գիտելիքներով, կենսափորձով լուրջ հակակշիռ է միջին- մասնագիտական կրթությամբ, Դիլիջանի պետական քոլեջն ավարտած, 2021թ.  փետրվարի 26-ին Նիկոլ Փաշինյանի կողմից Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Դավիթ Սարգսյանին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

Հայաստանում թանկացումների նոր ալիք է սկսվել: Այս մասին են փաստում նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

 

Ընդ որում, թանկացել է ոչ միայն բանջարեղենը, կարագը, այլեւ ալյուրը, մսամթերքը, ձուն եւ այլն: Թանկացել է նաեւ առաջին անհրաժեշտություն համարվող սննդատեսակը՝ հացը: Հացի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 0.3 տոկոս: Ավելին, գնաճը մեկ տարվա կտրվածքով զգալի է: Եթե այս թանկացումների ֆոնին հաշվի առնենք, որ նվազագույն աշխատավարձը 68000 դրամ է, իսկ միջին կենսաթոշակի չափը՝ շուրջ 43000 դրամ, ապա Հայաստանում իսկապես կյանքը թանկ է:

Այսպես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 15.1, իսկ 2021-ի հուլիսի համեմատ՝ 0.6 տոկոս գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մսի, ձկան եւ ծովամթերքի, բանջարեղենի շուկաներում գրանցված 0.7-5.1 տոկոս գնաճը:

Միայն բանջարեղենի շուկայում մեկ տարվա ընթացքում արձանագրվել է 66.4, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ հուլիսի համեմատ՝ 5.1 տոկոս գնաճ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ձկնամթերքը թանկացել է 1.5 տոկոսով: Բայց նկատենք, որ մեկ տարվա ընթացքում ձուկը թանկացել է 25.5 տոկոսով:

Միայն Իշխան ձկնատեսակի գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացրել է 1.7 տոկոսով: Նշված ձկնատեսակի մեկ կիլոգրամը գերազանցում է 2300 դրամը: Ձկնաբույծներն արդարանում են՝ նշելով, որ կերն է թանկացել: Թանկացում արձանագրվել է նաեւ մսամթերքի շուկայում. մեկ տարվա ընթացքում գրանցվել է 9.9 տոկոս գնաճ, իսկ օգոստոսին, հուլիսի համեմատ, այն թանկացել է 0.7 տոկոսով:

Ի դեպ, խոզի մսի գնաճը մեկ ամսվա ընթացքում կազմել է 6.5 տոկոս: Խոզի միսը մեկ տարվա ընթացքում թանկացել է 40.3 տոկոսով: Նույն պատկերն է նաեւ կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկաներում: Նշված ապրանքախմբերը թանկացել են 0.4 տոկոսով:

Ձվի գինը մեկ տարվա ընթացքում աճել է 46.5 տոկոսով: Սուրճի, թեյի, կակաոյի գները եւս բարձրացել են: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ալկոհոլային խմիչքը մեկ տարվա ընթացքում թանկացել է 8.7 տոկոսով, ծխախոտը՝ 10.4 տոկոսով:

Փոխարենը յուղերի եւ ճարպերի շուկայում է գնակում արձանագրվել՝ 3.5 տոկոսի չափով: Իսկ արեւածաղկի բուսական յուղի գնաճը 2021թ. օգոստոսին, 2020թ. օգոստոսի համեմատ, կազմել է 61.9 տոկոս, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ գրանցվել է 8.4 տոկոս գնանկում: Բայց, չնայած սրան, միեւնույնն է, նախորդ տարվա թանկացումը զգալի է, եւ այն մեծ հարված է հասցրել քաղաքացիների ընտանեկան բյուջեին: Շաքարավազը մեկ տարվա ընթացքում թանկացել է 36.2 տոկոսով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 




Լրահոս