Armlur.am-ը զրուցել է Մեղրիի համայնքի համայնքապետի թեկնածու Խաչատուր Անդրեասյանի հետ, որը ներկայացրել է իր ծրագիրը համայնքապետի ընտրություններին մասնակցելու հետ կապված: «Տեղյակ եք, որ հոկտեմբերի 17-ին կայանալու են Մեղրի համայնքի ավագանու համամասնական ընտրություններ, ընտրություններին առաջադրվելու եմ Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության ընտրացուցակով։ Գիտեմ, խնդիրները շատ-շատ են․ անվտանգության հարցերից մինչեւ Ագարակի ու Մեղրիի ներհամայնքային ճանապարհների նորոգում, ոռոգման համակարգի բարելավում, գազաֆիկացում եւ այլն։ Սոցիալ-տնտեսական, կրթա-մշակութային ծրագրերի կարիք ունի մեր տարածաշրջանը»,-հայտարարեց Անդրեասյանը:
Մեզ հետ զրույցում Անդրեասյանը հավելեց, որ մեղրեցիները իրեն ճանաչում են, ծանոթ եմ իր անցած ուղուն, ինչի համար էլ ձայն կտան իրեն «Ես ծնվել ու մեծացել եմ Մեղրի համայնքում՝ Կարճեւան գյուղում, մանկությունս անցել է գյուղում, 80-ականներից տեղափոխվել եմ Ագարակ, 85 թվականին ծառայել եմ սովետական բանակում: Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, առաջին մարդկանցից եմ եղել Ղեւոնդ Հովհաննիսյանի հետ, որ ստեղծել ենք Մեղրու ջոկատը, ակտիվ մասնակցություն եմ ունեցել եւ ջոկատի կազմավորմանը, որից հետո մասնակցել ենք Մեղրու տարածաշրջանի սահմանի բոլոր պաշտպանական մարտերին: 2000 թվականին եղել եմ հայ-իրանական շուկայի տնօրեն, մինչեւ 2007 թվականը»:
Անդրեասյանը Եկրապահ կամավորականների միության անդամ է, ԵԿՄ Մեղրիի տարածքային բաժանմունքի ղեկավարն է եղել, ինչպես նաեւ Սյունիքի ԵԿՄ նախագահ, այնուհետեւ Երեւանի ԵԿՄ վարչության անդամ։ «Ինձ լավ են ճանաչում ու մենք մեծ ակնկալիքներ ունենք մեղրեցիներից, ես կարծում եմ, որ իրենք իրենց քվեն կտան մեզ: Մենք հանդիպել ենք մեղրեցիների հետ ու արդեն ունենք նրանց խնդիրների մասին պատկերացում, որին լուծում կտանք ընտրվելուց անմիջապես հետո»,-ասաց Անդրեասյանը:
Մեր զրուցակիցը հավելեց, որ քարոզարշավը սկսելու է սեպտեմբերի 15-ից ու իրենք իրենց քարոզարշավը սկսելու են Նռնաձոր գյուղից: