ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳՄՍ նախարարության կողմից առաջարկված Պետական երաժշտական կամերային թատրոնի եւ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքի միավորման առաջարկից անցել է շուրջ երկու ամիս, սակայն դեռեւս որեւէ որոշում թատրոնների միավորման վերաբերյալ չկա:

 

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցել է Պետական երաժշտական կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սամսոն Ստեփանյանի հետ՝ պարզելու համար՝ ինչ փուլում է գտնվում թատրոնների միավորման գործընթացը:

Ստեփանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, որ այս որոշումը հանգեցնելու է սոցիալական ծանր հետեւանքների, քանի որ թատրոնը ստիպված գնալու է կրճատումների:

«Ոչ մի նորություն կամ որոշում դեռեւս չունենք, թե ինչ  ճակատագիր է սպասվելու մեր թատրոնին: Կարծում եմ, որ սառեցվել է այս խայտառակ գործընթացը, որը սկսել էին: Մենք շարունակում ենք մեր առօրյա գործունեությունը թատրոնում, ինչպես միշտ է եղել: Արդեն ներկայացրել ենք մեր նոր եթերաշրջանը, եւ աշխատանքները նոր ներկայացումների կատարվում են»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին, թե ինչ սպասելիք ունի Պետական երաժշտական կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը, նշեց, որ առհասարակ որեւէ սպասելիք չունի. «Որեւէ սպասելիք չունենք որեւէ մեկից, եւ չեմ էլ ուզում սպասելիք եւ հույս ունենալ: Մենք ամեն օր թատրոնում  իրականացնում ենք մեր աշխատանքները, իսկ թե հետո ինչ կլինի, կարծում եմ՝ բոլորս էլ կիմանանք եւ ըստ այդմ էլ մեր անելիքը կորոշենք, եւ պարզ կդառնա»:

Իսկ ավելի վաղ ArmLur.am-ի հետ զրույցում  Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական եւ կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը հայտնել էր, որ դեմ է թատրոնների միավորմանը, եւ  նախարարության նման որոշումը ոչ միայն  կազմաքանդ կանի թատրոններին, այլ նաեւ կնպաստի դերասանների գործազրկությանը:

Նշենք, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը թատրոնները միավորելու հարցը չի քննարկել Պարոնյանի անվան թատրոնի անձնակազմի հետ, միայն տեղեկացվել են տնօրենները:

Նկատենք՝ ավելի վաղ խնդրի շուրջ ոլորտի մասնագետներն ահազանգում  էին, որ  երկու թատրոնների միավորումը մեկ հարկի տակ այնքան էլ արդյունավետ չէ, քանզի նման նախադրյալ մեր պատմության մեջ եղել է, այն էլ շատ բացասական հետեւանքով։ Խոսքը Մնջախաղի եւ Պատանի հանդիսատեսի թատրոնների մասին է, որոնք միավորված են մեկ հարկի տակ, եւ բավականին բարդ է իրենց համար գործունեություն ծավալելը, հատկապես՝ Մնջախաղի թատրոնի համար։

Ինչեւէ, հուսանք, որ ԿԳՄՍ նախարարությունը խելամիտ որոշում կկայացնի եւ կհրաժարվի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի եւ Պետական կամերային երաժշտական թատրոնների միավորումից:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պարզաբանել է, թե ինչու է ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը հեռացել կատալոնական ակումբից: Ֆունկցիոների խոսքով՝ Մադրիդի «Աթլետիկո» վերադարձած 30-ամյա ֆուտբոլիստը չկարողացավ արդարացնել սպասելիքները «Բարսելոնայում»: «Կային հատուկ հանգամանքներ: Բոլորս ավելին էինք սպասում Գրիզմանից, սակայն չեմ տեսնում նրա՝ գործի հանդեպ վերաբերմունքին քննադատելու անհրաժեշտություն: Բոլորս գիտենք, թե ինչպիսի խաղացող է նա: Կարծում եմ՝ նա չհարմարվեց մեր համակարգին, սակայն միշտ ունեցել է ճիշտ տրամադրվածություն: Գրիզմանին հաջողություն եմ մաղթել հետագա գործունեությունում: Նա միշտ ճիշտ վերաբերմունք է ցուցադրել գործին: Անտուանը կարող էր ավելին տալ մեզ, սակայն հայտնվեց բարդ հանգամանքներում»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի չեմպիոնը մեկ տարով վարձակալել է ֆրանսիացուն: «Աթլետիկոն» ցանկացած պահի կարող է եւս մեկ տարով երկարաձգել վարձակալական պայմանագիրը, սակայն պարտավորված է 40 միլիոն եվրոյով գնել նրա տրանսֆերային իրավունքը: Անտուան Գրիզմանն «Աթլետիկոյում» խաղացել է նաեւ 2014-2019-ը: Մադրիդցիների կազմում նա անցկացրել է 257 հանդիպում ու դարձել 133 գոլի հեղինակ: 2019-ի ամռանը ֆրանսիացին «Բարսելոնա» էր տեղափոխվել 120 միլիոն եվրոյի դիմաց:

