ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է Ալեն Սիմոնյանը մասնակցում ԱԱԽ նիստին, եթե խորհրդի անդամ չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վարչապետի աշխատակազմը հաղորդագրություն տարածեց, թե Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ նիստին մասնակցել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, այնինչ նա Անվտանգության խորհրդի անդամ չէ:

Բանն այն է, որ Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, Անվտանգության խորհրդի անդամներն են`

1) վարչապետը.

2) առաջին փոխվարչապետը.

3) փոխվարչապետները.

4) Անվտանգության խորհրդի քարտուղարը.

5) պաշտպանության նախարարը.

6) արտաքին գործերի նախարարը.

7) ազգային անվտանգության ծառայության տնօրենը.

8) ոստիկանության պետը.

9) զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Ավելին, 2019 թվականի նոյեմբերին փորձ եղավ նախագիծ ներկայացնել եւ ԱԺ նախագահին ներառել ԱԽ կազմում, սակայն նախագիծը տապալվեց հենց «Իմ քայլը» խմբակցության կողմից:  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանի՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական և Անվտանգության խորհրդի կազմավորման ու գործունեության մասին օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 66, դեմ՝ 14 և ձեռնպահ՝ 20 պատգամավոր: Եվ քանի որ առաջինը սահմանադրական օրենք էր, այնտեղ կատարվող փոփոխությունների կամ լրացումների նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ է 3/5-րդի կամ 80 պատգամավորի կողմ քվեարկությունը։ «Իմ քայլը», բնականաբար, քվեարկել էր կողմ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի մասը՝ կողմ, մյուս մասը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ՝ ձեռնպահ։ «Լուսավոր Հայաստանը» դեմ էր։

Աննա Կարապետյանն առաջարկում էր ԱԺ նախագահին ԱԽ-ում ներգրավվել ոչ թե անդամի կարգավիճակով, այլ նաև նրան նիստերին մասնակցելու և օրակարգի վերաբերյալ առաջարկություններ անելու իրավունք վերապահել: Այն ժամանակ նախագիծը չընդունվեց, իսկ հիմա  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցում է նիստերին՝ ելնելով թերեւս նույն օրենքի չորրորդ հոդվածից, որտեղ ասվում է, որ Անվտանգության խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաև վարչապետի հրավիրած այլ անձինք: Ստացվում է՝ Արարատ Միրզոյանը որպես ԱԺ նախագահ չէր ընկալվում իշխանության կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս