«Ֆիզգորոդոկ»-ում շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ քրեական գործը 2021թ. օգոստոսի 30-ին հարուցվել է Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում մի քանի անձանց ներկայացրած հաղորդման հիման վրա Ոստիկանության Մաշտոցի բաժնում նախապատրաստված նյութերով:
«Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, եւ արդեն իսկ նախաքննությունը սկսվել է: Դատախազությունը կապահովի գործով հետեւողական եւ պատշաճ դատավարական հսկողություն՝ օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ քննություն իրականացնելու, դրա շրջանակներում բոլոր հանգամանքները բացահայտելու եւ իրավական գնահատականներ տալու նպատակով»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ բնակելի 12 հարկանի շենքի կառուցապատման նպատակով տարածքում շինարարություն է նախատեսվում, բնակիչները դեմ են, ունեն մտահոգություններ։ Ասում են՝ բարձրահարկը նախ 3-4 հարկանի շենքերով թաղամասի ճարտարապետական տեսքը կխաթարի, հետո էլ Երեւանում եզակի մնացած խիտ կանաչ տարածքի ծառերը կհատվեն՝ վնասելով էկոֆլորան ու կենսամիջավայրը, որտեղ բացառիկ ծառատեսակներ, թռչնատեսակներ ու ոզնիներ կան։
Տարածք եկած ոստիկաններն ու կարմիր բերետավորները ապահովում էին տեխնիկայի աշխատանքը։ Հորդորեցին բնակիչներին չխոչընդոտել: Խորհրդային շրջանում Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցների համար կառուցված գիտավանն այս տարվա փետրվարին Մշակույթի նախարարության կողմից տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել։ Սակայն, ըստ բնակիչների, այն տարածքը, որտեղ նախատեսվում է շենքի կառուցապատում իրականացնել, հանվել է որոշումից` ըստ էության կանաչ լույս վառելով նորակառույցի համար. «Որոշ ժամանակ անց իմանում ենք, որ որոշ պետական պաշտոնյաների եւ կառույցների ճնշման ներքո այս հատվածը հանվել է հուշարձանի տարածքից, որը ենթակա է կառուցպատման»: Սկսած 2004թ.-ից՝ մի քանի սեփականատերեր փոխած, մոտ 2000 քմ մակերեսով հողատարածքի ներկայիս սեփականատերը «Ռատկո» ընկերությունն է, որը տարածքում 12 հարկանի շենք կառուցելու թույլտվություն է ստացել այս տարվա հուլիսի 29-ին։ Նախագծի համաձայն` այստեղ թույլատրվում է 45 մ բարձրությամբ շինություն կառուցել։ Ըստ 5 մլն դոլար արժողությամբ ծրագրի` 12 հարկանի շենքն ունենալու է 90 բնակարան, 50 ստորգետնյա եւ 30 բացօթյա ավտոկայանատեղի։
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածն ունի հետեւյալ սահմանումը.
«Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»:
308-րդ հոդվածի երկրորդ մասն ունի հետեւյալ սահմանումը.
«Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:
Ն.Պ.