44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, դեռևս հուլիսի 30-ին Facebook-ի էջում գրել էր, որ պետական մի պաշտոնյա՝ զոհված որդու շիրիմին էր թողել հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալն՝ այդպիսիով շնարհակալություն հայտնելով ընկած բոլոր հերոս տղաներին։ Բարձրաստիճան պաշտոնյան, որ Ալբերտի գերեզմանին թողած նամակում իր անվան միայն առաջին երկու տառն էր գրել՝ Ա․Ս․, մասնավորապես գրել էր․ «Զինվոր, շնորհակալ եմ անկոտրում կամքիդ, հայրենիքին անմնացորդ նվիրման համար: Դու չխնայեցիր ոչինչ, չխնայեցիր ինքդ քեզ։ Դու դարձար հայի ոգու խորհրդանիշ: Խոնարհվում եմ քո և իմ բոլոր եղբայրների առջև: Եկել եմ թողնելու քեզ ու իմ բոլոր անմահացած եղբայրներին այն ինչ ունեմ, այն ինչը համարում եմ ձեզ շատ անգամ ավելի արժանի, այն ինչ ստացել եմ ծառայողական պարտականություններս կատարելու համար, սակայն համարում եմ, որ որպես պետական պաշտոնյա ինչ էլ անեի՝ քիչ էր, ու սա բացառապես իմ պարտքն էր և անքննարկելի պարտականությունը քո, ժողովրդի ու պետության առջև»։
Միջադեպից հետո անցել է մի քանի ամիս, ու դեռևս պարզ չէ, թե ով է այդ պաշտոնյան։