Գլխավոր դատախազը հանձնարարել է վերսկսել քննությունից միտումնավոր խուսափելու հիմքով կասեցված բոլոր գործերի քննությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021թ. օգոստոսի 28-ին ամբողջությամբ ուժի մեջ է մտել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-307-Ն օրենքը, որով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ի թիվս այլնի, ներդրվել է մեղադրյալի բացակայությամբ վարույթ իրականացնելու կառուցակարգը: Համաձայն դրա՝ մեղադրյալի բացակայությամբ վարույթը կամ հեռակա վարույթը իրականացվում է այն դեպքում, երբ մեղադրյալը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց:

Այս ինստիտուտը հնարավորություն է տալիս մեղադրյալի կողմից քրեական վարույթին մասնակցելու իրավունքից միտումնավոր հրաժարվելու և որպես հետևանք՝ գործի քննությանը չմասնակցելու դեպքում շարունակել վարույթի հետագա ընթացքը ինչպես նախաքննության, այնպես էլ դատական քննության փուլերում, ինչպես նաև կայացնել դատավճիռ՝ ամբաստանյալի բացակայության պայմաններում:

Նման ինստիտուտի նպատակն է ապահովել ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը, տուժողների արդարադատության մատչելիությունը, ինչպես նաև մասնավոր և հանրային շահերի ողջամիտ հավասարակշռումը:

Հեռակա վարույթի ինստիտուտը կիրառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ քրեական հետապնդման վիճակում գտնվող անձի բացակայության պայմաններում դատաքննության իրականացման անհնարինությունը կարող է կաթվածահար անել քրեական վարույթը, հանգեցնել ձեռք բերված ապացույցների տարածման, քրեական հետապնդման ժամկետների սպառման և արդարադատության ձախողման։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» վերոնշյալ օրենքը սահմանել է, որ հեռակա վարույթ չի կարող իրականացվել, եթե մեղադրյալը պատշաճ ծանուցված չէ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, կամ վարույթին մասնակցելն անհնարին է՝ իր կամքից անկախ հանգամանքներով, ինչպես նաև այն դեպքերում, երբ չեն ձեռնարկվել անհրաժեշտ և բավարար միջոցներ գործի քննությանը մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար, մեղադրյալն անչափահաս է, կամ արարքը կատարելու պահին եղել է անմեղսունակ վիճակում կամ հանցագործությունը կատարելուց հետո հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ այդ գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, կամ առկա է մեղադրյալի այդպիսի վիճակում լինելու վերաբերյալ ողջամիտ կասկած:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է վեր հանել մեղադրյալի բացակայության հիմքով վարույթը կասեցված՝ ինչպես մինչդատական, այնպես էլ դատարանի վարույթում գտնվող բոլոր գործերը և օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում քննարկել վերը նշված, ինչպես նաև ընթացիկ բոլոր այն քրեական գործերով հեռակա վարույթ կիրառելու հնարավորությունը, որոնցով առկա է հետախուզվող անձ:

ՀՀ գլխավոր դատախազն անհրաժեշտ է համարել յուրաքանչյուր այդպիսի դեպքում գործադրել օրենքով դատախազությանը վերապահված ողջ գործիքակազմը, բոլոր միջոցները՝ հեռակա վարույթի շրջանակներում հանցագործությունների, հատկապես ծանր և առանձնապես ծանր, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը նպասելու, նախաքննության փուլում գտնվող գործերի քննություններն արագացնելու և ելքերն ապահովելու նպատակով:




Լրահոս