Դատավոր Կարեն Մաթեւոսյանը 3 անշարժ գույք, 23 մլն 500 հազար դրամանոց կահույք է նվեր ստացել. ինչ ունեցվածք ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ուսումնասիրել ՀՀ դատավորների գույքի եւ ունեցվածքի եւ դրամական միջոցները: Այս անգամ մենք ուսումնասիրել ենք ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Մաթեւոսյանի ներկայացրած հայտարարագիրը 2020 թվականի վերաբերյալ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Մաթեւոսյանը 7 հատ հողամաս ունի ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատուն եւ Ամբերդ համայնքներում: Ունի նաեւ անհատական բնակելի մեկ տուն, ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված ինքնակամ կառույցներ, հասարակական նշանակության շինություն, որը գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձորում:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ թվով 3 անշարժ գույք դատավորը նվեր է ստացել:

Անշարժ գույքից անցում կատարենք շարժականին. դատավորը 2019 թվականին գնել է 2016 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա: 2020 թվականի վերջին դատավորը «Էյչ Բի Էմ գրուպ» ընկերությունից ստացել է 34.2 մլն դրամի չափով փոխառություն: Բացի այս, դատավոր Մաթեւոսյանը 23 մլն 500 հազար դրամանոց կահույք է նվեր ստացել:

Բանկային հաշիվներին դատավորն ունեցել է 3 մլն 866 հազար դրամ, իսկ կանխիկ դրամը տարեսկզբին կազմել է 26 մլն 900 հազար դրամ, ապա տարվերջին այն դարձել է 45 մլն 500 հազար դրամ: Հուսանք՝ մի առիթով դատավորը հանրության հետ կկիսվի հարստանալու եւ դրամական միջոցները կրկնապատկելու իր գաղտնիքներով:

Անդրադառնանք 2020 թվականին ստացած եկամուտներին. այսպես ArmLur.am-ը դատավորի ներկայացրած հայտարարագրից տեղեկացավ, որ ամսական աշխատավարձը գերազանցել է 1 մլն դրամը: Բացի այս, նա ՀՀ-ում Ղազախստանի դեսպանությունից ստացել է 30 մլն 864 հազար դրամ:

Ըստ երեւույթին՝ Ղազախստանի դեսպանատունը վարձակալում է դատավորին պատկանող տարածքը: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանից Մաթեւոսյանը ստացել է 72 հազար դրամ, ֆինանսների նախարարությունից՝ մոտ 1 մլն դրամ, ՀՀ բանկերից մեկից՝ 30 մլն 780 հազար դրամի չափով փոխառություն: Իսկ դատավորի կինը՝ Իրինա Հովհաննիսյանն ունի չունի ընդամենը 400 հազար դրամ գումար:

Ս.Հ.




Լրահոս