Հեղուկ գազի շուկայում նորություն կա. ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս օրերին հայաստանյան գազալցակայանների մի մասում հեղուկ գազի մեկ լիտրի արժեքը տատանվում է 230-240 դրամի սահմաններում: Իսկ ահա այլ գազալցակայաններում այն վաճառվում է 280 դրամով: ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ 230-240 դրամանոց հեղուկ գազը իրանական է, իսկ 280 դրամանոցը՝ ռուսական:
Գազալցակայաններից ArmLur.am-ին փոխանցում են, որ ռուսական հեղուկ գազ ներկրողներն այն ձեռք են բերում ավելի բարձր գնով, քան իրանականը: Սա է պատճառը, որ իրանական ծագում ունեցող հեղուկ գազի մեկ լիտրը որոշ գազալցակայաններում վաճառվում է 235-240 դրամով: Թե որքան ժամանակ կպահպանվեն այս գները, դժվար է ասել: Բայց ռուսական ծագում ունեցող հեղուկ գազ ներկրողները նշում են, որ Ռուսաստանում դրա գինը այս պահին էլ շարունակում է բարձր մնալ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայկական շուկայում հեղուկ գազի դեֆիցիտ էր ստեղծվել այն պատճառով, որ Իրաքից այն դժվարությամբ էր ներկրվում. այնտեղ ներկրողները ստիպված էին լինում օրերով սպասել, որն էլ լրացուցիչ ֆինանսական ծախսեր էր առաջացրել նրանց համար: Գրեթե նույն պատկերն է նաեւ Ռուսաստանի դեպքում:
Բացի այս, Հայաստան տեւական ժամանակ է, ինչ Իրանի Իսլամական Հանրապետւթյունից հեղուկ գազ չէր ներկրվում: Սա է պատճառը, որ այս շուկայում ոչ միայն պակասուրդ էր գրանցվել, այլեւ գնաճ: Սակայն հեղուկ գազ ներկրող տնտեսվարողները վստահեցնում էին, որ առաջիկա օրերի ընթացքում շուկայում եւ գինը կկարգավորվի, եւ պակասուրդը կվերանա: Դե, ինչպես տեսնում եք գինը գրեթե կարգավորվեց, պակասուրդի հարցն էլ է լուծվում, բայց հիմա էլ ռուսական եւ իրանական գազ ներկրողներն իրենց հերթին վարորդներին շփոթության մեջ են գցում՝ վստահեցնելով, որ իրենց ներկրած գազը որակյալ է:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.