Նորից ենք Գյումրիից սկսում, 2018-ին Գյումրիից սկսողը գյումրեցի չէր. քաղաքապետի թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նժդեհյան ցեղակրոն», «Հայք» (Հայկազուններ) ու «Քրիստոնեա-ժողովրդական» կուսակցությունների միավորումից ձևավորված «Գյումրին կռնա» դաշինքը նույնպես կմասնակցի Գյումրիում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Քաղաքապետի թեկնածուն Վարդան Սրտաշյանն է, որ ուժերը 2018-ի խորհրդարանական արատահերթ ընտրությունների ժամանակ էր փորձել՝ Լևոն Շիրինյանի հետ համագործակցությամբ: Ընտրություններից հետո, սակայն, գյումրեցի երիտասարդ տղան բազմիցս է հայտարարել, թե որքան է զղջացել Շիրինյանի հետ թեկուզ կարճ ժամանակ համագործակցելու համար: ArmLur.am-ի հետ զրույցում Սրտաշյանը նշեց, որ իրենց թիմում մաքուր, կեղտոտ թեմաների մեջ չթաթախված արժեք ստեղծած մարդիկ են: Ընդգծեց՝ ո՛չ սև, ոչ էլ՝ սպիտակ են, բաժանարար գծեր չեն դնում ու մարդկանց վերջապես ռեալ այլընտրանք են առաջարկելու:

– Բայց մարդիկ սիրում են «սևի ու սպիտակի» մեջ ընտրություն կատարել:

– Ոչ, ես համաձայն չեմ ձեզ հետ, «սև- սպիտակը» արհեստական օրակարգ է, մարդիկ էլ ստիպված ընտրություն են կատարում վատի ու վատթարագույնի միջև: Ընտրությունն այլընտրանքն է, ու մենք առաջարկում ենք դա:

– Որտեղի՞ց համոզումը, որ գյումերցիներն առաջնորդվելու են այլընտրանքը տեսնելու ու ընտրելու, այլ ոչ թե ԽԾԲ-ի սկզբունքով:

– Ճակատագրական այս պահերին մարդիկ պետք է հասկանան, որ ծանոթ-բարեկամի ընտրելու պատճառով է, որ հասել ենք այս վիճակին: Սա ուղղակի ՏԻՄ ընտրություն չէ: Մեր կարգախոսն է՝ «սկսենք Գյումրիից», այսինքն Գյումրիով ազգային զարթոնք ենք նախատեսում:

– Դե մի անգամ էլ Գյումրիից սկսեցին…

– Է հիմա ի՞նչ անենք, բոլորն էլ ուզում Գյումրիից սկսել, բայց սկսողը գյումրեցի չէր:

– «Քաղաքացիական պայմանագրից» առաջիկա ընտրություններին համագործակցելու առաջարկներ եղե՞լ են:

– Ընդամենն 10-ն օր առաջ ՔՊ-ի համակիրը «տապոռով» մեզ վրա էր հարձակվել, ո՞նց եք պատկերացնում, որ Նիկոլը մեզ համագործակցելու առաջարկ աներ:

Սևակ Վարդումյան




Լրահոս