«2018 թվականին՝ սեպտեմբերի 11-ին, երբ հրապարակվեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը, պաշտոնյաները հրատապ ասուլիս հրավիրեցին: Ի թիվս այլ հարցերի՝ Սասուն Խաչատրյանը նաև մի շարք բացահայտումներ արեց «Մարտի 1 »-ի թեմայով:
ՀՔԾ պետը հայտարարել էր. «Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Այդ մասին ունենք ապացույցներ՝ հստակ: Այսինքն՝ ինչի՞ մասին է սա խոսում: Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ Քոչարյանն արդեն իսկ մտցրել էր արտակարգ դրություն, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի: Սա նախաքննությամբ արդեն հիմնավորվել է: Այս նորությունը բավարար էր, որ մեր դեմ իսկական որս սկսվեր»: Անցել է մեկ տարի, ինչո՞ւ է լռում ՀՔԾ-ն: Այս հարցերի պատասխանը ստանալու համար գրավոր հարցում էինք ուղարկել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին:
– Պարոն Խաչատրյան, Ձեր այս հայտարարությունից անցել է մեկ տարի: Եթե դեռևս մեկ տարի առաջ կային հստակ ապացույցներ, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, ապա մինչ այսօր ի՞նչ եք արել այդ հստակ ապացույցների հետ: Կա՞ն այս գործով մեղադրյալներ, կասկածյալներ, ո՞ւմ եք հարցաքննել, ինչո՞ւ մեկ տարի անց չեք հրապարակում հստակ ապացույցները ու քրեական գործով արված կոնկրետ քայլերը:
– Ըստ Ձեր հայտարարության՝ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչար- յանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվեն: Սա նախաքննությամբ արդեն հիմնավորվել է: Այս ապացույցների մասով ի՞նչ եք արել: Եթե նախաքննությամբ հիմնավորվել է, ապա ինչո՞ւ Ռոբերտ Քոչար- յանին մեղադրանք չեք առաջադրում, ի վերջո, հայտարարությունից անցել է 1 տարի:
Ի պատասխան մեր հարցերի՝ ՀՔԾ լրատվականից հայտնել են. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունները հիմնված են բացառապես քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների վրա, և 2008թ.-ի մարտի 1- ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործից անջատված մասի այլ նյութերի հետ նշված ապացույցներն ուղարկվել են դատարան»:
Նկատեցիք՝ այդպես էլ ՀՔԾ-ն չպատասխանեց մեր հարցին, թե կոնկրետ ով է սպանել Տիգրան Աբգարյանին, ում է նրա սպանության գործով մեղադրանք առաջադրվել: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Տիգրան Աբգարյանի մայրիկի՝ տիկին Ռուզաննայի հետ՝ հասկանալու համար, թե ինչ տեղեկություն կա, երբ է Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում հասցվել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվեն: Ի պատասխան՝ տիկին Ռուզաննան ասաց. «Ես նման բան չեմ լսել: Կներեք, երեկ դատարանում եմ եղել, ճնշումս բարձր է, այդ հարցով մի՛ անհանգստացրեք»: