ԽՆԴԻՐՆԵՐ՝ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակում են չլուծված մնալ կատարողական վարույթի շրջանակներում քաղաքացիներին պատշաճ ծանուցելու հետ կապված օրենսդրական եւ գործնական համակարգային խնդիրները: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

 

Ինչպես 2020 թվականին, այնպես էլ դրանից առաջ եւ հետո հասցեագրվել են բողոքներ այն մասին, որ մարդիկ չեն ծանուցվում իրենց նկատմամբ հարուցված կատարողական վարույթների, իրենց գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանքի կիրառման եւ հարկադիր կատարողի կայացրած այլ որոշումների մասին: Այդ մասին նրանք տեղեկանում են, երբ, օրինակ, ցանկանում են իրենց պարտավորությունները մարել բանկի նկատմամբ կամ որեւէ փոխանցում կատարել, սակայն բանկից տեղեկանում են արդեն իսկ հարուցված կատարողական վարույթի, ինչպես նաեւ կիրառված արգելանքների մասին:

Պաշտպանին հասցեագրվել են նաեւ բողոքներ՝ կապված հարկադիր կատարումն ապահովող ծառայության կայացրած որոշումների մասին ուշ ծանուցվելու կամ ընդհանրապես չծանուցելու վերաբերյալ:

Նշվածի կապակցությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից պարզաբանվել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2021 թվականի փետրվարի 1-ին «Հայփոստ» ՓԲ ընկերության հետ կնքել է փոստային ծառայությունների մատուցման վերաբերյալ «Հիբրիդ փոստ» ծառայությունների պայմանագիր: Հիշյալ պայմանագրի առկայության պայմաններում ուշ ծանուցելու կամ ընդհանրապես չծանուցելու մասով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը վիճակագրություն չի վարում: Հարկադիր կատարողն իր որոշումները եւ ծանուցումներն ուղարկում է նախատեսված կարգով, որի համաձայն՝ կողմերը համարվում են պատշաճ ծանուցված, երբ այդ որոշումները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այս առումով մտահոգիչ է այն, որ ներկայում առկա կարգավորումների պայմաններում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը չի վարում համապատասխան վիճակագրություն՝ գնահատելու համար վերոնշյալ պայմանագրի գործարկման պայմաններում համակարգի գործունեության արդյունավետությունը՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայության փոստային առաքանիների պատշաճ առաքումն ապահովելու առումով:

Հաշվի առնելով, որ հարկադիր կատարողի կայացրած որոշումները կատարողական վարույթի կողմերին ուղարկվում են ոչ թե պատվիրված փոստով, այլ փոստային առաքմամբ, այդ որոշումների մասին անձանց պատշաճ ծանուցման ապահովումը պետական վերահսկողության բացակայության պայմաններում է՛լ ավելի խնդրահարույց է դառնում:

Հարկադիր կատարողի որոշումները եւ ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկելու դեպքում կատարողական վարույթին կցվում է հասցեատիրոջն ուղարկելու մասին ապացույցը:

Ըստ նշված հոդվածի՝ հարկադիր կատարողը որոշումները եւ ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկելու դեպքում կատարողական վարույթին պարտավոր է կցել միայն հասցեատիրոջն ուղարկելու մասին ապացույցը, իսկ կատարողական վարույթին հասցեատիրոջ կողմից նամակը ստանալու վերաբերյալ ապացույցը կցելու որեւէ պարտավորություն չունի: Նշվածը խնդրահարույց է այն տեսանկյունից, որ պրակտիկայում առկա են դեպքեր, երբ հասցեատերերը նամակները չեն ստանում, քանի որ, օրինակ, որոշ ժամանակ իրենց բնակության վայրի հասցեում չեն բնակվում կամ բացակայում են եւ այլ պատճառներով:

