Վաղը մեկնարկող ԱԺ հերթական նիստերի օրակարգում երեք հարց է ընդգրկված, որից երկրորդը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունն է:
Թեկնածուները երեքն են՝ Հովսեփ Բեդեւյան, Հրաչ Այվազյան եւ Լիանա Հակոբյան, որոնք նախորդ օրերին արդեն հասցրել են հանդիպել ինչպես իշխող ՔՊ խմբակցությանը, այնպես էլ ընդդիմադիր խմբակցություններին, սակայն նրանցից ոչ մեկը դեռ որոշում չի կայացրել, թե արդյունքում ում է ընտրելու: Թերեւս որոշիչ նշանակություն կունենան նաեւ թեկնածուների ելույթները խորհրդարանում:
Նկատենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այս երեք թեկնածուների հարցը խորհրդարան էր ներկայացվել մայիսի 25-ին, այսինքն՝ դեռ նախորդ խորհրդարանի օրոք, սակայն քարոզարշավն ու արտահերթ ընտրությունները խանգարող հանգամանք եղան այն հենց այդ ժամանակ քննարկելու համար:
Եվ չնայած նշվում է, թե ՔՊ-ի կողմից դեռ վերջնական որոշում առկա չէ, սակայն իշխանական կուլիսներում այն տեսակետն է շրջանառվում, որ նախընտրելի թեկնածուն Հովսեբ Բեդեւյանն է, որը նախորդ տարի մասնակցել էր նաեւ դատական համակարգի ներկայացուցիչների եւ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը 2018 թվականի հուլիսի 4-ին հրամանագիր էր ստորագրել, որով Հովսեփ Բեդևյանը նշանակվել էր վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով: Նրա պաշտոնավարման ժամկետը արդեն լրացել է։
Նախագահի 2021 թվականի հուլիսի 14-ի հրամանագրով՝ Հրաչ Այվազյանը նշանակվել էր վարչական դատարանի նախագահ, որի թեկնածությունը նույնպես առաջադրվել է Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում։ 3-րդ թեկնածուն Լիանա Հակոբյանն է, ով վերաքննիչ վարչական դատարանի դատավոր է նշանակվել այս տարվա հունիսի 24-ին։
Խորհրդարանն այս երեք թեկնածուներից ընտրելու է մեկին:
Ն.Հ.