Կարեն Անդրեասյանի բացթողումն ու Գագիկ Հարությունյանի սայթաքումը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2017 թվականին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, պատասխանելով հարցադրմանը, թե մենք ինչ իրականության մեջ ենք ապրում, ասել էր. «Տարիներ առաջ ես ասում էի՝ ունենք Սահմանադրություն, չունենք սահմանադրականություն, ունենք պառլամենտ, չունենք պառլամենտարիզմ, ունենք դատարաններ, չունենք արդարադատություն, սա իրականություն է, եւ այս իրականությունը շարունակվում է»:

Իսկ, ահա, արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը Պետրոս Ղազարյանին սեպտեմբերի 2-ին տված հարցազրույցում հնչեցրեց հետեւյալ արտահայտությունը. «Իմ ձեռքը լիներ՝ ընդամենը կես ժամում վեթինգն արել-վերջացրել էի, բայց, ցավոք սրտի, էս երկրում կա օրենք»:

Սա ցույց է տալիս, թե արդարադատություն իրականացնող մարմինների ղեկավարները ինչ տեսակետ ունեն: Մեկն ասում է՝ արդարադատություն չկա, մյուսն ասում է՝ ցավոք սրտի, այս երկրում օրենք կա: Գագիկ Հարությունյանի՝ տարիներ առաջ արված հայտարարությունը սայթաքում էր համարվում եւ լայն քննադատության առիթ տվեց: Հիմա էլ նման բացթողում է անում արդեն արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ ըստ էության ակնարկելով՝ կուզենար օրենք չլիներ, որ ինչ ցանկանար, այն էլ աներ:

Հ. Գ. Արդարադատության նախարարության լրատվական բաժնից Լուսինե Մարտիրոսյանը քիչ առաջ արձագանքեց.

«Հանրայինի եթերում, պատասխանելով հանրության լայն շրջանում քննարկվող հարցին, որ «մարդիկ քվեարկել են ձեր թիմի օգտին, թիմը ձեզ նշանակել է նախարար, հետևաբար վեթինգը պետք է լինի ձեր ճաշակով», նախարար Կարեն Անդրեասյանն ընդամենը դիմել է սարկազմի օգնությանը։ Նախ պատասխանում է «․․․վեթինգ ես անեմ իմ ճաշակո՞վ, այսինքն ցուցակ կազմեմ, ում որ ես եմ պատկերացնում, որ վատն են ու հայտարարեմ, որ հանո՞ւմ ենք այդ դատավորներին․․․սա դուք համարում եք լավ լուծո՞ւմ», այնուհետև ներկայացնում է առկա օրենսդրական խնդիրները, դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող իրավական քայլերը ու կրկին, ցույց տալու համար որոշ շրջանակների պահանջի անհիմն լինելն ու այդ երևույթի բացասական «արժեքը»՝ վեթինգը իշխանության ճաշակով իրականացնելու առումով, դիմում է սարկազմի օգնությանն ու ասում․ «իմ ձեռքը լիներ, ես կես ժամում վեթինգն արել, վերջացրել էի, բայց, «ցավոք սրտի», կա օրենք էս երկրում»։ Ցավալի է, որ շատերն այդ արտահայտության բացահայտ հեգնանքը չեն նկատել, ու իրենց թանկ ժամանակից տրամադրում են այդ արտահայտությունը քննադատելու համար»։




Լրահոս