Պաշտոնական այցով Վրաստան այցելած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ իր վրաց գործընկերոջ՝ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային եւ հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարևորվել են երկու երկրների ջանքերը խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործում:
Հայաստանի պատվիրակության կազմում են եղել նաև փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ հանդիպել է իր վրացի պաշտոնակից Դավիդ Զալկալիանի հետ եւ հայտարարել. «Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը նաև նոր հնարավորություններ կընձեռի Հայաստան-Վրաստան համագործակցության ընդլայնման համար»: Միաժամանակ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Վրաստանի Արտաքին գործերի նախարար փոխվարչապետին ասել է, որ տարածաշրջանի կայունությունը խաթարում է ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցելու հետևանքով ստեղծված իրավիճակը:
Ինչպես երկու երկրների վարչապետերի, այնպես էլ արտգործնախարարների հանդիպմանը անդրադարձ եղավ գերիների խնդրին: Երեք ամիս առաջ Վրաստանի միջնորդությամբ 15 հայ գերիներ էին վերադարձել Հայաստան` հատելով վրաց֊ադրբեջանական սահմանը:
Արարատ Միրզոյանը Դավիդ Զալկալիանիին տեղեկացրել է, որ Ադրբեջանը մինչև օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց:
Նոր հնարավորությունների ստեղծման մասին դեռ Վրաստան մեկնելուց առաջ Փաշինյանը խոսել էր նաեւ կառավարության նիստի ժամանակ: Նա շեշտեց, որ Երևանը տրամադրված է Ադրբեջանի հետ սկսել խաղաղ գործըթնացը՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակներում. – «Կարևորում եմ նաև Ադրբեջանի հետ սահմանազատում և սահմանագծում իրականացնելու օրակարգը, և մենք շարունակում ենք աշխատել դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Հույս ունենք օր առաջ ավարտին հասցնել մեր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց Հայաստան վերադարձնելու գործընթացը»։
Նաիրա Հովհաննիսյան