«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շուրջ կատարվող իրադարձություններից: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար՝ մի քանի դրվագներով: Իսկ ինչո՞ւ հիմա սկսվեց Հովսեփյանի նկատմամբ հետապնդումը. ի վերջո մեղադրանքի ոչ մի դրվագ նոր չէ։ 2004-2013 թվականի արարքներն են հիշել եւ, ըստ հաղորդագրության, փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք եւ խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ Աղվան Հովսեփյան դեմ ցուցմունք է տվել իր մտերիմ ընկերներից գործարար Շանթի Յուրա անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանը եւ պատմել է ինչ-որ հողակտորի մասին, իսկ, ահա, մյուս ցուցմունք տվողը նրա դեմ եղել է իր մյուս մտերիմ ընկերը՝ Արշավիր Սարգսյանը, որը ՀԷԿ-ի շինարարությամբ է զբաղվել: Մեզ այլ մանրամասներ եւս հայտնի դարձան: Առաջին հերթին Հովսեփյանի շուրջ կատարվող իրադարձությունները կապում են ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Բանն այն է, որ վերջինիս հայրն ու Աղվան Հովսեփյանը մտերիմ են, եւ, տարածված խոսակցությունների համաձայն, մինչեւ օրս Հովսեփյանի դեմ քրեական գործ չհարուցելու հարցում օգնել եւ նպաստել է հենց Ավինյանը, որի հեռանալուց հետո գործընթաց սկսվեց: Նկատենք՝ դեռ 2019 թվականին Տիգրան Ավինյանը քննադատվեց Ապարանում առաջին հանրապետության անկախության առթիվ կազմակերպված միջոցառումներին Աղվան Հովսեփյանի կողքին լինելու համար, սակայն ամեն ինչ դրանով էլ ավարտվեց: Մեկ այլ վակածի համաձայն՝ Աղվան Հովսեփյանի դեմ աշխատել է ԲԴԽ ներկայիս նախագահ Գագիկ Ջհանգիրյանը, քանի որ 2008 թվականին հենց Աղվան Հովսեփյանն է նրան փաստացի մեկուսացնողը եղել, եւ Ջհանգիրյանն ու Հովսեփյանը վաղեմի ոխերիմ թշնամիներ են: Ինչո՞ւ եք վրեժ լուծում. այս հարցի մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին, որին ի պատասխան՝ վերջինս նշեց. «Ոնց որ Դուք եք այդ դեպքի մասին մամուլից տեղեկացել, այնպես էլ ես։ Ես ոչ մի տեղեկություն չունեմ»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երբեմնի ամենամտերիմ անձանցից Մխիթար Հայրապետյանը հայտնվել է լուսանցքից դուրս հարազատ թիմում: Բանն այն է, որ Հայրապետյանը դեռ անցած գումարման խորհրդարանի օրոք անձամբ Փաշինյանին տեղեկացրել էր, որ ինքը չի ցանկանում օրենսդիր մարմնում աշխատել, ու իրեն պետք է տեղափոխել գործադիր մարմին: Փաշինյանը Հայրապետյանին հորդորել էր սպասել, քանի որ նպատակ ուներ նրան նշանակել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնում. դա եղել էր նաեւ Հայրապետյանի պահանջը: 44-օրյա պատերազմը եւ ԱԺ արտահերթ ընտրությունները, սակայն, փոխեցին իրավիճակը, ու արդյունքում Հայրապետյանը մնաց օդից կախված: Վերջինս ցանկացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում փոխնախարար նշանակվել՝ Սփյուռքի գծով, սակայն, արի ու տես, ամիսներ է անցել, բայց Հայրապետյանը դեռեւս անգործ է: Մենք տեղեկացանք, որ Հայրապետյանը թիմից շատ վիրավորված է ու, կարելի է ասել, թիմի հետ կտրել է իր կապը: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Հայրապետյանի հետ Փաշինյանի «թարսվելը» կապված է այն հանգամանքով, որ վերջինս թիմի ժողովների, հավաքների ու քննարկումների ժամանակ շատ կոպիտ է խոսում, անընդհատ փնովում է իրենց աշխատանքը, ինչի համար էլ արժանացել է նման վերաբերմունքի: Մենք փորձել ենք Մխիթար Հայրապետյանի հետ այս հարցերի շուրջ զրուցել, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Հայրապետյանն անհետացել է:
