Աշխարհում նոր միլիարդատեր է հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրամոբիլների համաշխարհային աճի ֆոնին հարավկորեական Chunbo քիմիական ընկերության բաժնետոմսերը վերջին մեկ տարվա ընթացքում աճել են 69,79 տոկոսով, որը թույլ է տվել հիմնադիր և գործադիր տնօրեն Լի Սանգ-Ռյուլին բավականին հարստանալ: Նոր միլիարդատիրոջ հայտնվելու մասին հաղորդում է Forbes-ը:

60-ամյա Լին Chunbo-ի խոշորագույն բաժնետերն է, ում պատկանում է բաժնետոմսերի գրեթե 34 տոկոսը: Նրա կինը, որը նաև ընկերության երկրորդ գործադիր տնօրենն է, տնօրինում է 10 տոկոսը: Մոտավորապես նույն տոկոսն են կիսում նրանց երկու դուստրերը: Forbes-ը Լի ընտանիքի կարողությունը գնահատում է 1,2 միլիարդ դոլար:

Հարավային Կորեայի Չունջու քաղաքում Chunbo քիմիական ընկերությունը արտադրում է նյութեր, որոնք թույլ են տալիս էլեկտրամոբիլներում օգտագործվող լիթիում-իոնային մարտկոցներին ավելի երկար ծառայել և ավելի քիչ լիցքաթափվել: Ընկերության հաճախորդների ցանկը ներառում է մարտկոցների չինական արտադրող Contemporary Amperex Technology-ն և Samsung SDI-ն, որոնք մտնում են Samsung կոնգլոմերատ ընկերությունների խմբի մեջ և պատասխանատու են մարտկոցների ստեղծման համար: Chunbo-ն նաև արտադրում է քիմիական նյութեր, որոնք օգտագործվում են էկրանների, դեղագործության և կիսահաղորդիչների պատրաստման մեջ:

Ընկերությունը հայտնել է, որ 2020 թվականին եկամուտներն աճել են 15 տոկոսով՝ մինչև 155.5 միլիարդ վոն (131.7 միլիոն դոլար), իսկ զուտ եկամուտը՝ 19 տոկոսով՝ մինչև 27.4 միլիարդ վոն (23.2 միլիոն դոլար): Ակնկալվում է, որ Chunbo-ի եկամուտը 2021 թվականին կհասնի 250 միլիարդ վոնի (214 միլիոն դոլար), իսկ մարտկոցների ոլորտը կազմում է խմբի եկամուտների մոտ 70 տոկոսը:




Լրահոս