ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքս էլ երեք անգամ արդեն դագաղում պառկել եմ. Դավիթ Թովմասյանը՝ «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի վերամշակման պրեմիերայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմը 15 տարեկան է. այս առիթով ֆիլմի վերամշակված տարբերակը սեպտեմբերի 15-ին մեծ էկրաններ է բարձրանալու:

Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը նշում է, որ մի քանի ամիս աշխատելուց հետո ֆիլմն այսօր համապատասխանում է ներկայիս չափանիշներին:

Վերամշակված տարբերակի պրեմիերայի առիթով հայրենիքում է ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ Դավիթ Թովմասյանը: Վերջինս Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ իմանալով Գոռ Կիրակոսյանի՝ ֆիլմը վերամշակելու գաղափարի մասին, շատ էր ուրախացել, քանի որ 15 տարիների ընթացքում արդեն ունենք նոր սերունդ, որն այս ֆիլմը դեռ չի դիտել, իսկ այս նոր որակով այն ավելի շատ կդիտեն, քանի որ ըստ Դավիթի՝ «Մեծ պատմություն փոքր քաղաքում»-ը հայկական լավագույն ֆիլմերից մեկն է:

«Իմ առաջին ֆիլմն էր: Գոռ Կիրակոսյանն իմ մտերիմ ընկերներից է, մենք միասին աշխատելու մեծ փորձ ունեինք, երբ սցենարը գրվում էր, իմ կերպարն ուներ իր նախատիպը, ով մեր ընկերն էր, ես էլ հետևում էի նրան: Կարելի է ասել՝ դա էլ իմ քասթինգն էր: Ի դեպ, դագաղի առկայությունն ինձ չէր ցնցել, ասեմ ավելին՝ ինքս էլ երեք անգամ հասցրել եմ դագաղում պառկել: Իմ կարծիքով՝ վատ տեսքով հանգուցյալ չէի: Իմ կարծիքով՝ ֆիլմի հաջողությունն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ ամեն ինչ շատ իրական է ներկայացված, այդ թվում՝ նաև տխուր արարողությունները, որոնց ժամանակ երբեմն հայտնվում են մարդիկ, որոնք զավեշտալի իրավիճակներ են առաջացնում նույնիսկ ամենատխուր պահերին»:

Դավիթ Թովմասյանի խոսքով՝ ֆիլմը կդիտեն այն մարդիկ, ովքեր կարոտել են այդ շրջանի Երևանը, կոլորիտը, սակայն նոր սերնդին էլ հետաքրքիր կլինի ծանոթանալ այդ շրջանին:
«Ինքս ֆիլմը դիտել եմ մի քանի անգամ, աշխատել ենք ձայնի վրա: Ընտանիքով էլ ենք մի քանի անգամ դիտել, իսկապես կարոտել էի այդ շրջանը, նոստալգիա ունեցա: Ֆիլմի հետ կապված զավեշտալի դրվագներ շատ կան: Հիշում եմ, որ Հրանտ Թոխատյանը, ով ամբողջ ընթացքում դագաղում պառկած էր, եկավ ու ասաց. «Դավիթ, մի հատ արի սցենարի վրայով անցնենք»,-եզրափակեց Դավիթը:

Հավելենք, որ սեպտեմբերի 15-ից ֆիլմը հասանելի է լինելու բոլոր կինոթատրոններում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս