ArmLur.am-ի տեղեկություններով` Հատուկ քննչական ծառայությունը ծանուցագիր է ուղարկել ԱԱԾ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին, որ նա ներկայանա ՀՔԾ եւ բացատրություն տա Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին բռնի ուժով դուրս հանելու դեպքով: ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետ Սարգիս Հովհաննիսյանը հաստատեց տեղեկությունը, որ ինքը եւս ներկայացել է ՀՔԾ եւ բացատրություն տվել:
Նշենք, որ ՀՔԾ-ում «Պատիվ ունեմ» Խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի շուրջ տեղի ունեցած միջադեպի գործով շարունակվում է նյութերի նախապատրաստման գործընթացը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս միջադեպով ՀՔԾ-ն մի շարք պատգամավորների է հրավիրել բացատրություն տալու: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը բացատրություն է տվել դեպքի մասին, պատմել է` ինչ են արել ՊՊԾ աշխատակիցներն Աննա Մկրտչյանի հետ վերոնշյալ օրը եւ թե ինչ գործողությունների է գնացել ԱԱԾ Պետական պահպանության պետ Սարգիս Հովհաննիսյանը:
Աննա Մկրտչյանին եւս կանչել են ՀՔԾ, եւ նա եւս պատմել է, թե ինչպես են պետական պահպանության աշխատակիցները իր հետ վարվել, ինչի արդյունքում ինքը անգամ վնասվածքներ է ունեցել: Ի դեպ, ՀՔԾ-ն լսել է նաեւ պետական պահպանության աշխատակիցներին, որոնք պատմել են, թե կատարել են իրենց օրենքով վերապահված գործողությունները:
Մանրամասները՝ տեսանյութում:
Քնար Մանուկյան