ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում մեծաքանակ թմրամիջոց և զինանոց է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները մայրաքաղաքի Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում հայտնաբերել և ոստիկանություն բերման են ենթարկել երևանցի 30-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային 3 փաթեթ, որոնց մեջ սպիտակ բյուրեղանման զանգվածներ են եղել, գլանակ և ոսկերչական կշեռք: Բերման ենթարկվածը խոստովանել է, որ հայտնաբերվածը մեթամֆետամին է։ Այս մասին հայտնում է Ոստիկանությունը:

Իրավապահները ձեռնարկել են ծավալուն միջոցառումներ՝ պարզելու, թե ումից և ինչ ճանապարհով է 30-ամյա տղամարդը ձեռք բերել թմրամիջոցը։ Պարզվել է, որ մեթամֆետամինը նրան պարբերաբար իրացնում է Երևան քաղաքի 46-ամյա մի բնակիչ՝ իր 24-ամյա որդու միջոցով։ Իրավապահները ճշտել են նրանց գտնվելու վայրը: Սեպտեմբերի 2-ին Արտաշատի խճուղում հայտնաբերվել և, թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ոստիկանություն բերման են ենթարկվել Երևանի 46-ամյա բնակիչը, նրա 24-ամյա որդին և 44-ամյա մի տղամարդ։

44-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է 0,29 գրամ դեղնականաչավուն զանգված, մոխրացած հետքերով ապակյա կաթուցիչ և ինքնաշեն ապակյա ծխամորճ։ Ոստիկանությունում 44-ամյա տղամարդը նշել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, իսկ ապակյա ծխամորճով օգտագործել էր կրիստալ։ Իրավապահները հիմնավոր կասկածներ են ունեցել, որ կրիստալը տղամարդուն իրացրել էր բերման ենթարկված 46-ամյա տղամարդը, ինչը հաստատվել է։

Ոստիկանները 46-ամյա տղամարդու հանցավոր գործունեության վերաբերյալ նաև այլ տվյալներ են ունեցել։ Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա տարբեր վայրերում պահում է տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչպես և զենք ու զինամթերք։ Անհերքելի փաստերի ճնշման տակ տղամարդը խոստովանել է և մատնացույց արել թաքստոցը՝ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի նկուղը:

Նշված վայրից իրավապահները հայտնաբերել են 983 գրամ մեթամֆետամին, «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, 9 մմ տրամաչափի 7 փամփուշտ, փամփշտատուփ՝ լիցքավորված 7 փամփուշտով, արծաթագույն ատրճանակ, ատրճանակի փամփշտատուփ՝ 3 փամփուշտով, «ԱԿՄ» ինքնաձիգ, «ՌՊԿ» գնդացիր, 4 պայթուցիչ, պահունակ՝ լիցաքավորված 45 փամփուշտներով, ինքնաձիգի 24 պահունակ՝ յուրաքանչյուրը լիցքավորված 30-ական փամփուշտներով, ինքնաձիգի կրակմարիչ, ինքնաձիգի 56 փամփուշտ, ազդանշանային 5 հրթիռ, «Ֆ-1» տիպի 3 նռնակ, «ՌԳԴ» տիպի 1 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ, զրահաբաճկոն, քիմիական նյութերի բանաձևեր, չափաբաժիններ և մատյան՝ որի մեջ գրված էին անուն-ազգանուններ ու գումարի չափեր։ Խուզարկվել է նաև նրա բնակության վայրը, որտեղից հայտնաբերվել է 14,28 գրամ մեթամֆետամին, 6,82 գրամ ափիոն, 11 գրամ մարիխուանա, «Սայգա» ինքնաձիգ՝ 16 փամփուշտով, 2 փամփշտատուփ՝ լիցքավորված 19 փամփուշտներով և ողորկափող հրացանի 33 փամփուշտ։
46-ամյա տղամարդու հայտնածով՝ զենք-զինամթերքը բերել էր Արցախից, իսկ թմրամիջոցն իրացրել էր տարբեր անձանց։

Նշանակվել են փորձաքննություններ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։




Լրահոս