8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստերի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ցանկանալով ցույց տալ, թե իշխանությունն անհանդուրժող ու անողոք պայքար է մղում բոլոր տեսակի կաշառակեր պաշտոնյաների դեմ, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց. «Մեր կառավարության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը 1.5 միլիոն դրամ կաշառք ստանալու համար դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: 7 տարին քիչ է, ես կասեի՝ շատ է, բայց օրենքը հավասարապես է գործում ե՛ւ ընդդիմության, եւ՛ կառավարող ուժի համար»: Իշխանության ներկայացուցիչը, փաստորեն, տեղյակ չէ, որ առողջապահության նախկին նախարարի խափանման միջոց կալանավորումը դեռեւս գործի նախաքննության ընթացքում փոխվել է գրավով: Դավթյանի պաշտպանները 15 մլն դրամ գրավի միջնորդություն էին ներկայացրել, ինչը դատարանը բավարարել էր: «Այո, Դավթյանի խափանման միջոցը դեռեւս նախաքննության փուլում է փոխվել, դատական ակտն էլ բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարանում»,-«Ժողովրդի» հետ զրույցում ասաց Դավթյանի պաշտպան Երեմ Դավթյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկին փոխնախարարը, որի կաշառքի գործը իշխանությունը, մատի փաթաթան դարձրած, միշտ օրինակ է բերում ու գլուխ գովում, թե սեփական թիմակիցների նկատմամբ էլ են անհանդուրժող, գրավը վճարելուց անմիջապես հետո աշխատանքի է անցել «Արմենիա» բժշկական կենտրոնում: Նա ԲԿ-ի տնօրենի ֆինանսական գծով խորհրդական է նշանակվել: «Վերջին շրջանում հիվանդանոցում չենք տեսել, բայց անընդհատ գալիս-գնում է»,- ասացին «Արմենիա» ԲԿ-ից: Ի դեպ, բոլորովին վերջերս՝ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության օրը, ի թիվս այլ՝ «պատերազմի ընթացքում բազմաթիվ զինծառայողների եւ կամավորների կյանքեր փրկած» բուժաշխատողների՝ Պաշտպանության նախարարության պատվո մեդալով է պարգեւատրվել նաեւ Դավթյանը՝ պատվո կաշառակեր շքանշանակիրը:
Հայաստանում ռեկորդային ցածր է բնական հավելաճի ցուցանիշը, ընդ որում՝ ամենացածրը վերջին 3 տարիների մեջ: Այս տարվա յոթ ամիսներին բնական հավելաճը կազմել է 1252, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն 2 հազար 299 էր, 2019թ.՝ 3 հազար 579, 2018-ին՝ 4 հազար 87: Իսկ եթե տարվա կտրվածքով նայենք, ապա կնկատենք՝ բնական հավելաճի ցուցանիշը նվազել է՝ 2021 թվականից սկսած. 2017-ին բնական հավելաճի ցուցանիշը կազմել է 6 հազար 997, մինչդեռ 2016-ին այն 9 հազար 344 էր, իսկ 2015թ.՝ 9 հազար 666, 2014 բնական հավելաճի ցուցանիշը 10 հազար 402 էր, 2013թ.՝ 10 հազար 198 եւ, վերջապես, 2012թ.՝ 10 հազար 157: Մեր հանրապետությունում աճել է մահացության ցուցանիշը. այս տարվա 7 ամիսների ընթացքում մահացել է 18 հազար 874 մարդ, մինչդեռ նախորդ տարի մահացության ցուցանիշը 17 հազար 136 էր, 2019թ.` 15 հազար 793: Փոխարենը բարձրացել է ծնելիության ցուցանիշը. մեկ տարվա ընթացքում 691-ով ավելացել է ծնվածների թիվը: