«Ես սա ձախողում չեմ համարում»,-երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` խոսելով պատվաստումների գործընթացը տապալելու մասին: Սա այն դեպքում, երբ Հայաստանը պատվաստումների ցուցանիշով ամենացածրն է տարածաշրջանում (6 տոկոս). Թուրքիայում պատվաստումները 57.1տոկոս են կազմում, Ադրբեջանում` 40.9, Վրաստանում` 20.4, Իրանում` 21.9, Ռուսաստանում` 30.1: Այս խայտառակ ցուցանիշներն ապահովող նախարարը վստահ հայտարարում է, թե չի համարում ձախողված պատվաստումների գործընթացը:
Բայց շատ կարեւոր է իմանալ նաեւ, թե ՀՀ-ում պատվաստված 6 տոկոս քաղաքացիներից քանիսն են ՀՀ քաղաքացիներ, քանիսը` օտարերկրացիներ, եւ ամենակարեւորը` քանիսն են նրանցից բուժաշխատողներ: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին նախարարությունից պատասխանեցին, թե միայն ամեն ամսվա վերջում կարող են տալ թվեր, թե քանի օտարերկրացի է պատվաստվել: Այս ամենը այն դեպքում, երբ ՀՀ վարչապետը ՀՀ կառավարության հուլիսի 22-ի նիստում հանձնարարել էր Առողջապահության նախարարությանը ամեն օր հրապարակել, թե պատվաստված քաղաքացիներից քանիսն են ՀՀ, քանիսն են օտարերկրյա քաղաքացիներ: Այսինքն` վարչապետի հանձնարարականը հետեւողականորեն չի կատարում Անահիտ Ավանեսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց նաեւ, թե օտարերկրացիների համար օգտագործված պատվաստանյութերը ՀՀ պետբյուջեի վրա մինչ օրս ինչ են արժեցել, սակայն այս հարցին էլ չպատասխանեցին:
Որպես ամփոփում` պետք է ասել, որ ՀՀ առողջապահության նախարարությունը՝ Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ, ՀՀ պետբյուջեից՝ հարկատուների հաշվին գնել է պատվաստանյութ եւ մոտ վեց ամիս զբաղված է, իսկ պատվաստման գործընթացը նմանվում է պատվաստանյութերի մսխման, քան թիրախային խմբերի առողջության պահպանման գործընթացի: Նախարարությունը ցուցանիշ է ապահովում, այլ ոչ թե զբաղվում մարդկանց առողջության, վարակից հեռու պահելու կարեւորագույն աշխատանքով: Դա է պատճառը, որ ՀՀ գործող իշխանությունը տարածաշրջանում ունի ամենացածր վարկանիշը իր քաղաքացիների շրջանում. Ընդամենը 6 տոկոսն է վստահել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը եւ պատվաստվել, ու դեռ չգիտենք, թե այդ վեցից քանիսն են օտարերկրացի:
Իշխանությունը երկարատեւ փնտրտուքից հետո վերջապես գտել է թեկնածուին, որը Գյումրիում առաջիկայում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը: Որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու, որոնց իշխանությունը ցանկանում էր «վերբովկա» անել, տարբեր մարդկանց անուններ էին շրջանառվում՝ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանից մինչեւ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյան: ՔՊ-ականների ընտրությունը, սակայն, Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանի վրա է կանգ առել: Ինչո՞ւ հենց Հարությունյանը. հարցի պատասխանը «Ժողովուրդը» օրաթերթը փորձեց հենց մարզպետից ստանալ: Նա, նախ, խնդրեց փոքր-ինչ ուշ զանգահարել, ապա մինչեւ երեկո անպատասխան թողեց մեր զանգերը: Մեր տեղեկություններով՝ Հարությունյանի թեկնածությունն առաջադրելը պայմանավորված է սոսկ նրանով, որ իշխանությունը հավանական մյուս բոլոր թեկնածուների հետ ընդհանուր հայտարարի չի եկել: Գործող մարզպետն էլ պնդել է՝ կհամաձայնի առաջադրվել միայն այն պայմանով, որ եթե հանկարծ ընտրություններում ՔՊ-ն չհաղթի, ինքը պահպանի մարզպետի իր պորտֆելը: Միայն Գյումրիում չէ, որ այս աշնանը լինելու են ՏԻՄ ընտրություններ: Կառավարության որոշմամբ՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում նոյեմբերի 14-ին տեղի են ունենալու հերթական ընտրությունները:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ իշխանական խմբակցությունը սպասում է, թե երբ կբարեհաճեն իրենց հետ հանդիպել ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների երեք թեկնածուները: Բանն այն է, որ հայրենի իշխանությունը դեռեւս ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարման ժամանակահատվածում դատավորների թեկնածուներ է առաջադրել, սակայն ԱԺ արտահերթ ընտրությունների պատճառով ընտրությունները չեն կայացել: Իսկ արդեն սեպտեմբերի 13-ին կայանալիք ԱԺ հերթական նստաշրջանում իշխանությունը նպատակ ունի ընտրել դատավորներին: Վճռաբեկ դատարանի դատավորների երեք թեկնածուներն են` Հովսեփ Բեդեւյան, Հրաչ Այվազյան եւ Լիանա Հակոբյան: Մեր տեղեկություններով՝ իշխանական ֆրակցիան երեք դատավորների հետ էլ չի հանդիպել. ֆրակցիայից ասել են, որ առաջիկա օրերին հանդիպում կկազմակերպեն ու, ի վերջո, նրանց գոնե դեմքերով կճանաչեն: Իշխանության պատգամավորներին դեռեւս չեն էլ ասել, թե երեքից ում պետք է դատավոր ընտրեն: Ասվել է, որ կհանդիպեն, կենսագրականներին կծանոթանան, հետո կորոշեն: Կախված է նաեւ այն հանգամանքից, թե ԱԺ ամբիոնի մոտ որ դատավորը իրեն ինչպես կդրսեւորի: Կառավարության մեր աղբյուրներն էլ փոխանցում են, որ իշխանական վերնախավը հակված է ընտրելու Հովսեփ Բեդեւյանին, որը նաեւ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի «սրտով» թեկնածու է:
2017 թվականին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, պատասխանելով հարցադրմանը, թե մենք ինչ իրականության մեջ ենք ապրում, ասել էր. «Տարիներ առաջ ես ասում էի՝ ունենք Սահմանադրություն, չունենք սահմանադրականություն, ունենք պառլամենտ, չունենք պառլամենտարիզմ, ունենք դատարաններ, չունենք արդարադատություն, սա իրականություն է, եւ այս իրականությունը շարունակվում է»: Իսկ, ահա, արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը Պետրոս Ղազարյանին սեպտեմբերի 2-ին տված հարցազրույցում հնչեցրեց հետեւյալ արտահայտությունը. «Իմ ձեռքը լիներ՝ ընդամենը կես ժամում վեթինգն արել-վերջացրել էի, բայց, ցավոք սրտի, էս երկրում կա օրենք»: Սա ցույց է տալիս, թե արդարադատություն իրականացնող մարմինների ղեկավարները ինչ տեսակետ ունեն: Մեկն ասում է՝ արդարադատություն չկա, մյուսն ասում է՝ ցավոք սրտի, այս երկրում օրենք կա: Գագիկ Հարությունյանի՝ տարիներ առաջ արված հայտարարությունը սայթաքում էր համարվում եւ լայն քննադատության առիթ տվեց: Հիմա էլ նման բացթողում է անում արդեն արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ ըստ էության ակնարկելով՝ կուզենար օրենք չլիներ, որ ինչ ցանկանար, այն էլ աներ: