Սեպտեմբերի 17-ին, 18-ին և 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Պետդումայի ընտրություններ են: ArmLur.am-ը տեղեկացավ, որ սեպտեմբերի 16-ից մինչև սեպտեմբերի 21-ը դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանից դիտորդներ կուղևորվեն Մոսկվա: ՀՀ վարչապետի պաշտնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` դիտորդական առաքելության կազմում ներառվել են վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Կ. Գասպարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մասնագետ Թ. Հովնանյանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տ. Գևորգյանը։
Նշենք, որ Ռուսաստանի կոշտ ընդդիմությունն ընտրություններին չի մասնակցելու։ Ալեքսեյ Նավալնին հունվարից կալանավայրում է, իսկ նրա թիմակիցների մեծ մասը հրաժարվել է պայքարից: Միեւնույն ժամանակ ԵԱՀԿ-ն դիտորդներ չի ուղարկելու Պետդումայի ընտրություններին:
«ԵԱՀԿ-ն չի կարողանա դիտորդներ ուղարկել Պետդումայի առաջիկա ընտրություններին, քանի որ Ռուսաստանի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարով պայմանավորված նոր կանոններ են սահմանել», – ասված է նրանց կողմից տարածված հայտարարությունում։
Ն.Հ.