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն անդրադարձել է Արգենտինայի եւ Բրազիլիայի հավաքականների միջեւ 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարի 6-րդ տուրի սկանդալային հանդիպմանը, որն անավարտ էր մնացել: «Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Արգենտինայի եւ Բրազիլիայի՝ Հարավային Ամերիկայի ամենահայտնի հավաքականների խաղում: Որոշ պաշտոնյաներ, ոստիկաններ ու անվտանգության աշխատակիցներ խաղի մեկնարկից քիչ անց մտան խաղադաշտ, որպեսզի տանեն որոշ խաղացողներ: Դա անհեթեթություն է, սակայն մենք պետք է լուծենք այդ խնդիրը: Դրանք հարցեր են, որոնք առաջացան կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամի ֆոնին»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է Reuters-ը:

 

 

ԴԵՐԱՍԱՆԸ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ ՍԻՑԻԼԻԱՅՈՒՄ

Սիցիլիայում մեկնարկել են ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի եւ հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոց» լիամետրաժ խաղարկային նախագծի նկարահանումները։ Ֆիլմը համարտադրություն է Հայաստանի, Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների եւ Բուլղարիայի միջեւ։

 

Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Ֆիլմը ստացել է կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը, եւ գլխավոր դերակատարներից մեկը հայ դերասան Սամվել Թադեւոսյանն է: Ֆիլմում խաղալու է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը։

Հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանը պատմել է. «Երբ ինձ հայտնեցին, որ Ջեսիկա Վուդվորթը Հայաստանում է եւ նա փնտրում է ուղեկցող, ես անմիջապես համաձայնեցի՝ մտածելով, որ լավ առիթ է իմ սիրելի վայրերը հայտնի ռեժիսորին ցույց տալու համար։ Հետագայում հայկական տեղանքները ռեժիսորի համար իսկապես դարձան ստեղծագործելու ներշնչանք։ Ավելի ուշ նրանք հրավիրեցին ինձ Նիդերլանդներ եւ առաջարկեցին լինել իրենց համապրոդյուսերը՝ չնայած նրան, որ ես նման մեծ նախագծի փորձ չունեի»։

Ջեսիկա Վուդվորթն էլ նշել է, որ բոլոր այն ֆոնդերին, որոնց դիմում էին հայկական տեղանքների լուսանկարներով, տպավորում էին նրանց, եւ խնդրում էին նկարահանումների ժամանակ իրենց էլ նկարահանման հրապարակ հրավիրել: «Հետաքրքիր է, Հայաստանում ամեն ինչ ասես վեր է կոնկրետ ժամանակի ու կոնկրետ տեղանքի պատկանելուց, սա յուրօրինակ գրավչություն է»,- ասել է նա:

Համավարակով, հետագայում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ նախագծում Հայաստանի համապրոդյուսեր կողմ լինելը թվացել է անիրական, բայց բելգիացի եւ հայ համարտադրողների ու կինոկենտրոնի ջանքերի արդյունքում հնարավոր է դարձել Հայաստանը պահել որպես համապրոդյուսեր կողմ։ Չնայած նրան, որ տեղանքների նկարահանումները տեղափոխվել են Իտալիա, Հայաստանը շարունակել է կարեւոր ստեղծագործական մասով մասնակցել նախագծին։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը հնարավորություն է տվել հայկական կողմին մաս կազմել նման մեծ նախագծի, եւ հետագայում ֆիլմը ստացել է նաեւ Եվրիմաժի ֆինանսավորումը։ «Սա մեծ փորձ է նաեւ Հայաստանում գործող փոքր կինոարտադրողների համար՝ տեսնելու, որ անգամ շատ փոքր գումարով հնարավոր է լինել մեծ նախագծի մաս եւ ունենալ հավասար մասնակցություն ստեղծագործական առումով։ Հայաստանը, Բուլղարիայի հետ մեկ թիմ ստեղծելով, կարողացավ նաեւ լիիրավ պրոդյուսերական կողմ ներկայանալ Եվրիմաժում, ինչը նույնպես առաջին նման փորձն էր Հայաստանի համար, եւ ինչը հնարավորություն տվեց որոշակի գումարներ բերել Հայաստան»,- ասվում է հաղորդագրության տեքստում:

 




Լրահոս