Արդյունքում խախտվում է անձի՝ լսված լինելու եւ փաստաթղթերին ծանոթանալու մարդու իրավունքը, քանի որ նա զրկվում է վարչական վարույթի փաստաթղթերին ծանոթանալու, վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ արտահայտվելու հնարավորություններից: Նշված հարցին անդրադարձ է կատարվել Պաշտպանի 2019 եւ 2020 թվականների տարեկան հաղորդումներով:

Վերոգրյալից հետեւում է, որ փոստային առաքանու ուղարկման առավել արդյունավետ եղանակը հարկադիր կատարողի որոշումները եւ ծանուցումները պատվիրված նամակով ուղարկելն է, որի դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական վարույթին կցել հասցեատիրոջ կողմից ստացման վերաբերյալ ապացույցը, մինչդեռ ներկա կարգավորումների ուժով այն պրակտիկայում կիրառվում է միայն այն դեպերում, երբ կատարողական վարույթի ընթացքում իրականացվող գործողությունների կատարման համար որոշակի ժամկետի հաշվարկը պայմանավորված է համապատասխան որոշումը կամ ծանուցումը ստանալու փաստով:

Վերոգրյալից բացի, ներկայում կարեւոր խնդիր է նաեւ Հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հարկադիր կատարողի ոչ բոլոր որոշումների հրապարակման հարցը, որը եւս բարձրաձայնվել է Պաշտպանի՝ 2018-2019 թվականների տարեկան հաղորդումներում: Հարկ է նշել, որ նշված տարեկան հաղորդումներում բարձրացվել է կատարողական վարույթը կասեցնելու եւ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին հարկադիր կատարողի որոշումներից բացի մյուս որոշումները «azdarar.am» կայքում չտեղադրելու խնդիրը: Նշված խնդրի լուծման կապակցությամբ Պաշտպանն առաջարկել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ձեւավորված իրավակիրառ պրակտիկան համապատասխանեցնել գործող օրենսդրական կարգավորումներին՝ ապահովելով «azdarar.am» կայքում հարկադիր կատարողի՝ կատարողական վարույթի շրջանակներում կայացրած բոլոր որոշումների հրապարակումը: 2020 թվականի ընթացքում «azdarar.am» կայքում պարբերաբար կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կայքում շարունակվել են հրապարակվել հիմնականում միայն վերը նշված որոշումները, ինչը վկայում է, որ խնդիրը շարունակում է արդիական մնալ:

Առկա վիճակը դատապարտելի է, քանի որ մարդուն դնում է անելանելի դրության մեջ: Լուրջ խնդիր է, որ այն մարդկանց դժվարություններ է պատճառում, բայց այդպես էլ չի լուծվում:

Ն. Պ.

 

 

30-ԱՄՅԱ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

2021թ. փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված, 1984թ. ծնված Դավիթ Սարգսյանը 2021թ. օգոստոսի 20-ին որոշում է ընդունել օգոստոսի 24-ից իր խորհրդական Արտակ Բոջուկյանին ազատել աշխատանքից։ Դ. Սարգսյանը օգոստոսի 25-ին որոշել է համայնքի ղեկավարի խորհրդական նշանակել Նոնա Գրիգորյանին։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում Նոնա Գրիգորյանի մասին տեղեկություններ չկան։ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմից իմ հարցին պատասխանեցին, որ Նոնա Գրիգորյանը 2021թ. մայիսից կամ հունիսից է աշխատում Դիլիջանի համայնքապետարանում, հրաժարվեցին հայտնել, թե քանի տարեկան է՝ դա համարելով նրա անձնական տվյալը։ 1991թ. ծնված Նոնա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջում գրված է, որ նա Վանաձորի տարեցների տանը եւ «Առավոտ» ԲՀԿ-ում կամավոր է եղել, «Սիլ Ինսուշարնս»-ում հաճախորդների սպասարկման մասնագետ է աշխատել, varks.am-ում՝ մասնաճյուղի պատասխանատու, Դիլիջանի համայնքապետարանում՝ ֆինանսական մասնագետ, բաժնետեր է «Զելիֆ» խանութ-սրահում։ Որպես նրա կրթություն գրված է՝ Goethe-Institut Georgien։ Համացանցում նշված է, որ դա Վրաստանում գերմաներեն լեզվի ուսուցման կուրսեր են։ Դիլիջան քաղաքի բնակիչները, ովքեր ճանաչում են Նոնա Գրիգորյանին, հայտնեցին, որ նա ավարտել է Դիլիջան քաղաքում նախկինում գործած Հյուսիսային համալսարանի Դիլիջանի մասնաճյուղի անգլերենի լեզվի բաժինը, հետո Մանկավարժական համալսարանում մագիստրոսի կոչում  է ստացել։

 

ՈՉ ԱՐՔԱՅԱՎԵԼ ԱՐԱՐՔԸ

Օգոստոսի 27-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում ընթանում է Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Արքա Կորյունի Պետրոսյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ նա մեկ միասնական դիտավորությամբ  ընդհանուր 7,5 լիտր կոնյակ հափշտակելու նպատակով,  2019թ. դեկտեմբեր ամսից մինչեւ 2021թ. հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Իջեւանի  գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ  բանվոր, տասնհինգ անգամ նույն  ընկերությունից գաղտնի  հափշտակել է 7 լիտր 15 տարվա հնեցման եւ 0,5 լիտր 7 տարվա հնեցման կոնյակ, ինչի հետեւանքով նշված ընկերությանը  պատճառվել է  220 հազար դրամի վնաս։ Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով («Գողությունը, որը կատարվել է զգալի չափերով»): Արքա Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայաստանում շաքարավազի շուկան դարձյալ քաոսային վիճակում է գտնվում. շաքարավազի ոչ միայն գինն է բարձր, այլեւ խանութներ կան՝ շաքարավազ չկա։ «Ժողովուրդ» օրաթերթն արդեն մի քանի օր է՝ քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ վերջին օրերին խանութներում եւ սուպերմարկետներում շաքարավազ չեն կարողանում պարկով գնել։ Ի դեպ, մարզային որոշ գյուղերի խանութներում բնակիչները շաքարավազ չեն կարողանում անգամ մեկ կիլոգրամ գնել, քանի որ չկա։ Խնդրի շուրջ երեկ ՏՄՊՊՀ-ն հայտարարել է՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շարունակում է մշտադիտարկում իրականացնել շաքարավազի շուկայում։ «Հանձնաժողովն արձանագրել է խոշոր առեւտրային կենտրոններում շաքարավազի մանրածախ գնի բարձրացում շուրջ 20 դրամով։ Շաքարավազի գնի բարձրացման հիմնավորվածությունը պարզելու նպատակով Հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ եւ հարցումներ է իրականացնում։ Հարկ է հավելել նաեւ, որ շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդի որեւէ դրսեւորում չի արձանագրվել»,-ասվում է հաղորդագրությունում։

 

 

3 ՇԱԲԱԹՈՎ ՀԵՏԱՁԳՎԵՑ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց երեք շաբաթով։

Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հեռացել էր նիստերի դահլիճից՝ համարելով, որ դատավոր Աննա Դանիբեկյանը օբյեկտիվ չէ իր հանդեպ։ Փաստաբանի բացակայության պատճառով նիստը երեկ հետաձգվել է։ Սեպտեմբերի 14-ին դատավորն ինքը լինելու է վերապատրաստման դասընթացներում, իսկ սեպտեմբերի 21-ն աշխատանքային չէ։ «Թե ում կհրավիրի Արմեն Գեւորգյանը, իր գործն է։ Ուզում եք՝ ապահովեք Էրիկ Ալեքսանյանի կամ մեկ ուրիշի ներկայությունը, բայց հաջորդ նիստին պետք է ապահովեք փաստաբանի ներկայությունը»,- նշեց Աննա Դանիբեկյանը՝ ավելացնելով, որ տրամադրում է ժամանակ, որը բավական է ոչ միայն փաստաբան հրավիրելու, այլեւ գործի նյութերին ծանոթանալու համար։

 




Լրահոս